Բաժիններ՝

Ո՞վ է պատասխան տալու վատ բենզինի պատճառով մեր մեքենաներին հասցված վնասի համար. Վարորդները բենզինի որակից դժգոհում են

ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2021թ. փետրվարին, հունվարի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.3%-ով։ 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 6.6% և 17.1%-ով, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է, համապատասխանաբար, 5.4% և 6.2% գնաճ: Այժմ բենզինի գինը տատանվում է 360-430 դրամի սահմաններում՝ դեկտեմբեր ամսին արձանագրված 340 դրամի փոխարեն, հեղուկ գազը 200 դրամ է՝ 170-180 դրամի փոխարեն։

Բացի գների բարձրացումից՝ վարորդները դժգոհում են ներկրված բենզինի որակից:

Նրանց խոսքով՝ հանրապետություն է ներկրվել խայտառակ վատ որակի բենզին, որի պատճառով նոր սերնդի շարժիչով մեքենաները լուրջ խնդիրներ են ունենում։

«Ո՞վ է պատասխան տալու վատ բենզինի պատճառով մեր մեքենաներին հասցված մի քանի հարյուր կամ հազար դոլար վնասի համար»,- սոցիալական ցանցերում դժգոհում են վարորդները:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բենզինի գնից դժգոհություններ ստացել են, բայց որակից բողոք բավական ժամանակ է՝ չեն ստացել, ինչը, սակայն, չի ենթադրում, որ որակի խնդիր չկա:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը ևս բողոքներ չի ստացել, նշեց՝ ինքը ևս բենզինով է մեքենա վարում, և որևէ խնդիր չկա:

«Չէի ասի, որ բենզինը շատ լավ որակի է, ինչ կար՝ այն է, որակի առումով ես փոփոխություն չեմ տեսնում: Սակայն գնի առումով փոփոխություն կա. նախկին 390 դրամի փոխարեն՝ մոտ 430 դրամ է վաճառվում»,- նկատեց Կարեն Չիլինգարյանը:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն ահազանգ ստացել է բենզինի որակի մասին, որի վերաբերյալ ուսումնասիրություն պետք է կատարի Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, բայց նրա փոխանցմամբ՝ վարորդներն ավելի շատ դժգոհում են դիզելային վառելիքի գներից:

«Վարորդները զանգում, ասում են, որ նախկինում նույն չափի գազը լցնում էին ու վարում 100 կմ, հիմա վարում են 70 կմ: Այսինքն, իրենց մաշկի վրա այդ տարբերությունը տեսնում են: Դա հենց որակի չափանիշն է: Կա՛մ սարքերն են սխալ ցույց տալիս, և պակաս լցնում, կա՛մ որակն է ցածր, իսկ դա միայն լաբորատորիան կարող է ասել:

Բազմիցս դիմել եմ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, բարդ խնդիր է: Այնտեղ կա տեսչական մարմնին կից խորհուրդ, ես էլ այդ խորհրդի անդամ եմ, և եթե այդ խորհուրդը պարբերաբար հավաքվի, իր օրակարգն ունենա, մեկ ամսում այս և այլ հարցեր կլուծվեն: Աշխատանքը չի տարվում, սպառողները և պետական կառավարման մարմիններն էլ իրար հետ չեն աշխատում, ու պատճառը հենց այդտեղ է: Ասում են՝ չունեն լծակներ, դա անհնար է:

Մեր վարորդները նախ պետք է մոռանան ճնշման, լիտրի մասին, հիմա գոյություն ունի կիլոգրամ, իսկ իրենց գործն է՝ հետևել, նայել հաշվիչին, թե գազը քանի՞ կիլոգրամ է, ու եթե բողոք ունեն՝ ներկայացնեն տեսչական մարմին՝ հայտնելով, թե որ լցակայանում է եղել, ասեն, որ սարքը ցույց տվեց այսքան կիլոգրամ, բայց այդքան չվարեցի: Տեսչական մարմինը ոչ թե չունի լծակ, այլ եղածը լիարժեք թող անի, հետո նոր կխոսենք լծակների մասին, իսկ լծակն այն է, որ պետք է նայի՝ այդ սարքը սերտիֆիկացվա՞ծ է, թե՞ ոչ: Պետք է նայել, թե ստուգաչափումը վերջին անգամ երբ է կատարվել, ու այդ ուղղությամբ աշխատեն: Լծակը դա է, էլ ի՞նչ լծակ է պետք: Եթե ինչ-որ սխալ կա՝ պատժամիջոցներ պետք է կիրառեն»,- նշեց Արմեն Պողոսյանը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն էլ օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ գազի որակի հետ կապված իրենք վերահսկողություն չունեն, այսինքն, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լիցքավորվող գազի որակի վերաբերյալ ուսումնասիրություններ կամ վերահսկողություն չի իրականացնում:

«Գազալցակայաններում մենք հիմա կոնկրետ ստուգում ենք այն, թե արդյո՞ք ճիշտ քաշով լիցքավորվում է, թե՞ ոչ: Ունենք դատարկ գազաբալոն և կշեռք, տալիս ենք, որ լիցքավորեն, օրինակ, 10 կգ, դնում ենք կշեռքին, տեսնում ենք՝ ճի՞շտ է լիցքավորել, թե՞ չէ: Ինչ վերաբերում է հեղուկ գազի հետ կապված դժգոհություններին, ապա այս տարի փոփոխություն է լինելու: Մինչև անցած տարի հեղուկ գազի ոլորտն ընդհանրապես չէր վերահսկվում, բայց շուտով փոփոխություն կլինի ու հեղուկ գազի որակական չափանիշները նույնպես կսկսենք վերահսկել: Ո՛չ որակական, ո՛չ չափագիտական վերահսկողություն Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չէր իրականացնում: Անցած տարվանից սկսել ենք չափագիտական վերահսկողություն իրականացնել, այս տարի, հուսով եմ, օրենքի փոփոխությունը շատ արագ կլինի, և կունենանք նաև որակական վերահսկողություն:

Վարորդներն ասում են՝ նախկինում լիցքավորում էինք 3000 դրամ, քշում էինք 100 կմ, հիմա՝ 80 կմ։ Եթե անցած տարի գազի գինը տատանվում էր մինչև 300 դրամի սահմանում, ապա հիմա մի քանի տեղ նկատել են, որ դարձել է 310-320 դրամ։ Այդ պատճառով հարցում եմ ուղարկել «Գազպրոմ Արմենիա», որպեսզի հասկանանք՝ խնդիրը գազի գնի բարձրացման հետևա՞նք է, թե՞ տնտեսվարողներն են թանկացրել։ Դեռ պատասխանը չենք ստացել, երբ ստանանք՝ կդիմենք կամ ՏՄՊՊՀ, կամ կհասկանանք մեր հետագա քայլերը

Դժգոհությունները, թե շուկայում կապույտ բենզին է հայտնվել, ասեմ, որ դա ավելի բարձր դասի բենզինն է»,- ընդգծել էր Արմեն Կոտոլյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս