Միայն պարոն Ծառուկյանը չի որոշելու` առաջադրի՞ թեկնածությունը, թե՞ ոչ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ եթե անգամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Սյունիքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների մեծ մասը սատարելու է ՀՀԿ-ի թեկնածուին` գործող նախագահին:
168.am-ի հետ զրույցում, սակայն, ԲՀԿ-ի Կապանի տարածքային կառույցի ղեկավար Կամո Աբրահամյանը հակադարձեց Սուրեն Խաչատրյանին` նշելով, որ Կապանում ԲՀԿ-ն ՀՀԿ-ին չի սատարի: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորև:
– Պարոն Աբրահամյան, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, ապա, ըստ Ձեզ, նա ի՞նչ հնարավորություններ ունի Կապանում:
– Վերջերս տենց խորհրդակցություն ա տեղի ունեցել ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդում: Հնարավորությունները, որ ասեմ` շա՜տ-շա՜տ մեծ են` չէ, բայց փոքր էլ չեն: Մեր պատգամավորներից էին եկել և բոլոր ընտրատարածքներում հանդիպումներ են ունեցել, տարածքային խորհուրդների կարծիքներն էին հարցրել: Բոլորս միահամուռ այն կարծիքին ենք, որ կուսակցությունից միանշանակ պետք է լինի կուսակցության ղեկավարի թեկնածությունը`ուրիշ ոչ մեկի:
– Այսինքն` դեմ եք նաև Վարդան Օսկանյանի՞ թեկնածությանը:
– Հա, մենք չենք համեմատում, որովհետև այսօր Կապանում միայն հավատում են պարոն Ծառուկյանին:
– Իսկ ի՞նչն է այդ հավատը ներշնչում:
– Ընդամենը մեր պատգամավորներով խումբ ա ստեղծվել, մարզային լայն կառույցներում հանդիպումներ են եղել, ուզում էին իմանալ մարդկանց կարծիքները: Ամեն մի տարածքում իրենց կարծիքն են հայտնել, որ վերջնական հանդիպեն պարոն Ծառուկյանին, տեղյակ պահեն: Էդ ա խնդիրը:
– ԲՀԿ քանի՞ անդամ կա Կապանում:
– 680:
– Երեկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Սյունիքում ԲՀԿ-ի մեծ մասն իր ձայնը տալու է ՀՀԿ թեկնածուին: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:
– Բացառվում ա, որովհետև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները միշտ եղել են կուսակցության անդամներ: ՀՀԿ-ին էն ժամանակ էինք հարում, երբ կոալիցիայի անդամ էինք: Հիմա «Բարգավաճն» իրա տեղն ունի, Հանրապետականն` իրա:
– Իսկ, ըստ Ձեզ` ինչո՞ւ էր մարզպետն այդքան համոզված խոսում:
– Ես չգիտեմ, թե մարզպետն ի՞նչ կարծիք ունի, համենայն դեպս, եթե «Բարգավաճից» անդամ լինի ընտրություններում, մենք միանշանակ կսատարենք «Բարգավաճի» անդամին: Մենք ՀՀԿ-ի հետ ոչ մի կապ չունենք, որ իրանց հարենք:
– Օրինակ, Գյումրիի քաղաքապետը հայտարարել է, որ թիվ 35 ընտրատարածքում պատգամավորական ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ի թեկնածուին:
– Բացառվում ա: Գյումրի քաղաքապետը նման հայտարարություն չի արել, պրոստո իրա անձնական կարծիքն ա հայտնել, որ ինքը` որպես անձնական Սամվել Բալասանյան, սատարելու ա Հանրապետական թեկնածուին:
– Իսկ ինչո՞ւ է, ըստ Ձեզ, սատարելու:
– Միայն ինքն է սատարելու, բայց ոչ՝ «Բարգավաճ Հայաստանը»:
– Բայց մարզպետի խոսքերից կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն ունի իր յուրայինները ԲՀԿ-ի շարքերում: Եվ միգուցե դա՞ է վստահություն ներշնչել մարզպետին:
– Կապանում «Բարգավաճ» կուսակցության շարքում Ձեր ասած յուրայիններ չկան: Մենք լրիվ մաքուր, մաքրված «սպայկա» թիմ ենք դառել, և ընտրություններում մեր թիմը իրա խոսքը կասի:
– Միևնույն ժամանակ՝ Սյունիքի մարզպետին վստահություն էին ներշնչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, ըստ որոնց` ՀՀԿ-ն ստացել էր ընտրողների 62% ձայնը:
– Հա, բայց սաղ այդ թվերը լավ գիտեն: Էդ թիվը կազմեց բանակի հետ միասին: 38 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 10.000 ձայն:
– Իսկ Ձեր հաշվարկներով՝ քանի՞ տոկոս ձայն պետք է ստանար ԲՀԿ-ն:
– Համենայն դեպս, Ազգային ժողովի ընտրությունները մեզ համար նաև քննություն էր, մենք հիմա ավելի շատ աշխատանքներ կտանենք, եթե, իհարկե, պարոն Ծառուկյանն իր թեկնածությունը դնի:
– Եվ հավանական համարո՞ւմ եք Գ. Ծառուկյանի թեկնածության առաջադրումը:
– Հավանական ասելով` ի՞նչ նկատի ունեք, այսինքն` կդնի՞, թե՞ չի դնի:
– Այո:
– Դե դա մենակ պարոն Ծառուկյանը չի որոշելու, դա քաղխորհուրդը կորոշի, ես քաղխորհրդի անդամ եմ: Մոտ ժամանակներս քաղխորհրդի նիստը կլինի, քաղխորհուրդը կորոշի:
– Այսինքն` քաղխորհո՞ւրդն է որոշելու, այլ ո՞չ թե Գ. Ծառուկյա՞նը:
– Միանշանակ, կուսակցությունն ունենում է քաղխորհուրդ: Քաղխորհուրդն է որոշում` պարոն Ծառուկյանը թեկնածությունը կդնի՞, թե՞ ոչ:
– Իսկ Ձեր հաշվարկներով` Կապանում մոտավորապես որքա՞ն ձայն կստանա Գ. Ծառուկյանը, եթե առաջադրվի:
– Համենայն դեպս, Ազգային ժողովի ընտրություններից ավելի շատ:
– Մարզպետը գործող նախագահի հաղթանակը Սյունիքում պայմանավորել է նրա սյունեցի լինելով: Ձեր կարծիքով` արդյո՞ք այդ գործոնը կնպաստի, որ ՀՀԿ թեկնածուն ավելի շատ ձայներ ստանա:
– Գործող նախագահը միանշանակ սյունեցի է, հետո մենք Սյունիքում այդքան շատ ձայն չենք հավաքի, ինչքան Կոտայքում: Բնական ա` սյունեցի նախագահը Սյունիքում ավելի շատ ձայն կհավաքի: