«Ինձ գժի տեղ է դնում, ասում է՝ «Yandex»-ը ծրագիր է, տաքսի չէ. Այսինքն՝ ծրագրի վրա նստած՝ գնում-գալիս եք». Անհատ տաքսու վարորդ

Անհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՊԵԿ-ի դիմաց: «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ անհատ տաքսու վարորդների լիցենզիաների համար մոտ 900 մլն դրամի վճարներ կան կուտակված, որոնք գոյացել են 2016 թվականից: Խոսքը մոտ 5000 տաքսու վարորդի մասին է:

«Պարտքերը գոյացել են, երբ զուգահեռ աշխատել են օնլայն տաքսիները՝ առանց հարկ վճարելու: Հեղափոխությունից հետո մեր բոլոր 50-100.000-ի տուգանքները զրոյացվել են, բայց, չգիտես ինչու՝ 12.000 դրամի գումարները մնացել են տղաների ուսերին: Պահանջում ենք, որպեսզի ՊԵԿ ղեկավարությունն ուսումնասիրի այդ ոլորտը և զրոյացնի անցած պարտքերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

««Yandex», GG», «Mobi» և այլ տաքսիներ են ի հայտ եկել: Անգամ իրար հետ պետք է «բազար» անենք՝ 250 դրամով տանե՞նք, թե՞ 200-ով: Օնլայն տաքսիները, 4 տարի է, հարկ չեն վճարում: Տաքսի սերվիսների գործը 50 տոկոսից ավելի կրճատվեց, իսկ մասնավոր տաքսիստներինը՝ 70 տոկոսով: 300 դրամով տեղափոխող վարորդը ոչ մի դրամ հարկ չի վճարում, բայց չէ՞ որ նա եկամուտ է ստանում: Ես լիցենզիայով հարկս վճարել եմ, բայց երբ օնլայն տաքսիները եկան ու չվճարեցին, ես էլ այդպես արեցի: Իմ վրա տույժ-տուգանք է եկել: 10 ամսվա համար 560.000 պետք է վճարեմ,- նշեց Պողոս Օղլուկյանը՝ շարունակելով,- Տաքսին հարուստների համար է: Ամբողջ աշխարհում տաքսին թանկ հաճույք է: Հաշվիչը միացնում են՝ 3-4 դոլար փող է գցում, նոր շարժվում է: 300 դրամով 10 ամիս մեքենա քշեք՝ տեսեք, «ուտիլում» կվերցնե՞ն այն: Պետք է լինեն հավասար պայմաններ: Նրանք 50 անգամ ավելի հարստացան, իսկ ես 50 անգամ ավելի շատ ընկա պարտքերի տակ: Հարկ չենք էլ ուզում վճարել հիմա:

Եթե 100 մարդ նստում է տաքսի՝ 85-ը զանգով է: 300 դրամով ես վառելիք լցնե՞մ, մեքենա սպասարկե՞մ, թե՞ տուն տանեմ: Փոխնախարարներից մեկին մի անգամ հարցրեցի, թե «Yandex»-ն ի՞նչ է, պատասխանեց՝ ծրագիր է, տաքսի չէ: Ինձ գժի տեղ է դնում, այսինքն, ծրագրի վրա նստած՝ գնում-գալիս եք: Մենք առավոտից իրիկուն տուգանվում ենք՝ թե՛ քայլելուց, թե՛ վարելուց: Գնում ես տուն, տնեցիք են արդեն տուգանում: Հիմա էլ «Բոլտ» տաքսի է բացվել. բոլտ՝ առանց գայկայի»:

168.am-ի հարցին՝ փաստեր ունե՞ն, որ օնլայն տաքսիները հարկեր չեն վճարում, բողոքի ակցիայի մասնակիցները մեզ հորդորեցին ՊԵԿ հարցում ուղարկել ու ստացված թվերը դնել նժարին՝ տեսնելու, թե տարբերությունը որն է:

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Պողոս Օղլուկյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ իրենք հանդիպման ժամանակ բարձրացրել են վերը նշված հարցերը, կարևորել են նաև հավասար պայմանների առկայությունը: ՊԵԿ-ում խոստացել են քննարկել հարցը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հանդիպեց նաև լրագրողներին:

«Այն, ինչ ձեզ ներկայացրել են՝ այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ներկա պահին գործող օրենսդրությամբ ոչ մի տարբերություն չեմ տեսնում անհատ տաքսու վարորդների և օնլայն տաքսի ծառայություններում աշխատող տաքսու վարորդների միջև: Օրենսդրական պահանջն այսօր հետևյալն է. տաքսի ծառայություն մատուցող վարորդները պետք է ունենան լիցենզիա, որի համար գումարի վճարում օրենսդիրը չի նախատեսել: Լիցենզիայի առկայության դեպքում կարող են ծառայություն մատուցել, տարբերություն չկա օնլայն ծառայություն մատուցող և անհատ վարորդների միջև՝ հարկային բեռի առումով»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Նրա փոխանցմամբ՝ ամիսը 12.000 դրամ լիցենզիայի գումար հիմա ոչ ոք չի վճարում:

«Նախկինում կային տուրքի գծով կուտակված պարտավորություններ: Կային քաղաքացիներ, ովքեր ժամանակին չէին վճարել այդ 12.000 դրամները: 2019թ. հուլիսին ընդունվեց օրենք, համաձայն որի՝ առաջարկվեց վճարել միայն մայր գումարները, և դրա նկատմամբ հաշվարկված բոլոր տույժ-տուգանքները կզրոյացվեն: Տրվեց 6 ամիս ժամանակ, որպեսզի մայր գումարները վճարեն: Շատ քաղաքացիներ վճարեցին և ազատվեցին տույժերից: Եթե հիմա մենք ունեցել ենք քաղաքացիներ, ովքեր այդքանից հետո չեն վճարել ու հիմա ունեն պարտավորություններ, այո՛, դրանք ենթակա են վճարման»,- ընդգծեց Ռաֆիկ Մաշադյանը:

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է լուծվելու հավասարության հարցը, և ճի՞շտ են այն տեղեկությունները, որ օնլայն տաքսիները հարկ չեն վաճարել մոտ 4 տարի, ՊԵԿ նախագահի տեղակալը պատասխանեց, որ համամիտ է, դաշտում կա որոշակի անհավասարություն, ինչ վերաբերում է հարկերին՝ նա նշեց.

«Ես ժխտում եմ այդ հայտարարությունը: Օնլայն տաքսիները հանդիսանում են հարկ վճարողներ»:

Տեսանյութեր

Լրահոս