Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը (լրացված)

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի ժամ առաջ՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող, հայտնի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը:

Դեպքը տեղի է ունեցել լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Ֆլորա Մարտիրոսյանն իր ոտքով էր գնացել հիվանդանոց՝ ունենալով  ցավի նոպաներ լեղապարկի շրջանում:

168.am-ի աշխատակազմը ցավակցում է երգչուհու ընտանիքին և նրա բոլոր հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին՝ Ֆլորա Մարտիրոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներից տեղեկացանք, որ մահը անսպասելի է վրա հասել լեղապարկի վիրահատությունից երկու օր հետո: Երիկամների աշխատանքի հետ կապված խնդիրներ են առաջացել, որի պատճառով  երգչուհին մահացել է: Բժիշկներն արել են ամեն ինչ՝ երգչուհու կյանքը փրկելու համար: Նա պատրաստվում էր իր հերթական մենահամերգին:  Նյեմբերի 18-ին  Փասադենայում՝ Pasadena Civic Auditorium-ում պետք է  տեղի ունենար Ֆլորա Մարտիրոսյանի «Live in concert» համերգը, որը, փաստորեն, տեղի չունեցավ:

Երգչուհին մի քանի տարի առաջ ամուսնու և երկու զավակների հետ ԱՄՆ-ից Հայաստան էր տեղափոխվել մշտական բնակության, սակայն հնարավորություն չունենալով հայրենիքում ծրագրեր իրագործելու համար՝ կրկին վերադարձավ ԱՄՆ:

 

Ֆլորա Մարտիրոսյանի կենսագրությունը

Ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:

Դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

1973 թվականից սկսել է հանդես գալ «Հանրապետական» ռադիոյով և հեռուստատեսությամբ: Այնուհետև` ուսումը կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երևան:

1978 թվականին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետև Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում:

1989թ. ամուսնացել է, ունի 2 երեխա:

1991թ. մեկնել է Ամերիկայի միացյալ նահանգներ: Հայրենիք է վերադարձել 1995թ. և շարունակել իր երաժշտական գործունեությունը:

1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

2002թ. Լոս-Անջելեսում` Հոլիվուդ և Բրբենկ քաղաքներում հիմնել է «Կոմիտասի» անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն:

2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել և անցկացրել է «Կոմիտաս» համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից և այլ երկրներից:

2007թ. հիմնել է «Artists for peace» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվելու են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` «Այլևս երբեք» ասելու համար:

Նույն թվականին մեծանուն երգչուհին Գլենդելի «Ալեքս» համերգասրահում հանդես է եկել մենահամերգով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը` պոետ, երգահան Մայքլ Սթոունը: Համերգին մասնակցել են նաև Շերոն Սթոունը և հոլիվուդյան բազմաթիվ արտիստներ:

2011թ. Նոյեմբերի 1-ին Լոս-Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցեցին` Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրոունը և ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին է հանձնվել Միացյալ նահանգների կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարում խաղաղության կոչ անելու համար:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս