Փաստաբանների հորդորը՝ ԱԺ 5 պատգամավորներին
Այսօր փաստաբանները ՀՀ փաստաբանների պալատի մոտից երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով:
Նրանք ԱԺ ներկայացրեցին երկու փաստաթուղթ, որոնցից մեկը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդոր էր ԱԺ այն պատգամավորներին, ովքեր փաստաբանի կարգավիճակ են ունեցել և կասեցրել են՝ պատգամավորի կարգավիճակով պայմանավորված:
«Փաստաբանական հանրույթի ներկայացուցիչներս այստեղ ենք եկել՝ մեր բողոքի ձայնն այս եղանակով բարձրացնելու համար:
Առաջին փաստաթուղթն ուղղված է ԱԺ հետևյալ 5 պատգամավորներին՝ Արթուր Դավթյանին, Աննա Կարապետյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Սուրեն Գրիգորյանին և Նիկոլայ Բաղդասարյանին: Հաշվի առնելով, որ իրենք հանդիսացել են փաստաբան, սակայն արտոնագիրն այս պահին կասեցված է պատգամավորական կարգավիճակով պայմանավորված՝ հորդորում ենք չդառնալ այս հայրենադավ գործընթացի մաս և կանգնել քաղաքացու և պետականության կողքին, նպաստել գերիների վերադարձմանը, ՀՀ սահմանների պաշտպանությանը, դրսևորել բարձր քաղաքացիական գիտակցություն՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, սակայն պահպանել մանդատը՝ հետագայում հայանպաստ որոշումներին քվեարկելու որոշում ունենալու հեռանկարով»,- ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ մասնագիտական համայնքն ունի՝ ինչպես պատմական, այնպես էլ՝ սկզբունքային հիշողություն, հետևաբար հիշելու են նրանց վարքագիծը:
Մյուսն փաստաթուղթն ուղղված է Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին, որով փաստաբանները պահանջում են վերացնել ռազմական դրությունը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:
«ՀՀ վարչապետի վարած քաղաքականության արդյունքում տապալվեցին Արցախի Հանրապետության խնդրի շուրջ բանակցությունները, Արցախը ենթարկվեց զինված հարձակման, որի արդյունքում՝ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ նահատակվեց ավելի քան 5000 հայորդի, բազմաթիվ մարդիկ ստացան հաշմանդամություն, 100-ավոր հայորդիներ գերեվարվեցին, 100-ավոր զինծառայողներ համարվում են անհետ կորած: ժողովրդից գաղտնի ստորագրվեց մի փաստաթուղթ, որով Ադրբեջանին փոխանցվեց Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը, շուրջ 80 տոկոսը: Այժմ վարչապետը Սյունիքի և սյունեցիների անվտանգությունն ապահովելու փոխարեն՝ այնպիսի դիրքեր է հանձնում Ադրբեջանին, որոնց փոխանցմամբ սյունեցիների կյանքն ուղղակի վտանգի տակ է դնում: Վարչապետի գործողության և անգործության արդյունքում Ադրբեջանը գերեվարել է հայորդիներին՝ անգամ ռազմական գործողությունների փաստացի դադարից և հայտարարությունը ստորագրելուց հետո: Մենք պահանջում ենք՝ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, ինչպես նաև պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը»,- նշեց Արա Զոհրաբյանը: