Խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն. Վրաստանի վարչապետը՝ ԼՂ հարցի մասին
Վրաստանը վստահ է, որ Ղարաբաղի հարցում խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն, և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը: Այս մասին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում:
Նա շեշտեց, որ Հայաստանին և Վրաստանին կապում են պատմական ու բարեկամական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ ապագա համագործակցությունը ևս այս ոգով կշարունակվի: «Վրաստանը և Հայաստանն աչքի են ընկնում իրենց պատմությամբ, ինքնօրինակ մշակույթով և հետաքրքիր ավանդույթներով: Այս արժեքների վրա պետք է կառուցվի մեր երկրների ապագան, որն ամրապնդվելու է հզոր պետական ինստիտուտների, ժողովրդավարության, թափանցիկ կառավարման, տնտեսական առաջընթացի և նորարարության միջոցով»,-ասաց Վրաստանի վարչապետը:
Ղարիբաշվիլին նկատեց, որ այս ամենը ձեռք է բերվում միայն խաղաղության ու տարածաշրջանային կայունության պայմաններում: «Մի կողմից կորոնավիրուսի համավարակը, մյուս կողմից Ղարաբաղում պատերազմը, իհարկե նշանակալի դժվարությունների առջև են կանգնեցնել ողջ տարածաշրջանը: Կարծում եմ, որ խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն»,-ասաց նա:
Ղարիբաշվիլին վստահեցրեց, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից, և այդ կուրսը կշարունակվի հետագայում: «Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն և զարգացնել տնտեսությունը, առևտուրը, այլ հումանիտար հարցեր: Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով է վրաց ժողովուրդն ընտրել եվրոպական և եվրատլանտյան ուղին»,-ասաց Վրաստանի վարչապետը:
Նա տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են համագործակցության բոլոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են, որ պետք է ունենան ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնեն առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկեն, համագործակցեն այնպիսի ուղղություններում, ինչպիսին են տրանսպորտը, էկոնոմիկան, նորարարությունները, մշակույթը: «Եվ չնայած, արդեն առկա ինտենսիվ հարաբերություններին, դեռ ունենք զարգացման հնարավորություն»,-նշեց նա: