11 նշանավոր եվրոպացիների տեսաուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով հայտարարություն է տարածել՝ կից ներկայացնելով Եվրոպայի մի շարք նշանավոր գործիչների խոսքն ուղղված հայ ժողովրդին և համայն աշխարհին:
Ստորև ներկայացնում ենք նշված հայտարարությունն ու եվրոպացի նշանավոր մադրկանց տեսաուղերձների շարքը.
Շաբաթ՝ ապրիլի 24-ին, 106-րդ անգամ կգնանք գլուխ խոնարհելու մարդկության պատմության մեծագույն ոճիր՝ Հայոց Ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակի առջև։ Հայ ժողովրդի հանդեպ տեղի ունեցած հանցագործությունը մարդկային արդարության անգերազանցելի անկումն է, քանի որ 106 տարի անց այն չի գտել իր ճանաչումն ու հատուցումը։
Որպես այս մոլորակի հնագույն բնակիչներ՝ հայ ժողովուրդը մարդկային հասարակայնության ըմբռնման ակնկալիքն է ունեցել, քանի որ առավելագույնս ներդրում է ունեցել նրա զարգացման մեջ։ Սակայն հազարամյակների ընթացքում համաշխարհային հանրությունը և աշխարհի հզորները ո՛չ միայն չեն կանգնել հայ ժողովրդի կողքին այլ նաև պարբերաբար դավաճանել են նրան։
Աննախընթաց հիասթափության տարի էր 2020-ը, երբ ցեղասպան մարդակերների ոհմակը նորից հայ ժողովրդի ոչնչացման ծրագիր իրականացրեց։ Արցախ աշխարհը դարձավ թուրք-ադրբեջանական հարձակման թատերաբեմ, և համայն աշխարհի աչքերի առջև ազատ և ինքնիշխան ապրելու արցախահայության կամքը արյան մեջ խեղդվեց։
106 տարի անց Թուրքիան և Ադրբեջանը չեն հրաժարվել հայ ժողովրդին ոչնչացնելու դիվային ծրագրից և Արցախի ազատագրական պայքարը զենքով ճնշելու հերթական փորձը դրա վառ ապացույցն է։
Ի հեճուկս համայն աշխարհի լռության և ի պատասխան ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումների մենք հայտարարում ենք, որ անհանարին է կոտրել հայ ժաղովրդի կամքը և նրա ազատ ապրելու ցանկությունը։ Հանուն Հայոց Ցեղասպնության մեկուկես միլիոն սրբադասված զոհերի, հանուն Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած մարտիկների երդվում ենք, որ կվերականգնենք մեր հայրենիքը և հետ կբերենք հայոց հինավուրց գրավյալ տարածքները։
Որքան էլ տարբեր երկրների կառավարություններ մեզ դավաճանեն բարեբախտաբար կան միլիոնավոր արդար մարդիկ, որոնք պաշտպանում են մեր սուրբ պայքարը։
Այսօր այստեղ հրապարակում ենք Եվրոպայի այս ազնվագույն մարդկանց խոսքն ուղղված հայ ժողովրդին և համայն աշխարհին։
ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբ