«Իրենց «անշրջադարձելիության» հետ իրենք շատ մեծ խնդիր կունենան, երբ լինի նաև ՍԴ որոշումը․․․ անհեթեթ բառակույտ է»․ Սահմանադրագետը՝ վարչապետի աշխատակազմի պարզաբանման մասին

Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում Վարչական դատարանի վճիռը, որով Օնիկ Գասպարյանը վերականգնվում է Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում. Սա այսօր Վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարության հակիրճ բովանդակությունը կարելի է համարել:

«Դատարանի կողմից, 17.03.2021թ. բավարարվել է հայցի ապահովման միջնորդությունը, որոշվել է` ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»,- նշվում է կառավարության պարզաբանման մեջ:

168.am-ի հետ զրույցում, սակայն, սահմանադրագետ Վարդան Այվազյանը սույն հայտարարությունը համարեց անհեթեթության ժանրից:

«Ինչ-որ հայտարարություն են տարածել՝ իբր իրավունքի ուժով ակտի ուժի մեջ մտնելու դեպքում շրջադարձելիություն նախատեսված չէ:

Ուրեմն՝ այդ «շրջադարձելիություն» կոչված բառակույտը ընդհանրապես Սահմանադրական իրավունքին ու իրավագիտությանը հայտնի չէ. անհեթեթ բառակույտ է»,- նշեց սահմանադրագետը:

Վարդան Այվազյանը նաև հիշեցրեց՝ յուրաքանչյուր ոք իր խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու իրավունք ունի.

«Օնիկ Գասպարյանն օգտվել է իր սահմանադրական իրավունքից՝ պաշտպանելու իր խախտված աշխատանքային իրավունքները, և դրա հիման վրա էլ Վարչական դատարանը հստակ, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է վարչապետի միջնորդության կիրառումը, որը, այսպես կոչված, իրավունքի ուժով ուժի մեջ է մտել:

Դատական պաշտպանության իմաստը հետևյալն է՝ պետք է ակտն ուժի մեջ մտնի՝ իր հետևանքով հանդերձ, որ դու հնարավորություն ունենաս դա բողոքարկելու:

Հիմա՝ ուժի մեջ մտնելը՝ թե իրավունքի ուժով կմտնի, թե օրենքով նախատեսված կարգով, թե մեկ այլ ընթացակարգով, բացարձակապես որևէ նշանակություն չունի: Այսինքն՝ անհեթեթություն է, ոչ մի տեղ գրված չէ, չի էլ կարող լինել, որ իրավունքի ուժով ուժի մեջ է մտել, «անշրջադարձելի» և նման անհեթեթ բառեր օգտագործել:

Ավելին՝ իրենց «անշրջադարձելիության» հետ իրենք շատ մեծ խնդիր կունենան, երբ լինի նաև ՍԴ որոշումը՝ կապված այդ կիրառված օրենքի անհեթեթ դրույթի սահմանադրականության վերաբերյալ»:

Մեր զրուցակիցը շեշտեց՝ վարչական դատարանը իրավաչափ է գործել, իսկ կառավարության աշխատակազմի տարածած պարզաբանման առնչությամբ նկատեց.

«Դրանով իրենք փորձ են անում նսեմացնել դատական իշխանության դերակատարությունը, քանի որ իշխանությունների բաժանման համակարգում դատական իշխանությունն իր իրավական կշռով ոչնչով չի զիջում ո՛չ Օրենսդիր, և ո՛չ Գործադիր իշխանությանը: Այժմ ուզում են՝ դատական իշխանությունը սարքել ածանցյալ, իրենց կցորդ»:

«Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը նույն բանն է, ոնց որ վարչապետի աշխատակազմը հայտարարի, որ այսուհետ արևը պետք է դուրս գա արևմուտքից, գետերը հոսեն իրենց հունին հակառակ»,- եզրափակեց Վարդան Այվազյանը:

Տեսանյութեր

Լրահոս