«Բացառվող տարբերակ է, որ ադրբեջանցին գա Ստեփանակերտ և խանութից առևտուր անի». Բորիս Ավագյան

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն, գնդապետ Բորիս Ավագյանը բացառում է այնպիսի տարբերակ, որ ինչ-որ ադրբեջանցի կարող է գնալ Ստեփանակերտ և խանութից առևտուր անել։

«Սա ինչ-որ ֆեյք սոցիալական կայքերում բաներ է տեղադրված, որոնք բացառում եմ։ Եթե դու շաբաթը 3-4 օր անցնում ես այդ ճանապարհով, հասկանում ես, որ նման բան բացառվում է։ Ես չգիտեմ, թե ով է տարածում նման կեղծ տեղեկություններ։ Ամեն ինչ կարող են տարածել, կարող են ասել, որ, օրինակ, մենք էլ Բաքվում ենք ման գալիս։ Ես պաշտոնապես ասում եմ՝ բացառվող տարբերակ է, որ ադրբեջանցին գա Ստեփանակերտ, խանութից առևտուր անի, եթե նման բան լինի, ես խոստանում եմ, որպես պաշտոնատար անձ՝ իմ զենքով գերեվարել այդպիսի ադրբեջանցու»,- խորհրդարանում գերիների խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Բորիս Ավագյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ երևէ չի հավատում, որ արցախցին ցանկացած գումարով կարող է ադրբեջանցուն որևէ բան վաճառել։ Շեշտեց, որ խոսակցությունները, թե ադրբեջանցիները հանգիստ մտնում են Ստեփանակերտ ու դուրս գալիս՝ արդեն հասնում են աբսուրդի։

Հիշեցնենք, որ քննարկումից րոպեներ անց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը լրատվամիջոցների մեկի հետ զրույցում ասել էր, որ մարտ ամսից սկսած Բորիս Ավագյանը Արցախում որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում։

Պատգամավոր Վարդան Աթաբեկյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ  չի կարծում, որ Բորիս Ավագյանին պաշտոնից ազատած լինեին, բայց նա գար ԱԺ, ու իրենք հրամանով նրա պաշտոնից ազատելը չհրապարակեին.«Թող բարի լինեն իրենց ասած խոսքերի տակ հիմնավորումը դնեն, թե երբ են ազատել աշխատանքից»,- ասել էր պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս