Բաժիններ՝

«Ես իմ հետ նմանատիպ զանգված չե՛մ տարել, դա իմ մոտ չի՛ եղել, առայժմ չգիտեմ՝ դա ինչ է». էշով Երևան եկած իջևանցին՝ իր գրպանից թմրանյութ հայտնաբերելու լուրերի մասին

Իջևանի Աչաջուր գյուղի բնակիչ Սևադա Ղուկասյանը երեկ իր էշով եկել էր Ազգային ժողովի մոտ և լրագրողներին էլ հայտնել էր, թե եկել էր Նիկոլ Փաշինյանին տուն տանելու:  Դրանից որոշ ժամանակ անց ոստիկանները մոտեցան քաղաքացուն և նրան, առանց էշի,  բերման ենթարկեցին: Այսօր 168.amի հետ զրույցում Ղուկասյանը պատասխանեց մեր հարցերին՝ ինչպես  ոստիկանների գործողությունների, այնպես էլ՝  այսօր մամուլով տարածված լուրերի մասին, թե իբր ոստիկանության բաժնում խուզարկությամբ իր գրպանից կասկածելի թմրանյութ են հայտնաբերել:

«Ոստիկանները որոշակի բռնի ուժ կիրառելով՝ ինձ բերման ենթարկեցին Արաբկիրի ոստիկանության բաժին: Ինձ բարձր մակարդակով ընդունեցին, ջերմ մթնոլորտում, ընդամենը բացատրություն գրեցի, թե ինչ ակցիա էր, ինչ նպատակ ուներ, ինչ էի ուզում դրանով ասել և այլն, ըստ կարգի՝ ոնց արվում է: Ինձ այնտեղ փակի տակ չեն պահել, ճնշումների չեն ենթարկել…

Թմրանյութի հետ կապված էլ, ինձ համար էլ առեղծվածային մնաց ու մինչև հիմա էլ անհասկանալի է… Ես վստահ եմ՝ քիչ թե շատ գիտակից, տրամաբանություն ունեցող մարդը կհասկանա, որ լա՛վ, ենթադրենք՝ ես այդ բանն օգտագործում եմ, բայց էդքան հիմարի նման չեմ, էլի, նման ակցիա անելուց առաջ ես ինձ մի հատ կապահովագրեի, ես գիտակցում էի, որ կարամ բերման ենթարկվեմ, մի հատ նախապես ինքնախուզարկությամբ կզբաղվեի, հետո նոր կգնայի այդ քայլին, դա ընդամենն ինձնից վայրկյաններ կխլեր…»,- ասաց Սևադա Ղուկասյանը:

Քաղաքացին վստահեցրեց նաև, որ իրեն ոչ ոք չի խուզարկել, պարզապես ոստիկանական բաժնից դուրս գալուց առաջ, ըստ կարգի՝ գրպանների պարունակությունը դատարկել է.

«Ինձ ասացին՝ գրպաններիդ պարունակությունը դատարկի, էլի ներս լցրու, ու ազատ ես: Դատարկելուց ես իմ ձեռքով գրպաններիցս հանել եմ գրպաններիս ողջ պարունակությունը, այդ թվում՝ նաև այդ թղթի կտորը, որի մեջ կար, իրենց բառերով ասած՝ կանեփանման, դեղնականաչավուն զանգված, ու այնտեղի մասնագետները եկան, շոշափեցին, հոտ քաշեցին, իրենք էլ չէին կարողանում հասկանալ, դա իսկապես կանե՞փ ա, թե՞ չէ՝ հոտը, տեսքը… Ես զարմանում եմ, թե այդ լրատվական կայքը ոնց է նման տեղեկատվություն տալիս, այն դեպքում, երբ փորձաքննություն արված չի, պարզված էլ չի, թե իմ գրպանի պարունակությունն ի՞նչ է՝ քիմիական զենքի փոշի՞ է, թե՞ կանեփանման զանգված… Մեր իշխանություններն այսօր այնքան են էժանացել, այնքան են պրիմիտիվացել, որ չեմ զարմանա՝ վաղն էլ  անօրինական զենքի առուվաճառքի մեջ ինձ մեղադրեն, ամենատարբեր չբացահայտված սպանությունների մեջ ինձ մեղադրեն, ատոմային ռումբ պահելու մեջ ինձ մեղադրեն, ամեն ինչի էլ արդեն ես հավատում եմ, հասկանում եմ, ինձ համար զարմանալի չի էդ ամեն ինչը, որովհետև 3 տարի է՝ տեսնում եմ իշխանությունների գործողությունները, մարտավարությունը, ես շատ լավ հասկացել եմ՝ ինչի եմ գնում, ու ինչեր կարա իմ գլխին գա…»:

Ճշտող հարցին՝ արդյոք մինչև ոստիկանության բաժին գնալն այդ զանգվածը ձեր գրպանում չի՞ եղել, Սևադա Ղուկասյանը պատասխանեց.

«Ես իմ հետ նմանատիպ զանգված չեմ տարել, դա իմ մոտ չի եղել, առայժմ չգիտեմ՝ դա ինչ է, վստահ եմ, որ առաջիններից մեկը, համենայն դեպս, լրատվամիջոցներից շուտ՝ ես պետք է իմանամ, թե ինչ էր թղթի մեջ եղած պարունակությունը: Էդ թուղթն իմ գրպանի պարունակության՝ իրերի, առարկաների արանքում հայտնվել է հենց այդ պրոցեսի ընթացքում, ես եմ իմ գրպանից հանել, բայց ես չեմ իմացել, թե դա ոնց է հայտնվել իմ գրպանում, մնացածը, հուսով եմ՝ ժամանակը կգա, կհասկանանք, կպարզաբանվի…»:

Հարցին՝ ճի՞շտ հասկացանք, այդ զանգվածը ձեր գրպանում հայտնվել է ձեզ բերման ենթարկելու ժամանա՞կ, տղամարդը բացասական պատասխան տվեց.

«Ես երբեք վերացական բաներով չեմ խոսում, ես չեմ կարող հաստատ ասել, որ դա բերման ենթարկելու ընթացքում է առաջացել: Ասեմ ավելին՝ ամենաքիչը ես կասկածում եմ հենց ոստիկանների վրա, ու, որ վերանայում եմ, ոստիկանների հետ իմ ֆիզիկական շփումն այդքան մոտիկից չի եղել, բացառությամբ բերման ենթարկելու այդ պրոցեսը, որ որոշակի ուժ գործադրելով՝ նստեցրին մեքենան. Կարող էր մինչև դա եղած լիներ… Ես կարող եմ վտանգը տեսնել այնտեղից, որտեղից ամենաքիչն եմ սպասում, դրա համար թույլ տվեք զերծ մնալ այս մասով որևէ մեկնաբանություն կամ կասկած հայտնելուց: Թող գործընթացը գնա, ու պարզ կլինի ամեն ինչ…»:

Քաղաքացուց նաև հետաքրքրվեցինք, թե ի՞նչ եղավ էշի հետ, քանի որ նրան բերման ենթարկելուց հետո էշը մնացել էր ԱԺ-ի տարածքում.

«Էշի հետ կապված՝ ես ոստիկանությունում իմ մտահոգությունը հայտնեցի, որ էշը սոված է, ծարավ է, տիրություն անող չկա: Ուրեմն էշին տարել էին Վերնիսաժի մոտակայքում մի այգու մոտ հարմար տեղ, որ խոտ էլ կա արածելու, կապել էին, մի քանի ոստիկան այնտեղ հերթապահ էի դրել, որ հսկեն էշին, որ ոչ մեկը չվնասի, չգողանան, և այլն:  Ու այդ ոստիկանները սպասել են մինչև լուսաբաց, մինչև ես Իջևանից մեքենա եմ կանչել, եկել ա, ու այդ ոստիկաններն էլ իրենց ձեռքերը, հագուստը կեղտոտելով՝  տեղավորել ենք մեքենայի կուզովի մեջ, փակել, մի հատ էլ մեզ ուղեկցել են մինչև քաղաքից դուրս գալը, որ էշն ապահով հասնի Իջևան: Այդպես էշին ուղարկել եմ Իջևան, այդ առումով էլ, հանուն արդարության, պետք է ասեմ՝ գոհ եմ, շնորհակալ եմ ու տպավորված եմ ոստիկանությունից»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան իջևանցի տղամարդը եկել էր Երևան և լրագրողներին հայտնել, որ Իլհամի (էշին այդպես էր անվանել) հետ եկել են՝ իրենց գժին տուն տանեն։

«Ես էլ իջևանցի տղա եմ, ամաչում եմ ասեմ՝ իջևանցի եմ, որպեսզի վաղը-մյուս օրն ասելիք ունենամ մեր ժողովրդին, էշով եկել եմ այստեղ։ Դե գիտեք, մենք հին հայկական ավանդույթ ունենք, որ դավաճաններին թարս նստեցնում են էշին ու քաղաքով պտտացնում, որպեսզի բոլորը ճանաչեն։ Հիմա այսօրվանից  նա այլևս վարչապետ էլ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել էր աչաջուրցին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս