«Արցախում սահմանագծին դեմ դիմաց շարունակում են կանգնել Արցախի ՊԲ-ն և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինի նախաձեռնած «ՀՀ և Արցախի անվտանգային միջավայրը հետպատերազմյան ժամանակահատվածում» թեմայով քննարկման ժամանակ «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշեց, թե այսօր առկա խնդիրները մի կողմից՝ պատճառահետևանքային կապով  կապված են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծավալված մարտական գործողությունների հետ, իսկ որոշակի առումով էլ՝ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների արդյունքն են:

«Ցավալիորեն պետք է արձանագրել, որ հետպատերազմյան այս 6-7 ամիսների ընթացքում էլ անհրաժեշտ այն աշխատանքները, որոնք պետք է ուղղված լինեին առաջնահերթությունների սահմանմանը և ըստ էության այդ ուղղությամբ աշխատանքների ծավալմանը, մեծ առումով չեն իրականացվել: Եվ դրա հետևանքն է  նաև այս վերջին 10-օրյակում Հայաստանի սահմանային հատվածում ստեղծված նոր ճգնաժամը, ինչը նաև արդյունք է դարձել, որպեսզի Ադրբեջանը նաև դիվանագիտական հարթությունում հնարավորություն ստանա նոր զիջումներ, նոր կորուստներ պարտադրելու Հայաստանին»,- ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանում ծավալվող իրադարձությունները կարծես  երկրորդ պլան են մղել Արցախում ստեղծված իրավիճակը, և այս պարագայում մեծ թվով խնդիրներ չեն  լուծվում, որոնք պետք է  կարգավորվեին նաև Հայաստանի աջակցությամբ:

«Այսօր մենք սահմանային առումով, այսինքն՝ մարտական հերթապահության կրման առումով, բավականին մեծ խնդիրներ ունենք Արցախի ու նաև Հայաստանի հատվածում: Հատկապես այստեղ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Հայաստանից  Արցախին, զորակոչի դադարեցման պայմաններում, փաստացիորեն որևէ լուրջ այլընտրանք չի առաջադրվել, բացի նրանից, ինչ այսօր իրականացվում է Արցախում՝ ներքին ռեսուրսների հաշվին պայմանագրային հիմունքներով կազմի ընդլայնման առումով: Բայց, իհարկե, ակնհայտ է, որ դա բավարար չէ, և նաև բոլորիս համար հասկանալի է, որ միայն Արցախի ռեսուրսներով, ներքին հնարավորություններով և առանց Հայաստանի գործուն աջակցության և ներկայության՝ անհնար է հասնել անվտանգային այն երաշխիքներին, որը մեզ հնարավորություն է տալիս ապահովել անվտանգությունն Արցախում ապրող մեր հայրենակիցների համար:

Իհարկե, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն իր խնդիրներն այս պահին իրականացնում է, սակայն  ո՛չ ռուսական խաղաղապահ զորախմբի առկայությունը, ո՛չ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կամ վերջին շրջանում նրա հնարավորությունների ընդլայնումը մեզ որևէ ձևով չեն կարող հետ պահել Հայաստանում և Արցախում մարտունակ զինված ուժերի առկայությունից, և ցանկացած խնդիր՝ 1 տարվա, 2 տարվա, 5 կամ 20 տարվա կտրվածքով, այսինքն՝ տարբեր ժամանակային կտրվածքով, մեր բոլոր պլանավորումներում պետք է իր առանցքային նշանակությունն ունենան ՀՀ զինված ուժերը և զինված ուժերի այն մակարդակը, որն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը…

Այսօր մեկ կարևոր բան պետք է արձանագրենք՝ սահմանագծին Արցախում դեմ դիմաց շարունակում են կանգնել Արցախի Պաշտպանության բանակը և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, որովհետև ռուսական կողմն առանցքային խաչմերուկներում, բարձունքներում իրականացնում է ծառայություն, բայց շփման գծում շարունակում են ծառայություն կրել, որոշակի դեպքում նույնիսկ մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինծառայողները: Եվ այս պարագայում տարաբնույթ սադրանքների հավանականությունը, կամ հետագայում, հնարավոր լարված իրավիճակներում, հասկանալի է, որ խնդիրներ ավելի շատ կարող են լինել, քան հնարավոր բոլոր այլ դեպքերում»,- ընդգծեց Աբրահամյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս