«Ռուսաստանը փրկել է Արցախը և արցախահայությանը նոր ցեղասպանությունից». Արարատ Կոստանյան
Արաբագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանի կարծիքով՝ Ռուսաստանը փրկել է Արցախը և արցախահայությանը նոր ցեղասպանությունից:
«Շուշին ոչ հայկական համարող, Շուշիին դժգույն և դժբախտ որակում տվող երկրի առաջին դեմքը, շատ պարզ է, որ ի վիճակի չէր լինելու կամ նույնիսկ ցանկություն չէր ունենալու պահել Արցախի մի կտորը՝ Ստեփանակերտը, և մի քիչ ավել տարածված շրջանը: Բնականաբար, Ռուսաստանը կարողացավ Արցախը փրկել ամբողջական կորստից: Ռուսաստանն իր շահերն ունի տարածաշրջանում, համարում է, որ սա ռուսական գոտու տակ է, և դա ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները նույնպես չեն ժխտում: Ռուսաստանը շատ լավ գիտակցում էր՝ ինչ է տեղի ունենում, ինչ մեծ խաղ էր: Իսկ մեծ խաղը հետևյալն էր՝ Արցախի պարտությամբ այստեղ հրահրել հակառուսական ալիք, Հայաստանի հասարակության մեծ մասի մոտ ստեղծել հակառուսական պոռթկում, որ Ռուսաստանը չկարողացավ միջամտել և Ռուսաստանը մեր դաշնակիցը լինելով՝ չկամեցավ մեզ օգնություն հասցնել, և այդ իսկ պատճառով պետք է ռուսական 102-րդ ռազմաբազան հանել և հակառուսական ավելի հստակ քաղաքականությամբ Թուրքիայի ազդեցությունը ուժեղացնելով՝ այս տարածաշրջանը ամբողջությամբ պոկել Ռուսաստանից և դարձնել ՆԱՏՕ-ական ուժի անդամ: Մենք պետք է հստակ հասկանանք՝ եթե այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ն է մուտք գործում, ապա այստեղ մտնում է Թուրքիան, որովհետև այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ամենամոտ անդամը Թուրքիան է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ հավելելով՝ Ռուսաստանը փաստել է, որ չի պատրաստվում հանձնել այս տարածաշրջանը Թուրքիային և ՆԱՏՕ-ին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարողացել է կանխել Թուրքիայի ավելի մեծ ներգործությունը տարածաշրջանում.
«Ճանապարհները, մեծ հաշվով, չէին կարող երկար փակ մնալ այս տարածաշրջանում, որովհետև «Մետաքսի ճանապարհը» շատ արագորեն կառուցվում է, բայց այստեղ հիմնական խնդիրն այն է, թե ով պետք է կարողանա վերահսկի և տիրի այս տարածաշրջանի ուղիներին:
Այդ իմաստով Ռուսաստանը շատ արագորեն գործեց և իր վերահսկողության տակ վերցրեց այդ ճանապարհները: Հայաստանը չպետք է շատ հեշտորեն լցվի հաշտեցման, բարիդրացիական ֆիկտիվ ցանկություններով, և պետք է հաշվի առնել Թուրքիայի գործոնը: Ես կարող եմ նախապատերազմական Սիրիայի հետ համեմատել. Երբ Սիրիայում տնտեսական շրջափակման ժամանակ Սիրիայի իշխանություններին համոզեցին Թուրքիայի հետ սկսել բարիդրացիական հարաբերություններ, սահմանները բացվեցին, վիզային ռեժիմը վերացավ, երկկողմանի մեծ տնտեսական և առևտրական պայմանագրեր կնքվեցին, նույնիսկ համատեղ գործարաններ բացվեցին թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում, և մենք վերջը տեսանք՝ դա ինչպես ավարտվեց: Թուրքիան, երբ տեսավ՝ Սիրիայում ներքին խնդիրներ կան, նա միջամտեց՝ մուսուլմանական եղբայրներին սկսեց զինել, և այսօր Սիրիայի հյուսիսում գտնվում է թուրքական զորքը: Այսինքն՝ հատկապես հայերս չենք կարող Թուրքիայի հետ առանց նախապայմանների սահմաններ բացել, չենք կարող Թուրքիայի տնտեսական այդ մեծ ուժի հետ մեր ներքին փոքր ուժով մրցակցել, նա շատ արագորեն կկարողանա իր պայմանները թելադրել: Դա արդեն կարող է տնտեսապես Հայաստանը նոր կապիտուլյացիայի ենթարկել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում