«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության արդյունքում մենք պարտվեցինք. Սեյրան Օհանյան
Զինծառայողները, ՊԲ-ի կողմից նշանակված տեղի հրամանատարները՝ Շուշիի, մինչև վերջ մարտնչել են: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
«Մնացած ատյաններում, հարթություններում, վարչություններում, թե ինչ է եղել, թող պատասխանեն պատկան մարմինները»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի՝ ռազմագերիների հարցը լուծել չկարողանալուն, Սեյրան Օհանյանն ասաց, որ դրա պատասխանը պետք է իշխանությունները տան:
«Գտնում եմ, որ պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք: Այսօր էլ նրանք «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում: Կարծում եմ՝ մոսկովյան այցի ընթացքում ամենակարևոր խնդիրներից մեկը ռազմագերիներին վերադարձնելն էր, որի մասին ֆեյսբուքյան գրառում եմ կատարել, նաև մի քանի հարց ուղղել դատախազին: Սա հերթական այն քայլերի շրջանակում է, որ Ադրբեջանը, ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել ՀՀ իշխանությունների վրա: Դա է պատճառը, որ մենք ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն: Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն: Ուրախությամբ չէ, որ ասում եմ, որ մենք պարտվել ենք: Պարզապես նոր, ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններ են մեզ պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, և նաև ընդլայնել և մեր արժանապատվությունն արտաքին աշխարհում պահպանել: Այդպես շարունակական է լինելու: Ասեմ, որ հունվարի 11-ին ստորագրած փաստաթուղթը դրա վառ վկայությունն է: Մեր շատ-շատ հայրենակիցներ ուրախանում են, որ ապաշրջափակում է լինելու: Իհարկե, եթե խաղաղության պայմանագիրը կնքված լինի, եթե հարթված լինեն մեր հարաբերությունները, ապաշրջափակումը տարածաշրջանում շատ լավ է»,- շեշտեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով, որ ռազմական հաղթանակից հետո թուրք-ադրբեջանական տանդեմն ընդլայնելու է իր հարձակումը, այդ թվում՝ տնտեսական, իսկ ասվածի ապացույցը Կարսում կայանալիք թուրք-ադրբեջանական զորավարժությունն է, որի նպատակը հոգեբանական ազդեցությունն է մեզ վրա, տարաշաշրջանի այլ երկրների, մասնավորապես՝ Վրաստանի:
«Եվ անընդհատ տաք պահելն է, որ մենք ուժեղ ենք նաև ՌԴ-ի համար: Այնպես որ՝ այդ ձախողումների, և ոչ թե պարտությունների, այդ հետնահանջի շարունակականությունը մեզ մոտ անընդհատ լինելու է»,- շեշտեց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով սահմանազատումներին՝ նա ասաց, որ ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածության՝ պետք է կանգնել այն տեղում, որտեղ ժամանակավոր հրադադար է, որը վերաբերում է և՛ Արցախի հատվածին, և՛ ՀՀ-ի:
Սեյրան Օհանյանը շարունակեց՝ դելիմիտացիան, դեմարկացիան իրականացնում են այն դեպքում, երբ կան խաղաղության պայմաններ: Այսինքն, հակառակորդ երկրի հետ պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի և այդ ամենն իրականացվի խառը հանձնաժողովների միջոցով:
«Չկան այդ պայմանները, որ մենք հստակ նշենք, չկան այդ սահմանները, որոնք հստակ ընդգծված են: Խորհրդային Միության բազմաթիվ քարտեզներ են իրենք ներկայացնում, և բազմաթիվ քարտեզներում տարբեր դրություն է ընդգծված: Երկրորդ՝ մենք պետք է հասկանանք, որ այնտեղ, որտեղ կանգնեց զինվորը, դրվեց զինվորի ոտքը՝ թե՛ մեր, թե՛ հակառակորդի, հետագայում դելիմիտացիայի և դեմարկացիայի ժամանակ շատ դժվար է լինելու բանակցել և պարտադրել, որպեսզի նրանք հետ քաշվեն սահմանի այս կամ այն հատվածում, կամ մենք»,- ընդգծեց ռազմական գործիչը: