Տարին սկսում ենք հարկային եկամուտների նվազումով. կրկին կանգնած ենք բյուջեն թերակատարելու ռիսկերի առաջ

Տարվա մեկնարկը բարենպաստ չէ պետական բյուջեի մուտքերի համար։ Շարունակվում է պահպանվել նախորդ տարվա անկումային իրավիճակը։

Այս տարվա բյուջեով հարկային եկամուտների աճ է նախատեսված։ Սակայն աճ ունենալու փոխարեն՝ տարին սկսում ենք մուտքերի նվազումով։

Բյուջեի հարկային եկամուտներն այս տարվա հունվարին ավելի քիչ են եղել, քան նախորդ տարվա այդ ամսին։ Հաշվեգրված հարկային եկամուտները և պետտուրքերը կազմել են 130,5 մլրդ դրամ, փաստացի մուտքերը՝ 111 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ անցած տարվա հունվարին հաշվեգրված եկամուտները կազմել էին 146,7 միլիարդ, փաստացի մուտքերը՝ 135 մլրդ դրամ։

Հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետտուրքերն այս տարի 16,2 մլրդ դրամով պակասել են։ Դրանք կրճատվել են ավելի քան 11 տոկոսով։

16,2 միլիարդը լուրջ կորուստ է բյուջեի համար։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ տարվա կտրվածքով նախատեսված է հարկային մուտքերի շուրջ 55 մլրդ դրամ աճ։

Մեկ ամսվա կտրվածքով գուցե դեռ վաղ է դատողություններ անել բյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման վերաբերյալ։ Բայց ակնհայտ է, որ կրկին բախվում ենք նախորդ տարվանից եկող ռիսկերի հետ։

Նախորդ տարի կառավարությունը մի կերպ կարողացավ փակել բյուջեն։ Դրա համար անհրաժեշտ եղավ 2 անգամ վերանայել և լրջորեն կրճատել եկամուտները։ Ի սկզբանե նախատեսված մուտքերից պակաս ստացվեց 221 մլրդ դրամ։

Հերթական բյուջետային տարին դեռ նոր է մեկնարկել, բայց կրկին կանգնած ենք նույն խնդիրների առաջ։ Հարկային եկամուտներն ապահովելու համար հիմա արդեն ՊԵԿ-ը ստիպված է հետագա ամիսներին ավելի շատ եկամուտներ հավաքել։

Կկարողանա՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Ամեն ինչ կախված է տնտեսության վիճակից։ Իսկ տնտեսության վիճակը գոնե այս պահին լավատեսության հիմքեր չի տալիս։

Չեն երևում կառավարության այն քայլերը, որոնք միտված են տնտեսությունն այս վիճակից հանելուն։ Ժամանակն անցնում է, իսկ հետպատերազմյան շրջանում ի հայտ եկած մարտահրավերները չեն թուլանում։ Ընդհակառակը՝ անորոշություններն ու անկայունությունը շարունակում է նույնքան արդիական լինել, որքան պատերազմից անմիջապես հետո։ Իշխանությունները հակված չեն քայլեր ձեռնարկել ներքաղաքական լարվածությունը երկրում թուլացնելու համար։ Մի բան, ինչը ոչնչով չի նպաստում տնտեսական գործընթացների ակտիվացմանը։

Որքան երկար պահպանվի այս իրավիճակը, այնքան տնտեսության ռիսկերը զգացնել կտան։ Դրանք ուղղակիորեն կարտահայտվեն նաև բյուջեի եկամուտների վրա։

Եթե անցած տարի դեռ որոշակի հնարավորություններ կային բյուջեի եկամուտները վարկերի ու փոխառությունների հաշվին ծածկելու առումով, ապա այս տարի այդ հնարավորությունները շատ սուղ են։ Չկան նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները, որոնք մութ գործարքների արդյունքում կառավարությունը բերեց բյուջե և ուղղեց բյուջեի բացերը լրացնելուն՝ օգտվելով պատերազմական խառը ժամանակներից։

Որ բյուջեն հերթական անգամ ռիսկի տակ է, հասկանում է նաև կառավարությունը։

Տարվա սկզբին կառավարությունն իրականացրեց եվրոպարտատոմսերի հերթական տեղաբաշխում։ Նախատեսված 500 միլիոնի փոխարեն՝ տեղաբաշխվեցին 750 մլն դոլարի նոր պարտատոմսեր։

Հավելյալ 250 մլն դոլարը բյուջեի հարկային եկամուտների հնարավոր նոր ճեղքերը լցնելու նպատակ ունեն։ Կառավարությունն այդ գումարը բերել-դրել է կայունացման ֆոնդում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա փակել բյուջեի բացերը։ Ու դա կրկին պիտի արվի պետական պարտքի հաշվին։ Պետական պարտքը թանկ փողերով համալրելու հաշվին։ Փոխարենը՝ մտածելու բյուջեի ներքին եկամուտները տնտեսության ակտիվացման միջոցով ավելացնելու մասին, կառավարությունը գնում է պարտքի բեռը մեծացնելու ճանապարհով։

Այսպես մինչև ո՞ւր ենք հասնելու, հայտնի չէ։ Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման շուրջ 3 տարիների ընթացքում պետական պարտքի բեռը հասցրել ենք աննախադեպ մակարդակի։ Երբևէ Հայաստանը պարտքի նման բեռ չի ունեցել։ Խոսքը ոչ թե պարտքի անվանական արտահայտության, այլ տոկոսային հարաբերության մասին է։

Պետական ծախսերի մի մեծ հատված ֆինանսավորվում է պարտքերի միջոցով, ինչի արդյունքում ունենք բյուջեի հսկայական դեֆիցիտ։ Օպտիմալ համարվող 3 տոկոսի փոխարեն՝ այն անցնում է ՀՆԱ 7 տոկոսից, ու դա դեռ կարող է խորանալ՝ կապված հարկային եկամուտների հնարավոր թերակատարման ու բյուջեի ծախսերի կատարման հետ։

Տարեսկզբին ունենք մուտքերի նվազում հարկերի մեծ մասի գծով։ Կրճատվել են ԱԱՀ վճարները։ Եթե նախորդ տարվա հունվարին հավաքվել էր 51,2 մլրդ դրամի ԱԱՀ, ապա այս տարի հավաքվել է 49,7 միլիարդի։

Գրեթե կրկնակի անկում է գրանցվել ակցիզային հարկի դեպքում։ Նախորդ տարվա հունվարին այս հարկատեսակի մուտքերը կազմել էին շուրջ 16 մլրդ դրամ։ Այս տարի կազմել են ընդամենը 8,4 միլիարդ։

Սա այն ակցիզային հարկն է, որի բեռը տարեցտարի բարձրանում է։ Բարձրացավ անցած տարի, բարձրացել է նաև այս տարի։ Ակնկալվում էր, որ դա պետք է բերի այդ հարկատեսակի եկամուտների ավելացման։ Բայց, ինչպես տեսնում ենք, հակառակն է տեղի ունեցել։ Մուտքերը գրեթե կրկնակի կրճատվել են։

Հունվարին կրկնակի անկում ունենք նաև շահութահարկի դեպքում։ Անցած տարի 10,4 մլրդ դրամ էր հավաքվել, այս տարի հավաքվել է 5,2 միլիարդ։

Նվազել են շրջանառության հարկի մուտքերը։ 1,5 միլիարդով ավելի քիչ հարկ է գեներացվել այդ հարկատեսակից։ Այն կազմել է 6,5 մլրդ դրամ՝ անցած տարվա 8 միլիարդի դիմաց։

Բյուջեն կորուստներ է կրել նույնիսկ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով. մուտքերի ավելի քան կրկնակի անկում է արձանագրվել։ Հավաքվել է ընդամենը 1 մլրդ դրամ։ Նախորդ տարի 2,1 միլիարդ էր։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների նվազումը, ամենայն հավանականությամբ, կապված է առաջին հերթին՝ Սոթքի հանքի հետ։ Հայտնի է, թե ինչ վիճակ ունենք այստեղ հետպատերազմյան շրջանում։ Իշխանությունների անտարբեր հայացքի ներքո Ադրբեջանը վերահսկողության տակ վերցրեց հանքի մեծ մասը։ Հետևանքներն արդեն տեսնում ենք բյուջեի եկամուտների վրա։ Դրանք առաջիկայում դեռ շարունակելու են զգացնել տալ։

Միակ հարկատեսակը, որտեղ մուտքերի ոչ մեծ աճ կա, եկամտային հարկն է։ 800 մլն դրամի կամ 1,7 տոկոսի ավելացում ունենք։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս