Նիկոլ Փաշինյան․ ամենաէժան վարչապետը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսվեց տարատեսակ ապրանքների ու ծառայությունների էժանացման մասին խոստումներով։ Սկզբում եկավ էժան ավիատոմսը՝ դեպի Եվրոպա, էժանությունը գերակայեց ազգային ավիափոխադրող ունենալու ռազմավարական կարևորությանը։ «50 եվրոյով՝ Միլան» կարգախոսը հաղթեց ցանկացած բանական հակափաստարկի։

Բանականության վրա ազդեց նաև բանանի էժանացումը։ Մենք դարձանք տարածաշրջանում ամենաէժան բանան վաճառող երկիրը։ Էժանության գաղափարախոսությունն այդպիսով դարձավ պետական քաղաքականություն։ Այդ ընթացքում, սակայն, էժանանում էին ոչ միայն բանանն ու ավիատոմսը։

Մինչև էժանացման գաղափարախոսները կհայտնվեին իշխանության, արդեն հասցրել էին էժանացնել քաղաքականությունը։ Իրականում ամեն ինչ սկսվել էր հենց քաղաքականության, քաղաքական մտքի էժանացմամբ, ինչը ճանապարհ էր հարթելու պոպուլիզմի հաղթարշավի համար։ Այդ ճանապարհին քաղաքական միտքը, գաղափարը փոխարինվեց կարգախոսներով, այն դեպքում, երբ կարգախոսները ոչ թե նպատակ են, այլ միջոց՝ միտքը տեղ հասցնելու համար։ Բայց մտքի բացակայության պատճառով դրա տեղը լրացրեցին կարգախոսները՝ «Մերժիր Սերժին»-ից հասնելով մինչև «Նիկոլ վարչապետ»։

Նա վարչապետ դարձավ հենց քաղաքականության ու մտքի էժանացման շնորհիվ և գալու էր իրականացնելու ամենայնի էժանացման քաղաքականությունը։ Քաղաքականության էժանացումը զուգորդվել էր ու է՛ խոսքի հետևողական էժանացմամբ։ Որևէ ինստիտուտ այդպես էլ չավարտած Նիկոլ Փաշինյանը կայացրեց անպատասխանատու խոսքի, հայհոյանքի ու զրպարտության ինստիտուտը։

Քաղաքականության ու խոսքի էժանացմանն օրինաչափորեն հաջորդեց պետության էժանացումը, պետական ինստիտուտների դևալվացիան։ Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ սատանա գտնելու հրահանգից՝ մինչև գազալցակայանում ՀԴՄ կտրոնի ստուգում, դատարանների շրջափակումից՝ մինչև կոկորդիլոս բուծող մարզպետ․․․ դրանք բոլորը պետության էժանացման ակտեր էին։ Իսկ «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսով դրվեց Արցախի էժանացման ու, ինչպես ավելի ուշ էր պարզվելու՝ հանձնման գործընթացի սկիզբը։
Պետության էժանացմանը զուգահեռ՝ էժանացվեց քաղաքացին՝ քաղաքացու տոնը դարձավ խորովածի փառատոն, քաղաքացու հետ զրույցն իջեցվեց գյալաջիի մակարդակի, քաղաքացին հետևողականորեն դարձվեց մատնագրող։ Բայց քաղաքացին կուլ տվեց էժանության խայծը, քանի որ աղքատ հասարակություններում բոլորն են վազում էժանի հետևից։ Եթե անգամ դա պետության էժանացման առաջարկ է։ Վազեց՝ չհասկանալով, որ ոչ միայն ամեն ինչի էժանը որակյալը չէ, այլ հակառակը՝ էժանը, որպես կանոն, լինում է անորակ ու անսարք։ Ինչպես բանակի համար կասկածելի գործարքներով գնված զինատեսակներն ու արկերը։

Իրականում մենք պատերազմում պարտվել ենք նաև այս՝ ամենայնի էժանացման պատճառով։ Պարտվել ենք, որովհետև ելակի ու վարտիքի կոնցեպտով զարգացող բանակը պարտվելու էր «Բայրաքթարին», ինչպես որ պարտվելու էր բանակցային սեղանը վերելակի խցիկով փոխարինելու շուստրիությունը։
Մենք պատերազմում պարտվել ենք էժան պետություն ու էժան վարչապետ ունենալու պատճառով նաև։ Պարտվել ենք՝ վճարելով թանկ, չափազանց թանկ գին, հնարավոր ամենաթանկը աշխարհում՝ 5 հազարից ավելի զոհեր և կորսված հայրենիք։
Բնության մեջ ամեն ինչ ունի իր գինը։ Մենք հիմա վճարում ենք էժան պետություն ունենալու գինը։ Վճարում ենք՝ ընդհուպ պետությամբ, քանի որ էժան պետությունների փոխարժեքը համաշխարհային քաղաքականության մեջ, որպես կանոն, արժեզրկվում է՝ հասնելով անդառնալիության կետին, որին մենք արդեն գրեթե հասել ենք։ Որովհետև ընտրել ենք էժան կյանքով ապրելու թանկ հաճույքը։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս