Կվերադառնանք համակարգ, երբ իշխանությունը կհեռանա. դատախազներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատախազական համակարգում արշալույսները եւս խաղաղ չեն, եւ շատ դատախազներ արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել դատախազների հայտարարության տեքստը: Ստորեւ ներկայացնում ենք դատախազների հայտարարությունից մի հատված. «Ստեղծված օրհասական պայմաններում դատախազները չեն կարող անմասն մնալ կատարվող իրադարձություններին:
Մենք մշտապես առաջնորդվել ենք օրենսդրական այն պահանջով, որ դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն: Սակայն այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր դրսեւորել քաղաքական զսպվածություն, երբ բարձրաստիճան մի խումբ քաղաքական գործիչների «քաղաքականության» արդյունքում հայրենիքի մի մաս ենք կորցրել: Եվ ինչպե՞ս պահպանել քաղաքական չեզոքություն, երբ չեզոք լինելը նշանակում է համակերպվել այս իրողության հետ եւ հնարավորություն տալ անհայրենիքների այս խմբին թշնամուն զիջել հայրենիքի մնացած մասը:
Մեծ պատիվ կհամարենք վերադառնալ դատախազության համակարգ շարունակելու մեր ծառայությունը հանուն մեր հայրենիքի այն դեպքում, երբ ներկա իշխանությունները կհեռանան, ու նրանց փոխարեն երկրի կառավարման ղեկը կստանձնի հայրենասեր, պրոֆեսիոնալ եւ համազգային շահերով մտահոգ իշխանություն»: