«Իմիտացիաների ժամանակն ավարտվում է»
Հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի հետ
– Վերջերս ավելի հաճախ է հնչում արտահայտությունը, որ քաղաքականության մեջ բարոյականություն չկա: Ձեր կարծիքով` քաղաքականությունն ու բարոյականությունն անհամատեղելի՞ են:
– Ապրում ենք զարմանալի ժամանակաշրջանում, երբ քաղաքականությունը դուրս է բարոյականությունից, մարդու բարձր կոչումից: Մարդն ունի ցածր կոչում, որն անցկացնում է` որպես ընթացիկ մարդ: Այս վիճակը ճանապարհն է` մարդ-կենդանուց դեպի մարդ-բանական մարդ: Այդ տեսակետից այդ անցումն իրականություն է դառնում: Մարդ-կենդանին, ինչպես կենդանին, բարոյականություն չունի և ամեն ինչ անում է բնազդներով: Այն ամենն, ինչ անվանում ենք քաղաքականություն, ուղղված է այդ վերաբաժանումներին, զավթումներին, ինչպես ընդունված է գիշատիչների աշխարհում: Մարդը տարբերվում է միայն գիտակցությամբ, ինչի պատճառով ավելի գիշատիչ և ընչաքաղց է, քան կենդանական աշխարհի ներկայացուցիչը, քանի որ իր այդ որակները կարողանում է ընդլայնել` շնորհիվ գիտակցության: Այդպիսի զարգացումը պետք է ավարտվեր այն բանով, որ մարդն առնվազն ոչնչացներ ինքն իրեն: Դրան պետք է փոխարինի այլ մարդու աշխարհ: Այդ իմաստով քաղաքականությունը նույնպես կարող է լինել միայն բարոյական, հակառակ դեպքում` դա ոչ թե քաղաքականություն, այլ գիշատիչների տնտեսական խմբերն են, որոնք հորինել են մի գործառույթ` այն անվանելով քաղաքականություն, կռիվ` իշխանության լծակների համար:
– Չե՞ք կարծում, որ քաղաքականության մեջ բարոյականություն չտեսնելն արդարացնում է մեր երկրի իշխող վերնախավի գործողությունները` նաև մոտ ապագայում:
– Այդ իրավիճակն ամենուր է, և պետք չէ սահմանափակվել միայն Հայաստանով: Աշխարհում տեսնում ենք բացարձակ անբարոյականության դեպքեր, և այդպիսին է այն, ինչ անվանում ենք քաղաքականություն: Բայց դա այդպիսի քաղաքականության հրաժեշտի երգն է: Բարոյականությունը միանգամից չի ծնվելու: Շատ երկրներում բարոյականության արտաքին դրսևորումն արդեն կա: Այդ դեպքում, համաձայնեք, դա ավելի անբարոյական կեցվածք է, որովհետև մի բան է, երբ մարդն անկեղծ ասում է, որ ինքն առաջնորդվում է լափի սրբազան սկզբունքով, այլ բան է, երբ խոսում է իր բարոյականության մասին, մինչդեռ քողարկված երևում է այդ նույն ստորության հոսանքը: Զարմանալի հոսանք է ստեղծվել մեզ մոտ, երբ մարդիկ ձգտելով գիշատիչ մարդու նպատակներին, տառապելով նրա երազանքներով` առաջին հերթին հենց քաղաքական դաշտը, իրենց քայլերով իրականացնում են այդ աշխարհի ոչնչացման ծրագիր` նախապայմաններ ստեղծելով նոր աշխարհի համար:
– Բայց դա հասարակությանը բերում է հիասթափության:
– Ճիշտ եք նկատել, բայց այդ հիասթափությունն անհրաժեշտ է: Պատկերացրեք` եթե նրանք չհիասթափվեին այդ քաղաքական դաշտից, և շատ պարկեշտ թվացող մարդիկ սպասարկեն գիշատչի աշխարհը` համարելով, որ մարդ պետք է ապրի, որ ավելի շատ հարստություն դիզի, այդ դեպքում մարդիկ կարող են հավերժ մնալ այդ աշխարհում:
– Բայց այդ հիասթափությունը բերում է անզորության: Եվ հենց բարոյականության ճգնաժամի հետևանքով մարդիկ թողնում-գնում են երկրից: Դա համարո՞ւմ եք պայքարի ձև: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը մեր թերթին տված հարցազրույցում ասել է, որ հասարակության պայքարի ձևերից մեկն արտագաղթն է:
– Դա չեմ համարում պայքարի ձև: Մի պայքար կա, որ մեր ժողովուրդը դարեր շարունակ տանում է` գոյատևման պայքարը: Սակայն շատ դեպքերում էլ մոռացության է տրվում զարգացման պայքարը, որովհետև նույն վիճակում մնալը բերում է լճացման: Ինչ նկարագրեցիք, վատ երևույթներ են, բայց մինչև չհիասթափվես այն բանից, ինչին ծառայում ես` նորը չի ծնվի: Մեջբերեմ իմ բարեկամի ձևակերպումը. մինչև դժոխքի դուռը չտեսնես, «Փրկեա Տերը» չես հիշի: Մի վիճակ է, երբ մարդիկ գաժավիժում են, բայց շարունակում են փնտրել ելքեր երկրորդական-երրորդական հանգամանքներում, ինչպես, օրինակ, եթե այս ղեկավարը կամ կուսակցությունը լինի, ապա լավ կլինի ամեն բան, սակայն չեն անդրադառնում կյանքի իմաստներին:
– Իսկ արդյո՞ք այդ «Փրկեա Տերը» կլինի նախագահական ընտրությունները: Ի՞նչ զարգացումներ կլինեն:
– Այսօր աշխարհում նախագահական ընտրությունները գիշատիչ մարդու համակարգի մի մասն են: Այն, ինչ հիմա կատարվում է` ակամա սպասարկում է գիշատիչ աշխարհի ոչնչացումը: Նրանք ծնում են այն մարդկանց, ովքեր հիասթափությունից հետո ևս մեկ աստիճան գնացել են: Նրանք սկսել են փնտրել այն, թե արդյո՞ք կա մեկ այլ պատկերացում, գիտելիք մարդու, աշխարհի մասին` տեսնելով այլ ճանապարհներ մարդու համար, և ոչ թե այն, ինչ տրվել է` ինչքան շատ իրեր ունենաս, այդքան երջանիկ կլինես: Սա մարդու ինքնաոչնչացման բանաձևն է: Այդ դեպքում մարդիկ սկսում են խժռել իրար` ամեն ինչը վերածելով իրերի: Այս բանաձևը պետք է ոչնչացվի` նախագահական, խորհրդարանական ընտրություններով կամ առանց դրանց, կուսակցություններով կամ առանց դրանց: Դրանց փոխարեն գալիս է մարդը, ով իրեն դրսևորելու է որպես արարող, աշխարհում ներդաշնակություն հաստատող էակ:
– Դրան կարո՞ղ է նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորումը: Արդյո՞ք հենց դա նկատի ունեք:
– Քաղաքացիական հասարակարգը դրա շղարշն է: Մարդը զարգանում է և այլևս չի կարողանում ապրել այս հին աշխարհում: Քաղաքացիական հասարակարգը ոչինչ չի որոշում աշխարհում: Այն պատրանք է ստեղծում, որ մարդը կարող է ազդել որոշ բաների վրա: Սակայն դա մարդու ամբողջական էության դրսևորումը չէ, այլ դրա ձևն է: Իսկ նախագահական ընտրությունների շրջանակում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ժողովրդին կտրուկ ակտիվացնելու են: Եվ դա` ոչ այն պատճառով, որ այդ մարդիկ շահագրգռված են, այլ այն պատճառով, որ այդ մարդիկ շահագրգռված են, որ այս անգամ էլ կերակրատաշտի լծակի օգտագործման, բաժանման բանալին անցնի իրենց ձեռքը: Ոչ ոք չի ասում` եկեք վերանայենք կերակրատաշտի սկզբունքը: Ամեն մեկը հույս ունի, որ այն անցնելու է իրեն` ձգտելով սպասարկել դրսի ուժերին, որոնք մեծ ազդեցություն են ունենալու, կատարել որոշակի շարժումներ, որոնք կամրապնդեն իրենց դիրքերը: Այդ իմաստով նրանք փորձելու են ակտիվացնել ժողովրդին, որն այլևս չի դիտարկում նրանց` որպես ելք: Այդ ժողովրդի հետ աշխատելու են նաև նրանք, ովքեր առաջարկելու են ուրիշ համակարգ:
– Իսկ այդ ակտիվացնող գործընթացների մեջ ներառո՞ւմ եք ԲՀԿ-ի հայտարարած խորհրդակցությունները` պետական կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հարցի մասին:
– Ամեն ինչ ներառվում է այդտեղ` եթե ԲՀԿ-ի գործողությունը չլիներ, եթե ՀՅԴ-ն չհամաձայներ, և այլն, ապա ՀՀԿ-ն կհամարեր, որ այդպես հանգիստ կվերարտադրվի: Եթե նրանց փոխարեն լիներ ԲՀԿ-ն, ապա նույնը կաներ: Բայց հիմա ամեն մեկն իր դերն է խաղում: ՀՀԿ-ն փորձում է ամեն բան պահպանել, հանգիստ անցում կազմակերպել, իսկ ԲՀԿ-ն էլ ասում է` ինչպե՞ս հնարավոր է, որ այդպես լինի: Այս բոլոր գործողություններում շատ մեծ է արտաքին գործոնը: Սակայն կարևորը ոչ թե դա է, այլ այն, որ այս գործընթացը հանգեցնելու է առճակատումների բարձրացման, ժողովրդի ակտիվացման և որակների փոփոխության:
– Դա սպասվո՞ւմ է նախագահական ընտրություններից առաջ:
– Նախագահական ընտրություններն օգտագործվում են: Դա կլինի դրանից առաջ թե հետո` արդեն Կասանդրայի գործառույթներից է: Սկսվելու է մի գործընթաց, որը բերելու է լարման ուժեղացման: ՀՀԿ-ն ստիպված կլինի արձագանքել այս մարտահրավերներին, որտեղ լինելու է նաև ուժերի ակտիվացում: Իսկ ՀՀԿ-ն կտեսնի, որ այդպես հանգիստ չի կարող իրականացնել գործընթացը, քանի որ իմիտացիաների ժամանակն ավարտվում է:
– Իսկ պատրանքային չե՞ն այդ քայլերը, և արդյո՞ք չեն վերահսկվում հենց ՀՀԿ-ի կողմից:
– Ցանկացած բան կարող է վերածվել պատրանքայինի` մեկ պատճառով. քանի որ առևտրական ուժերը միշտ պատրաստ են գործարքների` այս կամ այն ձևով, այս կամ այն արտաքին ուժի միջամտությամբ: Արտաքին ուժերն էլ հակված են մեկ գործընթացով վախեցնել, ավելի մեծ բան պոկել իրենց համար, հասնել իրենց նպատակներին` ոչ թե ջախջախելով, այլ ձեռնտու գործարքի մեջ մտնելով: Չենք կարող կանխագուշակել, թե ինչը կվերածվի պատրանքի, բայց այսօր երևում է հետևյալը` այն, ինչ կա, գնում է կտրուկ աշխուժացում` այն պնակի, որ անվանում ենք քաղաքական: Իսկ դրա հետևանքը լինելու է ժողովրդի աշխուժացումը, ինչը ստեղծում է հնարավորություն այլ որակի անցնելու համար: Եվ հարցն այն է, թե ինչպիսի՞ն կլինի այդ որակը` կլինի՞ հերթական պատրանքը, շղարշը` քաղաքացիական հասարակարգի նոր զարգացման, սահմանադրական կարգի նոր դրսևորման ձևով, թե՞ իրոք կանցնենք նոր մարդու աշխարհին:
– Այսինքն` ենթադրում եք, որ կրկնվելո՞ւ է 88-ի շարժումը:
– Սրբապղծություն կլիներ, եթե «ո՛չ» ասեի, քանի որ նշում ենք դրա 25-ամյակը: Ժամանակն է, որ այն վերջապես հաղթահարի իր շեղումը: Շարժումը մի հսկայական շեղման անցավ` իշխանության լծակները ձեռք բերելու պահից սկսած, բայց գոնե մինչ պատերազմի ավարտը հիմնական տենդենցը մնում էր շարժման շունչը: Դրանից հետո շարժումը գերազանցեց շարժման շունչը` երկիրը տանելով այլ ուղղությամբ: Իսկ խոստումն այդպես էլ մնաց չռեալիզացված: Իհարկե, հիմա այն ժամանակն է, որ կարելի է վերադառնալ դրա փիլիսոփայության գծին. մարդկային աշխարհի բարձր իդեալների անցումը նորից կարող է կատարվել:
– Հնարավոր համարո՞ւմ եք ԲՀԿ-ՀԱԿ միասնական թեկնածուով հանդես գալը:
– Առևտրի, գիշատիչ աշխարհում ամեն ինչ հնարավոր է: Ժամանակին Վիսոցկին բնութագրել էր այդ աշխարհը, երբ ընձուղտը բիզոնի հետ ամուսնանում է, իսկ թե ի՞նչ է ծնվում դրա արդյունքում` Աստված գիտի: Այստեղ ամենակարևոր որակն այն է, որ այդ ուժերը բերում են նոր Հայաստանի ծննդին, ինչը նրանք չեն պլանավորել: ՀԱԿ-ում շատերն անկեղծորեն նվիրված են նոր հասարակության ստեղծմանը`համոզված լինելով, որ քաղաքացիական հասարակությունն ու սահմանադրական կարգն այդ նոր աշխարհն է: Իսկ դա մեռնող աշխարհի ամենաբարձր կետն է: Այսօր մարդուն անհրաժեշտ է նոր փիլիսոփայություն, նոր կրոն: Քրիստոնեության լեզվով` նոր կրոնը Քրիստոսի երկրորդ գալուստն է, իսլամի լեզվով` Մաղդիի գալուստը, և այլն, ինչն այս աշխարհի լեզվով կոչվում է նոր սահմանադրություն:
– Այսօր աշխարհը միակենտրոն դարձնելու միտում կա` աշխարհը բերել մեկ կրոնի, կառավարման մեկ համակարգի, և այլն: Այդ մասին խոսվում է նաև Քոլեմանի «300 կոմիտե կամ դավադրության տեսություն» գրքում: Դա՞ է Ձեր նշած նոր աշխարհի ձևավորումը:
– Կարելի է անվանել և այդ բառով կամ այլ տերմիններով: Վերջերս անգլիական թերթերից մեկը, անդրադառնալով Օբամայի հաղթանակին` շնորհավորեց իլյումինատներին` հերթական հաղթանակի կապակցությամբ: Այդ ամենը, ինչ նշեցիք` 300 կոմիտե, դավադրության տեսություն և այլն` իլյումինատների կառավարման համակարգն է: Այն, որ համաշխարհային կառավարման ձգտող կենտրոններ, դեմքեր, անձեր, կառույցներ կան և շատ ակտիվ գործում են` միանշանակ է, և, որ դրանք հասել են մեծ հզորության` նույնպես ակնհայտ է: Կարևորն այն է, որ այսօր այդ աշխարհի փիլիսոփայությունն ավարտվում է, և չի երևում, որ այդ համաշխարհային հզորության կետերը վերանայում են դա: Նրանք գիտակցաբար պատրաստ են հրաժարվել այդ տենդենցից և կյանքի կոչել այլ տենդենց: Նրանք, ովքեր գնում են մաքրության, բարձր իդեալների ճանապարհով, որոշում են, որ պետք է գործիք ձեռք բերի դա հաստատելու համար: Իսկ այսօրվա աշխարհում գործիքն իշխանությունն ու հարստությունն է, հետո սկսվում է այդ իշխանության և հարստության պայքարը, այնուհետ մոռացվում է նպատակը, քանի որ միջոցների համար տարվող պայքարը դառնում է հիմնական: Մոլորակի հիմնական խնդիրը դա է: Գրեթե բոլոր գաղտնի կառույցները սկսում են բարձր իդեալների գործընթացներով, ապա հանուն դրա` որոշում են ձեռք բերել այդ լծակները, և ավարտվում է նրանով, ինչով ավարտվում է: Անկախ այն հանգամանքից, թե ԱՄՆ-ում հաղթեին իլյումինատները, այսօր այդ համակարգը պարտվում է մոլորակում: Այն ի վիճակի չէ ապահովել մարդկության և մոլորակի ապագան:
– Մի հռետորական հարց` մարդկությունը դեպի ո՞ւր է գնում:
– Հասարակական կարգը պարուրաձև է զարգանում, որի մի պտույտն արդեն ավարտվում է, և մարդը վերադառնում է այնտեղ, ինչ ինքն անվանում է դրախտ: Իսկ մարդը դուրս եկավ դրախտից` գիտելիք ձեռք բերելու համար: Նա հսկայական քանակությամբ որակներ ձեռք բերեց` հաց վաստակել, մտածել, կազմակերպել աշխատանք, կամք դրսևորել և այլն, իսկ հիմա նա նորից վերադառնում է այդ դրախտային վիճակը` այդ բոլոր որակները ձեռք բերած: Այսինքն` այդ դրախտը լինելու է մի կարգ արդեն ավելի բարդ և կատարյալ: Վերադարձը դեպի այդ աշխարհ է, նոր ներդաշնակ մի երկիր: Կարծում եմ` արարատյան մարդը վերջինը չի լինի այդ աշխարհը ձևավորելու հարցում:
– Որպես կանոն` վերջին ժամանակաշրջանում հարցազրույցներն ավարտվում են հոռետեսությամբ, ելքերի փնտրտուքով, նշում են, թե երկիրը գնում է դեպի կործանման: Լավատե՞ս, թե՞ իրատես եք:
– Կարծում եմ` ես իրատես եմ, իսկ իրենք հոռետես են, որովհետև իրատես չեն:
Հարցազրույցը`
ՄԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ