«Պատմությունը ցույց տվեց, որ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հայացքները, և՛ Սերժ Սարգսյանի քայլը տեղին էր». պատմաբան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը կարևոր դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: Այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես նաև ցանկանում եմ կարևորել այն հարթակը [տարածաշրջանային անվտանգության ապահովման համար], որի մասին ասաց իմ եղբայրը [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը]: Այդ հարթակում կարող են ընդգրկվել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, և, եթե համաձայնի, ապա Հայաստանը»,- նշել է նա:

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան «խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ»: «Մենք խնդիրներ ունենք Հայաստանի ղեկավարության հետ: Եթե նրանք դրական քայլեր կատարեն, ապա մենք կարող ենք բացել Հայաստանի հետ մեր սահմանը»,- հավելել է նա:

Պատմաբան, «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանի կարծիքով՝ Էրդողանն իր ելույթում ասաց, որ պատրաստ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ուստի, հայկական կողմից պետք էլ պետք է արձագանք լինի:

«Դրանից առաջ կա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, որն արվել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից կազմակերպված Արևելյան Միջերկրածովյան սեմինարի ժամանակ։ Նա ասել է, որ աչք չունեն Հայաստանի տարածքի վրա։ Սա կարևոր մեսիջ է, երկրորդն էրդողանի ելույթն էր, որն ըստ էության ուղերձ էր Հայաստանին՝ նաև ՀՀ իշխանությանը, որ մենք պատրաստ ենք հարաբերությունները կարգավորել: Կարծում եմ՝ հայկական կողմից էլ պետք է համապատասխան արձագանք լինի: Ենթադրում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանը զարգացում չունի: Թուրքիայի նախագահն ավելի խորիմաստ ելույթ ունեցավ՝ ի տարբերություն Ալիևի, որը բացառեց Հայաստանի հետ հարաբերությունները: Էրդողանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են, սակայն չասաց, թե ինչ պայմանների դեպքում: Դա է շատ հետաքրքիր, թե ինչ պայմաններ է առաջարկում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Մելքոնյանը:

Պատմաբանի դիտարկմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը գնալը շատ ցավոտ է ընդունվելու երկու հասարակություններում էլ, հատկապես հայ հասարակությունում, որտեղ սկսում է աշխատել պարտության սինդրոմը:

«Բոլոր դեպքերում մենք պետք է շարժվենք առաջ: Կարծում եմ, որ կարելի է այս պահն օգտագործել ու Թուրքիայի հետ որոշակի հարաբերություններ կարգավորել: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ շատ ճիշտ, համարձակ քայլ կատարվեց, սակայն շատ քննադատվեց, իսկ պատմությունը ցույց տվեց, որ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հայացքները, և՛ Սերժ Սարգսյանի քայլը տեղին էր, անհրաժեշտ էր, պարզապես ժամանակից մի փոքր շուտ էր և՛ մեր, և՛ նրանց հասարակությունները պատրաստ չէին: Ցավոք, այսօր էլ պատրաստ չեն, և առաջին քայլը հասարակություններին պատրաստելը, ապա հարաբերությունների կարգավորմանն անցնելն է: Իշխանությունը պետք է չլինի ազգային ռոմանտիկ. ինչպես ցույց տվեցին 1910-ական ու 90-ական թվականները՝ դա բերում է միայն աղետների: Պետք է լինի իշխանություն, որը սթափ կգնահատի իրավիճակը և կտանի հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը: Առանց պաթոսի քաղաքականություն է պետք վարել»,- նշեց Գևորգ Մելքոնյանը:

Անդրադառնալով պանթուրքիզմի գաղափարախոսությանը՝ պատմաբանը նկատեց. «Պանթուրքիզիմի գաղափարախոսությունը շատ հարաբերական է, ոչ միանշանակ է պանթուրքիզմի քաղաքականությունը: Շատ դեպքերում Կովկասի ժողովուրդներին փորձում են վախեցնել այդ գաղափարով և հետո՝ 100 միլիոնանոց թուրքական աշխարհի դեմ, եթե նա ունի անգամ պանթուրքիստական նպատակ, մեր երկու միլիոն ժողովուրդը չէ, որ պետք է պայքարի: Մենք չենք կարող Կիլիկիայի պատմության նման ընկնել մամլուքների ավերածության տակ՝ հանուն Եվրոպայի խաչակիրների: Մեծ պետությունները, որոնք դեմ են դրան, թող նրանք քայլեր իրականացնեն, այլ ոչ թե մեր այս փոքրիկ հանրապետությունը դնեն հարվածի տակ: Մենք պանթուրքիզմի պատնեշ չենք, և մեր ուժն ու հնարավորությունը չի էլ ներում այդ պատնեշը լինել»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ ինչ-որ հարաբերություններ կարգավորելուն՝ Գևորգ Մելքոնյանը նշեց, որ Ադրբեջանի հետ այս պահին, չի կարծում, որ հարաբերությունների կարգավորում հնարավոր է, քանի որ երկու հասարակություններն էլ շատ հեռու են խաղաղությունից:

«Իսկ Ալիևի հայտարարությունն ավելի շատ համարում եմ պրոպագանդիստական, և հետո, եթե մի երկիր այնքան է թուլանում, որ իր տարրական շահերը չի կարողանում պաշտպանել, պարզ է, որ հարևանները փորձելու են օգտվել: Հիմա մեր թուլության համար մի մեղադրեք ուրիշներին: Նրանք մեղավոր չեն, որ այնքան թույլ ենք, որ ամենափոքր սահմանները չենք կարող պաշտպանել»,- եզրափակեց պատմաբանը:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, սակայն, չի հասկանում, թե՝ «մենք աչք չունենք Հայաստանի տարածքի վրա։ Այս պահին խնդրի այսպիսի կարգավորումը նաև հայ ժողովրդի օգտին է լինելու: Հետևաբար, մենք կողմ ենք արդար բաժանմանը» ասելով՝ ի՞նչ նկատի ուներ Չավուշօղլուն:

«Այդ ձևակերպումը շատ անհասկանալի էր: Ի՞նչը արդարացի կիսվեն, ո՞ւմ հետ կիսվեն, դրա մասին ոչինչ չասաց: Կարծում եմ՝ հետագայում թուրք լրագրողները կփորձեն պարզաբանում ստանալ այս հարցի հետ կապված»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը:

Իսկ Էրդողանի հայտարարությունը, թե մենք ժողովրդի հետ խնդիր չունենք՝ դա, թուրքագետի մեկնաբանմամբ, ընդունված խոսք է, օգտագործում են թշնամական երկրները, այնպես, ինչպես ԱՄՆ-ը՝ Իրանի նկատմամբ, Իրանը՝ Իսրայելի:

Տեսանյութեր

Լրահոս