Շենքերում բնակվողների սուրբ գործն է՝ դատարկ պահել այդ նկուղները, որոնք իրենք զավթել են. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ավագանու նիստի ընթացքում խոսեց ապաստարանների և թաքստոցների մասին՝ հայտնելով, որ պատերազմի ժամանակ տարբեր խնդիրներ են ի հայտ եկել:
Նրա փոխանցմամբ՝ Երևանում ունենք 4622 բազմաբնակարան շենք, և ոչ բոլոր շենքերն են, որ ունեն նկուղներ: Սակայն խնդիրն այն է, որ տարբեր վարչական շրջաններում տարբեր են նաև թաքստոցների հարցերը: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի նկուղները ժամանակին սեփականաշնորհվել են և հիմա տարբեր մասնավոր ընկերությունների են պատկանում:
Քաղաքապետ Հայկ Մարությանը գործընկերոջ միտքը շարունակելով՝ հավելեց, որ ինքը վարչական շրջանների ղեկավարների հետ հետևել է աշխատանքներին: «30-40 տարի դրան ուշադրություն չէր դարձվում, և ընթացքում հավաքված թե՛ աղբը, թե՛ խնդիրները 1-2 օրում հնարավոր չէ լուծել: Իրականում սա նաև շենքերում բնակվողների սուրբ գործն է՝ դատարկ պահել այդ նկուղները, որոնք իրենք զավթել են շենքի բնակիչների թույլտվությամբ: Փակել են, ասեմ ավելին՝ անձամբ գնացել, բացել եմ տվել՝ ասելով, որ բաց պետք է պահեք: Մի քանի օր հետո կրկին փակում են՝ ասելով, թե՝ բա մեր ապրանքը որ գողանան: Ասում եմ՝ ժողովուրդ, բա որ մի բան սկսվի, ձեր ապրանքն է կարևո՞ր, թե՞ ձեր հարևանների կյանքը, որ ապրանքի պատճառով պետք է վտանգի ենթարկեք: Վարչական շրջանների ղեկավարներին հորդորեցի պահանջ դնել, որ ընտանիքի անդամներից մեկն անպայման տանը լինի, կամ բանալին թողնեն հարևանների մոտ, երբ դուրս են գալիս, որպեսզի մարդիկ շուտ բացեն և պատսպարվեն: Իսկ, եթե ուզում ենք բոլոր նկուղները մյուս տարի լրիվ դատարկել, դա անհավանական է: Դրա ՕԳԳ-ն կարելի է մեծացնել այն դեպքում, երբ բնակիչները դատարկեն իրենց նկուղները և տրամադրեն ամբողջ շենքին: Բնակիչները պետք է պահանջեն դա, իսկ մենք չունենք վարչական, օրենսդրական լծակ, որպեսզի ստիպենք դատարկել նկուղները: Մարդիկ գրավել, իրենց ապրանքը, կներեք բառիս համար, կոմպոտները, տարբեր տիպի թթու վարունգներ են լցրել ու ասում են՝ որ պետք լինի՝ կբացենք՝ չպատկերացնելով, որ երբ պետք լինի՝ չեն հասցնի»,- ասաց Երևանի քաղաքապետը: