«Ես մեղավոր չեմ»… «Ահաբեկչության» գործով դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց՝ Լիդյա Մանթաշյանի կալանքի հիմքերը չեն վերացել. փախուստ էլ կգործի, նոր հանցանք էլ. Բագրատ սրբազանն արգելեց միջնորդել իր ազատության համար

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկում է Բագրատ սրբազանի և ևս 18 հոգու մասնակցությամբ այսպես կոչված «ահաբեկչության» գործով դատական նիստը:

Այս գործով բացի Բագրատ սրբազանից, կալանավորված են նաև Տավուշի թեմը ներկայացնող Լիդյա Մանթաշյանը, արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը, 44-օրյա պատերազմի նահատակ Հակոբ Ռուստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, Վահագն Չախալյանը, գնդապետ Մախսուդյանը, այլ անձինք:

Բագրատ սրբազանն ու գործով անցնող մյուսները մեղադրվում են ահաբեկչության, զանգվածային անկարգությունների կազմակերպման և իշխանության բռնազավթման մեջ։

Նախորդ դատական նիստի սկզբում պարզ դարձավ, որ դատական նիստերի այս դահլիճը ի զորու չէ սպասարկել այս դատական նստը: Հարցը բարձրացրեցին պաշտպաններն ու լրագրողները: Դատավորն ասաց՝ հաջորդ դատական նիստին կփորձեն ավելի մեծ դահլիճ ապահովել: Այսօրվա դատական նիստը տեղի է ունենում Շենգավիթ նստավայրի թիվ 1 դահլճում:

Կարդացեք նաև

Այսօրվա դատական նիստին դատարանը նախ անդրադարձավ բացարկի ու ինքնաբացարկի վերաբերյալ հարցերին: Պաշտպաններից մեկը բացարկ հայտնեց գործով հանրային մեղադրողներին: Արամ Վարդևանյանը միացավ միջնորդությանը:

«Չգիտեի, որ մարդկանց միջև կենցաղային խոսակցությունը պիտի դառնա ահաբեկչության մեղադրանք»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանն էլ նկատեց՝ իր երկարատև գործունեության ընթացքում նման մեղադրանք չի տեսել, բացի դրանից, դատարանին ասաց, որ ինքը չի թույլատրում, որ այս գործով որևէ կերպ իրեն որևէ դրվագով ծանուցված համարեն էլեկտրոնային ծանուցման միջոցով:

«Ո՛չ քննչական, ո՛չ դատախազական համակարգը ի վիճակի չէ անկախ, ինքնուրույն գործունեություն ծավալել: Մենք մոտ ենք այն պահին, որ դատական այս պրոցեսին մեր ներկայությունը ապօրինություններ լեգիտիմացնելու նմանվի»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Մեղադրյալ Իգոր Սարգսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ ասաց՝ չի պատրաստվում մասնակցլ մի նիստի, ուր խախտվում է մեկ այլ մեղադրյալի իրավունքը, և լքեց դատական նիստերի դահլիճը, չնայած դատավոր Կարեն Ֆարխոյանի արձագանքին, որ ինքը չի թույլատրում նրան դուրս գալ: Հայտարարվեց 5 րոպե ընդմիջում: Խոսքն այն մասին էր, որ Հրայր սարկավագի պաշտպան Հովսեփ Սարգսյանը երկրում չէ, և պաշտպանի բացակայությամբ նիստ տեղի ունենալ չի կարող:

Նիստը վերսկսվեց, քննարկվեցին ընթացակարգային, կազմակերպչական հարցեր:

Տևական քննարկումից հետո առաջարկվեց մեղադրյալների խափանման միջոցների միջնորդությունները քննել հերթով, մինչ հասնի Հրայր սարկավագի հերթը, և վերջինիս պաշտպանը վերադառնա: Առաջարվեց հետաձգել դատախազներին բացարկ հայտնելու հարցի քննարկումը:

Քննարկվեց նաև պաշտպաններին վարույթից հեռացնելու հարցը. Ոչ ոք նման միջնորդություն չուներ: Խնդիր չկա նաև՝ կապված ընդդատության հետ:

Հայտարարվեց ընդմիջում, ինչից հետո դատավոր Ֆարխոյանն ասաց՝ դահլիճում անչափահասներ է նկատել. Նրանք չեն կարող ներկա գտնվել դատական նիստերի դահլիճում:

Ապա անցան խափանման միջոցների քննարկման հերթականության քննարկմանը: Պաշտպաններն առաջարկեցին նախ քննարկել Լիդյա Մանթաշյանի, Արա Ռոստոմյանի, Միհրան Մախսուդյանի և Տիգրան Գալստյանի խափանման միջոցների փոփոխման հարցերը։

Առաջինը քննարկվեց Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխության հարցը: Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը հարցրեց, թե ո՞ր փաստական տվյալն է հիմնավորում Լիդյա Մանթաշյանին 3 ամիս կալանքի տակ պահելը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի պատշաճ վարքագիծը ախահովելու երաշխավորագիր են ներկայացրել պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Էլինար Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը:

«Փորձել եմ վերհիշել նոթատետրիս մեջ գրված բոլոր խոսքերը. Պլանավորված ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող: Ես մեղավոր չեմ, ահաբեկչական որևէ գործողություն չեմ պլանավորել»,-ասաց Լիդյա Մանթաշյանը:

Արամ Վարդևանյանը միացավ միջնորդությանը՝ նշելով՝ նորմալ չէ, որ այսքան տղամարդկանց մեջ այս գործով կալանավորված կին լինի:

«Լիդյա Մանթաշյանն անմեղ է, պատվարժան դատարան»,-ասաց նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը:

Հովհաննես Խուդոյանն էլ նկատեց՝ տարին 365 օր մարդկանց լսել են:

«Այս գործը վաղուց արդեն իրավական գործ չէ: Լիդյա Մանթաշյանը կալանքի տակ է, որ մարդիկ տեսնեն՝ բոլոր նրանք, ովքեր դուրս են գալիս իրենց հայրենիքի համար պայքարի, բոլորիդ հետևից գալու ենք: Սա ժողովրդի մեջ վախ տարածելու նպատակ ունի: Բայց որևիցե մեկը վախեցե՞լ է»,-ասաց Հովհաննես Խուդոյանը:

«Լիդյա Մանթաշյանի մեղադրանքի մեջ գրված է՝ ձեռք է բերել յուղեր: Հիմա կարող է ճաշի համար խանութից յուղ է գնել, դա հանցակա՞զմ է պարունակում իր մեջ»,-ասաց պաշտպան Մկրտիչ Դավթյանը:

Այնուհետ երաշխավորություն ներկայացնող պատգամավորները անցան ապակյա պատնեշը ու գնացին Լիդյա Մանթաշյանի մոտ:

Դատարանը, լսելով վարույթի մասնակիցներին, որոշեց՝ կալանքի հիմքերը չեն վերացել և սույն վարույթի այս փուլում այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովել նրա պատշաճ վարքագիծը: Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը դատավոր Ֆարխոյանը երկարաձգեց 3 ամսով:

Մինչ Լիդյա Մանթաշյանին ևս երեք ամսով ՔԿՀ ուղարկած դատավորը վերադարձավ ընդմիջումից, հայտնաբերեց, որ 5 հանրային մեղադրողներից 3-ը տեղում չէին. Գնացել էին:

«Ձեր վերջին որոշումից հետո մեզ համար կանխատեսելի է՝ ինչ որոշումներ եք Դուք կայացնելու մնացած 16 մեղադրյալների նկատմամբ: Այստեղ մենք այլևս արդարադատություն չենք որոնելու: Անգամ անզեն աչքով է նկատըելի, որ այստեղ կարգադրիչները չեն ապահովում կարգուկանոն, այլ ոստիկանները: Եվ ես ցանկություն չունեմ ապահովել Ձեր գործողությունների օրինականությունը: Հաջորդ նիստերի հետ կապված՝ նշեմ՝ ներկայացնում եմ իմ արձակուրդի հետ կապված տեղեկանք»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Պաշտպան Սերգեյ Հարությունյանը ևս արձանագրեց՝ այստեղ իրականացվողը քաղաքական հետապնդում է: Նան միացան պաշտպաններ Դավթյանն ու Վահան Հովհաննիսյանը:

«Առաջարկում եմ խափանման միջոցը երկարաձգել մինչև 2026թ. Ազգային ժողովի ընտրություններ, որովհետև պարզ է՝ քաղաքական պատվերով այս գործի ճակատագիրը»,-ասաց պաշտպան Դավթյանը:

Բագրատ սրբազանն էլ նշեց՝ այստեղ անիրավություն է գործվել:

«Այս դատարանում մեռել են արդարադատությունն էլ, խիղճն էլ, բարոյականությունն էլ: Մեղավոր բեռի տակ գործող մարդիկ չեն կարող մեղադրող լինել: Սիրելի՛ փաստաբաններ, դադարեցրե՛ք խափանմա միջոցի հարց քննել: Էս դատարանը չարժի, որ ձեր միտքը, սիրտը, ջանքը ներդնեիք այստեղ արդարադատություն որոնելու: Չնչին հույս ունեի, որ հենց Լիդյա Մանթաշյանի պարագայում այլ որոշում կկայացնեք: Բայց դուք որոշեցիք այդպես: Դուք և ձեր սերունդները պատասխան եք տալու»,-ասաց Բագրատ սրբազանը:

Բագրատ սրբազանի խոսքերից հետո իրավիճակը դատարանում լարվեց:

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ 14.30-ին:

Բագրատ սրբազանը հեռացավ՝ «Ազատ հայրենիքն այլընտրանք չունի» կոչով:

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ ««Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ,  հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն»:

Ինչպես հետո պիտի պարզվեր, անհերքելի ապացույցները հերքելի էին, և մասնավորապես հրապարակված ձայնագրությունները՝ մոնտաժված, ինչպես պնդում էին Բագրատ սրբազանն ու մեղադրյալների պաշտպանները:

Նախաքննության ավարտից հետո մասնավորապես Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը սկսեց հատվածաբար հրապարակել աղմկահարույց ձայնագրությունների չմոնտաժված տարբերակները, և Քննչական կոմիտեի ու դատախազության փչած փուչիկը պայթեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս