Բաժիններ՝

«Խոսակցությունները տեղին չեն, դա անձնական միջոցառում էր». Միքայել Մելքումյանը՝ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նախ անդրադարձավ Հայաստանում թուրքական ապրանքի հնարավոր վաճառքին: Նրա խոսքով՝ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ թուրքական ապրանքները կարող են գալ Վրաստան,  այնտեղ վերափաթեթավորվել, դրանց վրա վրացական անուն գրեն, ու դրանից հետո այդ ապրանքը մտնի Հայաստան ու ներկայացվի՝ որպես վրացական ապրանք։

«Մենք Թուրքիայի հետ 10-15 տարի ունենք 280-300 մլն դոլարի ներկրում և 2-3 մլն դոլարի արտահանում։ Ես վստահաբար չեմ կարող պնդել՝ վերահսկողություն կա՞, թե՞ չկա, քանի որ Էկոնոմիկայի փոխնախարարն էլ ասաց, որ բիզնեսի որոշ սեգմենտներ այլընտրանքային ուղիներով կարող են բերել իրենց ապրանքները, կարող են դա օգտագործել»,- նշեց Միքայել Մելքումյանը։

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին, որի շքեղության մասին վկայում են համացանցում տարածված տարբեր տեսանյութերն ու լուսանկարները, Միքայել Մելքումյանն ասաց, որ հարսանիքը դա անձնական միջոցառում է։

«Կենտրոնանալ մարդու, ընտանիքի անձնական միջոցառման վրա և դա սարքել եսիմ ինչ… ավելի լավ է՝ մեր ազգը կենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք համազգային բնույթ ունեն, այսինքն՝ համազգային բնույթ ունեցող հարցերը պետք է լուծվեն։ Սա անձնական է, և կարծում եմ՝ նախընտրական բնույթ ունի, այսինքն՝ մեկ այլ պարագայում կարող էր ոչ էլ այդքան կենտրոնանային, եթե չլիներ նախընտրական փուլ, որը մոտենում է, գուցե այսպիսի արձագանք չլիներ, այլ սովորական ընկալվեր։ Միանշանակ այս խոսակցությունները տեղին չէ, դա անձնական միջոցառում է»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։

Հարցին՝ Հայաստանի նման աղքատ երկրում լուրջ հակասություն չկա՞ այդ շքեղության հետ, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ այն, ինչ Գագիկ Ծառուկյանն արել է բանակի և բանակի ենթակառուցվածքների համար, այնքան շատ է, որ չի կարելի նման բան մտածել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս