Բաժիններ՝

Շենքը կրթության որակ չի երաշխավորում

Համալսարանների շենքերը վաճառելու և ակադեմիական քաղաք ստեղծելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նորից օրակարգ բերեց կրթության թեման։ Եթե նախկինում խոսվում էր մի քանի բուհեր, օրինակ՝ արվեստի, մարզական, ագրարային, մարզեր տեղափոխելու մասին, ապա այս անգամ շատ ավելի արմատական առաջարկ ներկայացվեց։ Առաջարկվում է վաճառել բուհերի շենքերը և այդ գումարով կառուցել ակադեմիական քաղաք։

Առաջարկը հիմնականում չընդունվեց հանրության կողմից։ Խնդիրն այն է, որ անգամ մասնագիտական հանրության համար հասկանալի չէ, թե ո՞րն է ներկա կառավարության կրթական տեսլականը, ռազմավարությունը։ Պարզ է մի բան։ 2018թ.-ին նախկին նախարար Արայիկ Հարությունյանը խոստացել է, որ 2022-2023թթ. Հայաստանն ունենալու է որակապես այլ կրթական համակարգ։ Բայց որակապես նոր կրթական համակարգ ունենալուց մեկ տարի առաջ մենք դեռ չունենք կրթության զարգացման ռազմավարություն։

Արդեն 3 տարի է՝ կրթության ոլորտում կատարյալ անորոշություն է։ Օրինակ՝ թվում էր, որ այս իշխանությունը կրթության ոլորտում հակված է ավելի ժողովրդավարական գործելակերպի։ Բայց օրերս ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը բուհերի կառավարումը լիովին հանձնեց նախարարությանը։ Այսուհետ նախարարությունը բուհերի կառավարման խորհրդում կունենա 50+1 ձայն։ Իսկ նախարարը կարծիք հայտնեց, որ եթե իրեն մնար, կուզենար, որ բուհը ոչ մի ներկայացուցիչ չունենա կառավարման խորհրդում։

Հիշեցնենք, որ այս իշխանության ներկայացուցիչները մի քանի տարի առաջ քննադատում էին նախկիններին՝ բուհերի կառավարման խորհուրդներն իրենց վերահսկողության տակ պահելու համար։ Մյուս տարօրինակ որոշումն էլ այն էր, որ դպրոցների տնօրենների քվեարկությունն անցկացվելու է բաց։ Փաստորեն, խորհրդի անդամները հայտնվում են տոտալ վերահսկողության տակ։ Այսինքն, եթե նախկինում դպրոցների և բուհերի վրա ազդեցությունը քողարկված ձևով էր արվում, ապա հիմա բացահայտ է արվում։

Հիմա անդրադառնանք բուհերի շենքերի հարցին։ Եթե ինձ հարցնեն, թե որն է մեր բուհերի ուժեղ կողմերից մեկը, ապա ես կասեմ՝ շենքային պայմանները։ Մեր բուհերում պարբերաբար արվում են վերանորոգումներ, գույքի թարմացումներ։ Ռեկտորները բավական միջոցներ են ծախսում շենքային պայմանները բարելավելու վրա։ Իհարկե, տեխնիկական հագեցվածությունը բավարար չէ, բայց շենքային առումով մեր համալսարաններն ավելի լավ վիճակում են, քան աշխարհի զարգացած երկրների որոշ համալսարաններ։ Շենքային պայմանները, անշուշտ, կարևոր են։ Բայց դրանք չեն կարող լինել կրթության որակի վրա ազդող գլխավոր գործոնը։

Այն, որ Հայաստանի բուհերը քաղաքի կենտրոնում են, ունի որոշակի տրամաբանություն։ Աղքատ երկրում կարևոր է, որ բուհերը լինեն քաղաքի կենտրոնում, որպեսզի հավասարապես հասանելի լինեն բոլորի համար։ Հայաստանի դասախոսների զգալի մասը դասավանդում է մեկից ավելի բուհերում, աշխատում է մեկից ավելի վայրերում։ Մեր դասախոսների զգալի մասը չունի այն շքեղությունը, որ միայն բուհում դասավանդելով՝ կարողանա ապրել։ Դրա համար դասախոսների մի մասը կրկնուսույց է աշխատում, մեկ այլ մասը համատեղությամբ այլ աշխատանքներ է կատարում։ Նման դեպքում շատ կարևոր է, որ բուհերը լինեն քաղաքի կենտրոնում, որպեսզի մարդիկ կարողանան հասցնել օրվա մեջ մի քանի գործ անել։ Երբ դասախոսներն արժանապատիվ աշխատավարձ ստանան, ապա կարելի է բուհերը տանել քաղաքից դուրս։

Նույնը՝ ուսանողների պարագայում։ Հայաստանի ուսանողների մեծամասնությունը աշխատում է Երևանում։ Եթե բուհերը տանում ենք քաղաքից դուրս, ապա ուսանողների աշխատելու հնարավորությունները կտրուկ սահմանափակում ենք։ Իսկ ուսանողներին աշխատել պետք է, քանի որ այդ գումարով նրանք կարողանում են հոգալ իրենց ծախսերի մի մասը։ Հատկապես խնդիրներ են առաջանալու այն ուսանողների համար, որոնց բնակավայրը հեռու է լինելու այդ քաղաքից։

Պարզ է, որ պետությունը չի կարողանալու հանրակացարաններ տրամադրել բոլորին։ Եվ ուսանողների մի խումբ ստիպված է լինելու օրական 60-80 կմ երթեևեկել բուհ հասնելու համար։ Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ Հայաստանի միջմարզային տրանսպորտը բարվոք վիճակում չէ, ճանապարհները լավ վիճակում չեն, ապա բուհերի տեղահանումը Երևանի կենտրոնից բազմաթիվ անհարմարություններ է ստեղծելու։ Շատ ուսանողներ ստիպված են լինելու արագ վերադառնալ Երևան, որպեսզի կարողանան հասնել գյուղեր, քանի որ վերջին ավտոբուսը ժամը 3-4-ին է շարժվում։

Աշխարհը կարծեք թե հիմա գնում է այն ուղղությամբ, որ կրթությունը դուրս է գալիս համալսարանների պատերից։ Հեռավար կրթությունը, խառը կրթությունը, աշխատանքի վրա հիմնված կրթությունը նոր հնարավորություններ են ընձեռում բարձրագույն կրթության համար։ Նման իրավիճակում, հսկայական գումար դնել պատեր կառուցելու վրա՝ ճիշտ չէ։ Ակնհայտ է, որ այդ ներդրումից նորմալ վերադարձ չի էլ լինելու։ Ինչպե՞ս է այդ ակադեմիական  քաղաքը փոխելու կրթության որակը։ Եթե երկրում չկա սովորելու մշակույթ, ի՞նչ կարևոր է՝ որտեղ է տեղի ունենում ուսուցումը. շքեղ ակադեմիական քաղաքո՞ւմ, թե՞ ԵՊՀ-ի ներկա շենքում։

Այս պահին մեզ պետք է ունենալ կրթության ռազմավարություն և մանրամասն ճանապարհային քարտեզ։ Կառավարությունը պետք է սահմանի առաջնահերթությունները, քայլերի հերթականությունը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ո՞ր տրամաբանության մեջ է մտնում ակադեմիական քաղաքի հիմնումը։

Իսկ ընդհանրապես, կրթական բարեփոխումները սովորաբար պետք է սկսել բովանդակային հարցերից։ Լավ բովանդակությունը, լավ մարդկային կապիտալը հեշտությամբ կլուծի նաև շենքերի հարցը։ Իսկ եթե ուզում ենք շենքերի հարց լուծել, ապա շատ ավելի պարզ խնդիր ասեմ, որը դեռևս չենք կարողանում լուծել։ Հայաստանի բազմաթիվ գյուղերում և փոքր քաղաքներում կան մանկապարտեզներ, որոնք տարվա մեջ աշխատում են 5-6 ամիս, քանի որ ջեռուցման գումար չունեն։ Եկեք առաջին քայլով մանկապարտեզների 5-6 ամսվա ջեռուցման գումարի հարցը լուծենք, հետո նոր մտածենք ակադեմիական քաղաքի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս