«ՀԱՊԿ-ին դիմելը չի տալու որևէ արդյունք. իրեն իշխանություն համարող խմբակը ձախողել է հարաբերությունները կազմակերպության անդամ հանդիսացող բոլոր պետությունների հետ…»
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «1. ՀԱՊԿ-ին դիմելը չի տալու որևէ արդյունք, քանի որ իրեն իշխանություն համարող խմբակը նախ՝ ձախողել է հարաբերությունները կազմակերպության անդամ հանդիսացող բոլոր պետությունների հետ, մյուս կողմից՝ 2018-ին նպատակայնորեն փորձել է լուրջ վնաս հասցնել կազմակերպության վարկանիշին՝ ՀՀ սահմանադարական կարգը տապալելու մեղադրանք ներայացնելով գլխավոր քարտուղար Յու. Խաչատուրովին:
2. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայալեզու գրառումը չի տալու որևէ արդյունք, քանի որ չկա հայ-ֆրանսաիական օրակարգ, իսկ տվյյալ հայտարարությունն առավելապես ուղղված է ներքին լսարանին: Ֆրանսիայում հասունանում են հակաիսլամական տրամադրությունները, որոնք արտացոլում ենք գտնում նաև պաշտոնական հռետորաբանության մեջ: Մակրոնը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իսլամական անջատվողականության, իսլամիզմի ագրեսիվ տարածման դեմ պայքարելու մասին, ինչը ողջունվել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից:
Հակաիսլամական ու, մասնավորապես, հակաթուրքական ռազմավարության հիմքում Մակրոնը փորձում է դնել քաղաքակրթական բաղադրիչը, ինչով և պայմանավորված է Հայաստանին ուղղված աջակցության խոսքերը (ինչի համար երախտապարտ ենք): Ավաղ, Հայաստանի փնթի իշխանությունները ի վիճակի չեն ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական կոնյունկտուրան՝ դրանում դիրքավորվելու ու դիվիդենտ շահելու համար:
3. Հատկանշական է նաև, որ լուռ է պաշտոնական Թեհրանը՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի հարավում տեղի ունեցող զարգացումները մեծ հաշվով ուղղված են հենց Իրանի դեմ: Այլևս չդիտարկելով Հայաստանը որպես սուբյեկտ՝ Թեհրանը, հավանաբար, տրամադրված է իր հյուսիսային սահմաններին տեղի ունեցող գործընթացները կարգավորել անմիջապես Բաքվի ու Անկարայի հետ, ինչի ուղղությամբ հատուկ ծառայությունների մակարդակով աշխատանքները վստահաբար սկսվել են: Սա 2018-ից ի վեր հայ-իրանական հարաբերությունների նպատակային սնանկացման արգասիքն է:
Հ.Գ. Հունիսի 20-ին ընթանալու է պայքար ոչ թե իշխանության, նույնիսկ ոչ թե պետության վերականգնման, այլ նոր պետության կերտման համար»: