«Նույնիսկ բրեժնևյան ժամանակաշրջանում մեկ-մեկ հատուկ կարծիք հնչում էր, այսօր դա էլ չկա». Հակոբ Բաղդասարյան

Կրճատված գործարքներ, գնանկում. անշարժ գույքի շուկայում ճգնաժամն իրողություն է: Պաշտոնական տվյալներով՝ 2020թ. դեկտեմբերին բնակարանների գները Երևանում նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ցածր են եղել՝ 3,9, մարզերում՝ 2,8 տոկոսով: Սակայն, եթե գնային դրսևորումները դիտարկում ենք ազգային արժույթի արժեզրկման համատեքստում, ապա ստացվում է, որ գնանկումն էապես տարբերվում է պաշտոնական վիճակագրության արձանագրած թվերից:

«Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանի կարծիքով՝ շուկայի միտումները համապատասխանում են կատարված քայլերին: Դրանք, ըստ նրա, կարճաժամկետ էֆեկտների համար են, մինչդեռ կարճաժամկետ էֆեկտները ոչ միայն չեն ապահովում երկարաժամկետ հաջողություն, այլև առաջ են բերում երկարաժամկետ խնդիրներ.

«Վերջին քայլերից մեկը Կենտրոնական Բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն էր. ընդհանրապես, եթե հաշվի առնենք, որ տարվա մեկ երրորդ մասը պետությունը կանգնած է եղել՝ հաշվի առնելով կորոնավիրուսյան ամիսները և պատերազմը, տվյալ իրավիճակներում տնտեսությանը պետք է աջակցություն, պետք է ֆինանսների հասանելիության բարձրացում լինի, ոչ թե իջեցում:

Երբ վերաֆինանսավորման տոկոսը բարձրացնում ենք, դա չի նպաստում տնտեսության աշխուժացմանը, ընդհակառակը՝ բանկերի կողմից զսպվածություն է ցուցաբերվում և զգուշավորություն: Ենթադրենք, կառուցապատման ոլորտում պետք է ֆինանսավորվեն տասը ծրագիր, այդ տասը ծրագրից նոր մոտեցմամբ ֆինանսավորվում են 6-7 ծրագիր:

Վերջին որոշումներից էր Իրանի Իսլամական Հանրապետությունից 6 ամսով ցեմենտի ներկրումն արգելելը: Այն պետությունները, որտեղ տնտեսական և քաղաքական մրցակցությունը բացակայում է, այդ պետությունները դատապարտված են ցնցումների: Այսինքն՝ տնտեսագիտության և քաղաքագիտության բոլոր նորմերը խախտված եմ համարում՝ ինչո՞ւ է արգելվում, երբ նույն ինքնարժեքը ԻԻՀ-ում 10․000 դրամի կարգի է, մեզ մոտ՝ 50.000 դրամի»:

Հակոբ Բաղդասարյանն այս արգելքի առնչությամբ շեշտեց նաև առկա քաղաքական գործոնը. «Արդյո՞ք բարեկամական երկրի հանդեպ նման կարգի մոտեցումն իմաստավորված է. օրինակ՝ մենք ինչպե՞ս կդիտարկենք, որ Ռուսաստանի Դաշնությունն արգելի Հայաստանից կոնյակի, գինու, սիգարետի ներմուծումը, հասարակության շրջանում կդիտարկենք թշնամական քայլ, չէ՞»:

Այս պահին անշարժ գույքի շուկայում առկա վիճակը նա ներկայացրեց թվերով, իսկ միտումների մասին նկատեց՝ բացասական են. «Միջինացված գնանկումը մոտ 10 տոկոսի կարգի է (արտարժույթով եմ դիտարկում):

Միտումները. եթե վերցնենք, նույն գույքահարկը դրակոնյան մեխանիզմներով ներմուծվեց, հունվարի 1-ից մտավ ուժի մեջ. այն զսպիչ գործոններից մեկն է լինելու ներդրումների համար, ինչքան հնարավոր է՝ խանգարելու է ներդրումներին:

Ենթադրենք՝ մեր հայրենակիցն է՝ ուզում է գույք ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում, օրինակ, խանութ, իսկ խանութները կենտրոնում կարող են հասնել՝ 100 քմ-ն՝ 1 միլիոն դոլարին համարժեք գումարի, դրա գույքահարկի արժեքն արդեն 15.000 դոլարին համարժեք է, երբ Գերմանիայի Դաշնությունում դա ընդամենը 2000 եվրոյի կարգի է: Ի՞նչ աստիճանի էֆեկտիվությամբ պետք է աշխատի այդ խանութը, կամ վարձակալությամբ հանձնվի, որ, ասենք, այդ գնորդը վաղն իմաստավորի գույքի ձեռքբերումը»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց նաև գույքահարկի հետևանքով առաջացած անարդար դրսևորումների մասին․ օրինակ՝ շուրջ 30 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող երկրում չունևոր խավերից գանձվող գույքահարկի պարագան, կամ հիպոթեքով ձեռք բերված գույքի դեպքում գույքահարկի առկայությունը.

«Մարդիկ հիպոթեքով գույք են ձեռք բերում նորակառույց շենքում, երիտասարդ ընտանիք են, իրենք չեն հաշվարկել, ենթադրենք, որ այդ նորակառույց բնակարանին տարեկան պետք է 105.000 դրամ կամ 135.000 դրամ գույքահարկ վճարեն: Լրացուցիչ բեռ է, և իրենց կյանքի ծրագրավորման մեջ սյուրպրիզներն են կառավարության կողմից:

Կառավարությունն էլ հաշվի չի առել, որ օրենքը հետադարձ ուժ չունի. կատեգորիկ ձևով իրավունք չուներ այն մարդկանց, ովքեր նախօրոք են ձեռք բերել՝ առանց տեղեկանալու, որ նման փոփոխություն կա, նոր դրույքաչափերով հարկելու»:

Անշարժ գույքի գործակալության տնօրենը վստահեցնում է՝ ելքն օրենսդրական լուծումների ու համարժեք քայլերի մեջ է. «Գործարարներից ինչ-որ բան կախված է, բայց հսկիչ փաթեթը պատկանում է պետությանը, պետական կառավարիչ լիազոր մարմիններին, որոնք, ցավոք, ականջալուր չեն, և գործարար շղթայի հետ խորհրդակցությունների մակարդակի մասը դեկորատիվ է, իմիտացիոն բնույթ է կրում, ձևական գալոչկայի համար է»:

Մեր դիտարկմանը, թե էկոնոմիկայի նախարարը պնդում էր, որ ամենօրյա շփման մեջ է գործարարների հետ, և հարցին, թե այս ընթացքում նորանշանակ նախարարը հասցրե՞լ է հանդիպել, օրինակ, Ձեզ հետ՝ Հակոբ Բաղդասարյանն արձագանքեց. «Մենք չենք հանդիպել, բայց չեմ կարծում, թե հանդիպելուց ինչ-որ բան կարող է փոխվել, որովհետև էկոնոմիկայի նախարարը նախ պետք է ուժեղ լոբբինգ անի Ֆինանսների նախարարությանը, և ամենօրյա բանավեճերը պետք է տեսնենք կառավարությունում, որպեսզի ինքը թույլ չտա նույն ներմուծման արգելանքը, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, պայքարը պետք է այնտեղ տեսնենք:

Եթե պատասխանատվության էլեմենտը չկա, վերաբաշխված չէ.․․ միայն էկոնոմիկայի նախարարով չէ՝ փոխվարչապետի ինստիտուտ կա, երկրի ղեկավարություն կա, օրենսդիր մարմինը կա, որտեղ նույն քվեարկությունները… նույնիսկ բրեժնևյան ժամանակաշրջանում մեկ-մեկ հատուկ կարծիք հնչում էր, այսօր դա էլ չկա,  ընդդիմության դերն էլ է շատ թերի և կաղում է»:

«Մենք սարսափելի հնարավորություններ ունենք աշխարհի մակարդակով, բայց այդ հնարավորությունների մեկ տոկոսն այսօր Հայաստանում չի կիրառվում, չի օգտագործվում»,- եզրափակեց Հակոբ Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս