«Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով և ինչ պայմաններով կհրապարակայնացնեմ այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել». Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է, որ հանրային ճնշման հետ՝ Նիկոլ Փաշինյանն այլ ելք չի ունենալու, քան հեռանալը. նա պետք է արագ հեռանա և դրանով ցույց տա, որ գոնե մի փոքր մտածում է երկրի մասին։

Դիտարկմանը՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից Նիկոլ Փաշինյանին փոխանցած ծրարի հետ կապված հստակ պատասխան չի տվել, կարո՞ղ է հստակ որևէ բան ասել, Արթուր Վանեցյանն պատասխանեց.

«Կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել։ Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով և ինչ պայմաններով կհրապարակայնացնեմ այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ։ Երկու տարի առաջ, երբ ես հանդես եկա հրաժարականի կոչով,  բոլորին թվաց, թե Վանեցյանը «Կանգ առ»-ի կոչ է անում իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարի համար, այնինչ դրա դեմ պայքարում առաջիններից մեկը ես եմ եղել, և այդ հեղափոխության, ցավոք, սիմվոլներից մեկն եմ եղել։ Ես բազմիցս ասել եմ, բարձրաձայնել եմ, և կոմունիկացիան ճիշտ չլինելու արդյունքում սխալ են ընկալել։ Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ ես որպես ԱԱԾ տնօրեն՝ ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի, այսպես ասած, օպերատիվ կապը, դրա մասին բազմիցս խոսվել է։ Եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում, այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են ԱԱԾ խորհրդի  բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են ԱԱԾ խորհրդում։ Այսօր հարուցված է քրեական գործ, և Դատախազությունը պատասխանել էր Արթուր Ղազինյանին, թե հարուցված է քրեական գործ պաշտոնական դիրքը չարաշահելու հոդվածով, և որի մեջ հստակ նշված է, որ որոշ անձինք ազդել են պատերազմի ելքի վրա։ Ուրեմն՝ այդ գործի շրջանակներում կիրականացվի քննություն, կտրվի պատասխան պատերազմի սկսվելու, ընթացի վերաբերյալ»,- այսօր արժանապատվության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում շեշտեց Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս հայտարարեց, որ Արթուր Վանեցյանն է եղել այն միջնորդը, որը Դուբայում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայից ծրար է վերցրել ու փոխանցել Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս