Տարածաշրջանի առանձին պետություններ վախ ունեն Իրանի հնարավոր ակտիվությունից. արաբագետ

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը կտրուկ լարվել է: Իսրայելում շարունակվում են հրթիռակոծություններն ու ավիահարվածները։ Իսլամիստական խմբավորումները երկուշաբթի գիշերը իսրայելական քաղաքների ուղղությամբ հարյուրավոր հրթիռներ են արձակել Գազայի հատվածից։ Իսրայելցի զինվորականները պատասխանում են հրթիռներով և ավիահարվածներով։ Զոհերի թիվն աճում է։ Անհանգիստ է իրավիճակը նաև հարևան Իրանի շուրջ: Արևմուտքի հետ Թեհրանի հարաբերությունների և միջուկային ծրագրի հեռանկարները որքան մշուշուտ, այնքան էլ անհանգստացնող են:

Մեծ Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի, դեռևս կես տարի առաջ պատերազմ տեսած Հարավային Կովկասի վրա դրա անուղղակի և ուղղակի ազդեցությունների ու վտանգների մասին «Հոդված 3» մամուլի ակումբում  անդրադարձավ արաբագետ Արաքս Փաշայանը՝ ընդգծելով, որ սա Իսրայել-Համաս հեթական լարվածությունն է, ռազմական գործողությունները տեղի են ունենում Գազայի հատվածում, և Իսրայելը նպատակ ունի ոչնչացնել ռազմական թիրախներ, որոնք գտնվում են Համասի վերահսկողության ներքո:

«Պատճառները և՛ ներքին են և՛ արտաքին: Շատ գործընթացներ պայմանավորված են նաև ԱՄՆ-ի մերձավորարևելյան արտաքին քաղաքական կուրսի փոփոխությամբ, որը կապված է  նոր վարչակարգի հետ: Բայդենի՝ իշխանության գալուց հետո կարելի է  ասել՝ շոշափելի փոփոխություններ տեղի ունեցան: Թրամփի պրոիսրայելական աննախադեպ քաղաքականությունն ակնհայտ է, որ Բայդենի կողմից որոշակի խմբագրումների է ենթարկվում: Նշեմ, որ Թրամփի օրոք գործարկվեց դարի գործարքը, որը հաջողություն չունեցավ այն առումով, որ շոշափելի արդյունք չտվեց այն դեպքում, երբ հսկայական ռեսուրսներ էին ծախսել: Հիշեցնեմ՝ Արևելյան Երուսաղեմի հետ կապված Թրամփի՝ միջազգային հանրության կողմից ոչ միանշանակ ընդունված որոշումները. մայրաքաղաքը տեղափոխել Արևելյան Երուսաղեմ, ԱՄՆ դեսպանատունը ևս, ու դրան եթե գումարենք նաև Վիեննայում Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը, ապա պարզ է դառնում, որ ի հայտ են եկել նաև անվտանգային բնույթի խնդիրներ, որոնք առնչվում են Իրանին: Տարածաշրջանի առանձին պետություններ վախ ունեն Իրանի հնարավոր ակտիվությունից ու դա համարում են ազգային, անվտանգային սպառնալիք»,- մանրամասնեց Արաքս Փաշայանը:

Վերադառնալով Իսրայելում տեղի ունեցող գործընթացներին՝ արաբագետը փոխանցեց, որ վերջերս այնտեղ տեղի են ունեցել 4-րդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում Նեթանյահուին չի հաջողվում ձևավորել կառավարություն, և չի բացառվում, որ իրավիճակը Համասի հետ տանում է սրացման՝ փորձելու նորից ձևավորել կառավարություն:

«Չի բացառվում, որ սրացումն ունի զուտ ներքին պատճառներ: Մյուս կողմից՝ Համասը փորձում է  միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել պաղեստինյան խնդիրների վրա: Կա մեկ այլ, կարևոր՝ Թուրքիայի գործոնը: ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո Էրդողանի քաղաքականությունը Պաղեստինի նկատմամբ տարբերվում է նախորդ շրջանում Թուրքիայի վարած քաղաքականությունից՝ աչքի ընկնելով՝ որպես պրոպաղեստինյան: Թուրքիան վերջին շրջանում Իսրայելի դեմ ամենակոշտ բնութագրումներով հանդես եկող պետությունն է, ահաբեկչական է որակում Իսրայելի գործողությունները: Թուրքիայի քաղաքականությունը կարելի է համարել պոպուլիստական, պաղեստինյան հարցը շահարկում է՝ իսլամական աշխարհում իր հեղինակությունը բարձրացնելու, իր շուրջը որոշակի առանցք ստեղծելու, պրոիսլամական քաղաքականությունը տարածաշրջանում առաջ տանելու համար: Թուրքիան փորձում է նաև իր խրթին հարաբերությունները կարգավորել որոշ արաբական պետությունների հետ, որոնից են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, սակայն դեռևս շոշափելի հաջողություններ չունի»,- նշեց Արաքս Փաշայանը:

Տեսանյութեր

Լրահոս