«Նման հայտարարությունը պատմություն չիմանալու արդյունք է. այդ հոգեբանությամբ Փաշինյանը, հավանաբար, պատրաստ է Ադրբեջանի ցանկացած թելադրանք իրագործել». Պատմաբան

Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե այսօր Հայաստանում կան Խորհրդային Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են հայկական զինուժի հսկողության տակ, և՝ հակառակը։

«Սիրելի հայրենակիցներ, արցախյան առաջին պատերազմի հետևանքով ավելի քան 70 քառակուսի կիլոմետր Սովետական Հայաստանի տարածքներից գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այսօր մենք սահմանամերձ գյուղեր ունենք, որ 30 տարի այդ սահմանամերձ գյուղերը չունեն վարելահող: Այդ գյուղերի բնակիչները ապրում են և հող չունեն, որ մշակեն, որովհետև իրենց հողերը, որոնք իրենց սեփականությունն են, գտնվում են Ադրբեջանի հսկողության ներքո: Այո, մենք էլ ունենք Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են մեր ԶՈւ վերահսկողության ներքո: Ես ձեզ ավելին ասեմ՝ դեռևս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում: Եվ նախորդ անգամ պաշտպանության նախարարն էլ ասաց՝ հակառակ իրավիճակն էլ ունենք: Եվ մենք հիմա պետք է ի վերջո խոսենք, հասկանանք՝ ինչ ենք անում: Կան ամենատարբեր տարբերակներ, օրինակ՝ եղած իրավիճակը արձանագրում ենք՝ որպես պետական սահման, չգիտեմ: Իսկ ինչի՞ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց: Ինչի՞ ենք անընդհատ օտար պրոպագանդայի թեզերով խոսում մեր ներքին կյանքում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը և առհասարակ իշխանությունների գործողություններին, ասաց, որ պարտվողի հոգեբանությունն արդեն գործում է ամենուրեք, և երկրի ղեկավարն է հանդես գալիս զիջողական դիրքորոշմամբ։

«Իհարկե, Արցախի պարտությունն իր ազդեցությունն ունեցել է այս ամենի վրա, սակայն նման հայտարարությամբ բարձրագույն ամբիոնից հանդես գալը անընդունելի է։ Այսօր երկրի անվտանգությունն է վտանգված՝ Սյունիքի, Նոյեմբերյանի, Գեղարքունիքի հատվածները։ Ադրբեջանը նկրտումներ ունի՝ ինչպես Արցախի ու Սյունիքի, այնպես էլ՝ Հայաստանի մյուս հատվածների նկատմամբ, նա Սյունիքում ցանկանում է Իշխանասարի մոտով, Սև լճի հատվածով միանալ Նախիջևանին՝ իրագործելով պանթուրքիստական ծրագրի մի մասը»,- նշեց պատմաբանը։

Նրա բնորոշմամբ՝ դատապարտելի է երկրի ղեկավարի նման զիջողական, պարտվողական վերաբերմունքը՝ ժողովրդին միավորելու, համախմբելու փոխարեն՝ նման զիջողական քաղաքականություն ցուցաբերելով՝ վնասում է երկրի անվտանգությանը։

«Մարդիկ այսօր որևէ երաշխիք չունեն, որովհետև գիշերը կարող է քնեն և առավոտյան արթնանան, տեսնեն՝ հայկական հողն արդեն դարձրել են ադրբեջանական։ Այսօր այնպիսի օրեր ենք ապրում, որ արդեն հայկական հողն էլ են համարում ադրբեջանական։ Խորհրդային Միության ժամանակ ընդգծված սահմանագծումներ չէր իրականացվում, սակայն այդ տարածքները համարվել են զուտ հայկական տարածքներ։ 1991-1994 թվականների ազատագրական պայքարի ժամանակ այդ տարածքները մեր կողմից թշնամուց ազատագրվեցին։ Նոյեմբերյանի Ոսկեպարից սկսած ազատագրվեց»,- հավելեց Էդիկ Մինասյանը։

Ըստ նրա, եթե այսպես շարունակվի, նույն տրամաբանությամբ վաղը կարող են Կապանը, Արթիկը համարել ադրբեջանական ու սկսեն այդ տարածքները հանձնել թշնամուն։ Եթե այդ տրամաբանությամբ է երկրի իշխանությունն առաջնորդվում, ապա ժամանակին Բաքվում 270 հազարից ավելի հայ էր բնակվում, թող գնան ու Բաքուն համարեն հայկական ու վերադարձնեն հայերին, նույնը՝ նաև Սումգայիթը։

«Մեզանում պարտվողական ու զիջողական քաղաքականությունն այն աստիճանի է հասել, որ մենք Ադրբեջանի ցանկացած թելադրանքի դեպքում պատրաստ ենք ավելի զիջումների գնալ։ Ինքս մեկ մտավախություն ունեմ, որ այսօր մեր պետության անվտանգությունն ապահովված չէ, Գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը պետք է մտահոգվեին և սահմանային շրջաններում ստեղծեին պաշտպանական բնագծեր՝ թույլ չտալով թշնամուն մտել սահմանից ներս։ Այս անպաշտպանվածությունը թշնամուն առիթ է տալիս, որ ամեն վայրկյան մեզ թելադրի իր կամքը, և այս ամենի հիմքը նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն է։ Այլ կերպ ասած՝ պարտվողական հոգեբանությունը դարձել է գործոն, և այդ հոգեբանությամբ Փաշինյանը հավանաբար պատրաստ է Ադրբեջանի ցանկացած թելադրանք իրագործել։ Նման ղեկավարության առկայությունը վնաս է մեր պետականությանն ու անվտանգությանը»,- նշեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ չգիտեն, թե երկրի ղեկավարն Ադրբեջանի հետ ինչ այլ պայմանավորվածություններ ունի։

Պատմաբանը ցավով արձանագրեց, որ երկրի ղեկավարը, իշխանության այլ ներկայացուցիչներ պարզապես մոռացել են հայկական տարածքների, ի բնե Հայաստանի պատմական տարածքների, ավելի կոնկրետ՝ 15 նահանգների մասին։

«Եթե մենք հին շրջանների պատմությունից գանք, մենք պարտավոր ենք Նիկոլ Փաշինյանին հիշեցնել, որ այդ տարածքներն ամբողջովին հայկական տարածքներ են, նույնիսկ Ադրբեջան կոչվող երկրի զգալի մասը։ Նման հայտարարությունը  պատմություն չիմանալու արդյունք է, սա ցավալի իրողություն է։ Մեր 10-րդ նահանգը՝ Արցախը, 1921 թվականից հանձնվեց Ադրբեջանին, որը մենք ազատագրեցինք։ Սա բուն հայկական տարածք է, ընդ որում՝ թող հիշեն, որ դաշտային Արցախը նույնպես հայկական է, այսինքն՝ մենք այնտեղ ունենք 18 հազար  600 քառակուսի կիլոմետր տարածք, որից մենք ազատագրել էինք 12 հազարը, այսինքն՝ 6 հազար 500 քառակուսի դաշտային Արցախից Ադրբեջանի ձեռքում է։ Սրա մասին այսօր որևէ մեկը չի խոսում, իսկ 1813 թվականին Գյուլիստանի պայմանագրով Արցախը միացավ Ռուսաստանին, սրանք փաստեր են, որոնց պետք է տիրապետեն»,- նշեց նա։

Նա նաև նկատեց՝ եղած ու սպասվող վտանգները, ցավոք, ժողովուրդը հաշվի չի առնում, ինչն առնվազն զարմանալի է։ Հայաստանի տարածքներից են արդեն կորցնում, սակայն ժողովուրդը լռում է, անտարբեր է, չի պատկերացնում՝ էլ ի՞նչ պետք է լինի, որպեսզի ժողովուրդը սթափվի, հայտնի իր դժգոհությունը։

«Զարմանում եմ, նման զիջողական, պարտվողական հոգեբանությամբ ինչպե՞ս կարելի է առաջ գնալ, սա ցավալի երևույթ է, որն այսօր ինձ հանգիստ չի տալիս։ Ես վստահ եմ, որ այս զիջողական քաղաքականության արդյունքում պանթուրքիստական ծրագիրն իրականացվելու է»,- եզրափակեց Էդիկ Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս