Համերգ-շնորհանդես Կամերային երաժշտության տանը. կգործարկվեն Yamaha երաժշտական նոր գործիքները
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայանալիք համերգ-շնորհանդեսին կգործարկվեն Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված Yamaha երաժշտական նոր գործիքները՝ դաշնամուր, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ:
Գործիքները նվագախմբին են տրամադրվել Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով:
Ծրագիրն իրականացել է ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ համագործակցության ու հետևողական աշխատանքի արդյունքում:
Շնորհանդես-համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ և դաշնակահար Ականե Սակային (Ճապոնիա):
Համերգի ծրագրում. Մոցարտ՝ Դաշնամուրային կոնցերտ թիվ 9 «Jeunehomme», Բիզե-Շչեդրին՝ «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար: