Բաժիններ՝

«Լիցենզիայի օրենքը կա՞, թե՞ չկա․ թղթին գրված կա, բայց թողել են՝ օնլայն տաքսիները մոտ 60.000 մեքենա անօրինական աշխատեցնեն` մի կոպեկ այս երկրին չտալով, փոխարենը՝ մեր երկրից միլիարդներ դուրս հանելով»․Վահագն Սահակյան

Վերջերս որոշ վարորդներ ԴԱՀԿ-ից նամակ են ստանում ու անակնկալի գալիս: Պարզվում է՝ լիցենզիայի գումար պետք է վճարեն:

Տաքսու վարորդներից մեկը 168.am-ին հայտնեց, որ 2014-2015թթ. վարել է տաքսի սերվիսներից մեկի մեքենան: Մի քանի տարի է՝ ինչ անհատ տաքսու վարորդ է, սակայն լիցենզիայի գումարի չվճարման ակտն (2017-18թթ.) իր անուն-ազգանունով է եկել: Պարզվում է՝ վճարման է ենթակա մոտ 240.000 դրամ:

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի փոխանցմամբ՝ սա միակ դեպքը չէ, մարդիկ կան՝ միլիոնների պարտքի վերաբերյալ ծանուցում են ստացել:

«Ի՞նչ լիցենզավորման մասին է խոսքը, եթե դա կա ու ժամանակին չի կիրառվել: Մարդիկ տարել, լիցենզիաները հետ են հանձնել, որովհետև 10 հոգի ունեցել է, 20.000 հոգի չի ունեցել, ու այդ 20.000-ն առանց փող տալու շահեկան վիճակում աշխատել է:  Օրինապաշտներն էլ հերթական անգամ տուժել են և տարել, լիցենզիաները հանձնել են կամ մոռացել են դրա մասին ու, փաստորեն, տույժ ու տուգանքները, ինչպես վերը նշված դեպքն է, եկել են վարորդի անունով: Հիմա ես հարց եմ տալիս՝ լիցենզիայի օրենքը Հայաստանում կա՞, թե՞ չկա: Իրականում թղթին գրված կա, բայց թողել են՝ օնլայն տաքսիները մոտ 60.000 մեքենա անօրինական աշխատեցնեն` մի կոպեկ այս երկրին չտալով, փոխարենը՝ մեր երկրից միլիարդներ դուրս հանելով: Երևանում տաքսու շրջանառությունն ամեն օր մոտ 500 միլիոն դրամ է, որից 15 տոկոսն օնլայն հարթակների տերերը տանում են: Դրանից ինչ-որ բան վճարում են պետությանը, որը 20-30 անգամ ավելի պակաս է, քան լիցենզիա ունեցող տաքսին պետք է վճարեր: Այն տաքսու վարորդները, ովքեր աշխատում են օնլայն ոլորտում, պետք է լիցենզիա ունենային, բայց չգիտես ինչու՝ նրանցից ոչ ոք լիցենզիա չի ուզում, որպեսզի հարստացնեն այդ 3 հոգուն: Ասել եմ ու էլի կրկնում եմ՝ Yandex տաքսիի տերը հրեա է, ապրում է Ստամբուլում, բայց իրեն այնտեղ չեն թողնում Yandex-ն աշխատեցնի: Այն աշխատում է ԽՍՀՄ նախկին երկրներում ու աֆրիկյան մի 2 երկրում: Այսինքն՝ այնտեղ, որտեղ օրենք չկա, կամ փողով հնարավոր է առնել այդ օրենքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ, շարունակելով գործընկերջ խոսքը՝ հավելեց. «Աբսուրդ է, որ լիցենզիայի գումարները մինչև հիմա պահել են, հատկապես, որ ոլորտում գերիշխող ընկերությունը Yandex-ն է, որը հայտարարում է, թե տաքսի չէ, միջնորդ կազմակերպություն է, և հարկ չեն վճարում: Իր պատվերների 5 տոկոսն է վճարում՝ որպես շրջանառության հարկ: Ասենք՝ 800 դրամի պատվերի 5 տոկոսն է մուծում՝ 40 դրամ: Դա անարդարություն է: Մյուս վարորդներն ամիսը մուծում են 12.000 դրամ, տաքսի սերվիսները՝ 30.000: Այս ո՞ր 4-րդ հանրապետության մասին են խոսում՝ լավ կլինի՝ բիզնես, բանկային ոլորտում զրոյացնեն մարդկանց պարտքերը»:

Հավելենք, որ դեռևս փետրվարի 28-ին անհատ տաքսու վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել ՊԵԿ-ի դիմաց։ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հանդիպել էր լրագրողներին և պատասխանել որոշ հուզող հարցերի: Նրա փոխանցմամբ՝ ամիսը 12.000 դրամ լիցենզիայի գումար հիմա ոչ ոք չի վճարում:

«Նախկինում կային տուրքի գծով կուտակված պարտավորություններ: Կային քաղաքացիներ, ովքեր ժամանակին չէին վճարել այդ 12.000 դրամները: 2019թ. հուլիսին ընդունվեց օրենք, համաձայն որի՝ առաջարկվեց վճարել միայն մայր գումարները, և դրա նկատմամբ հաշվարկված բոլոր տույժ-տուգանքները կզրոյացվեն: Տրվեց 6 ամիս ժամանակ, որպեսզի մայր գումարները վճարեն: Շատ քաղաքացիներ վճարեցին և ազատվեցին տույժերից: Եթե հիմա մենք ունեցել ենք քաղաքացիներ, ովքեր այդքանից հետո չեն վճարել ու հիմա ունեն պարտավորություններ, այո՛, դրանք ենթակա են վճարման»,- ընդգծել էր Ռաֆիկ Մաշադյանը:

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է լուծվելու հավասարության հարցը, և ճի՞շտ են այն տեղեկությունները, որ օնլայն տաքսիները հարկ չեն վճարել մոտ 4 տարի, ՊԵԿ նախագահի տեղակալը պատասխանել էր, որ համամիտ է, դաշտում կա որոշակի անհավասարություն, իսկ ինչ վերաբերում է հարկերին՝ նշել է.

«Ես ժխտում եմ այդ հայտարարությունը: Օնլայն տաքսիները հանդիսանում են հարկ վճարողներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս