«Բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է․ «Երբ աթոռը թանկ է, եւ դրանից բաժանվելու մտադրություն ու ցանկություն չունես, ամենաֆանտաստիկ բացատրությունները կարելի է գտնել՝ արդարացնելու այն վիճակը, որը ստեղծվել է երկրում` քո մեղքով։

Կարելի է ասել՝ հողը ես չեմ հանձնել, այլ՝ նախկին նախագահները, կռիվը հրահրել են հանրապետականներն ու քոչարյանականները՝ իշխանափոխության հիմքեր ստեղծելու համար։

Կարելի է ասել՝ հոյակապ դիվանագիտական աշխատանք ենք տարել այս 2 տարում, եթե համաձայնության չենք եկել, մեղավորը եղել են Մինսկի խմբի համանախագահները, Անջեյ Կասպրշիկը, Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը, Իլհամ Ալիեւը, նույնիսկ՝ Դոնալդ Թրամփը։ Բանակը լավ վիճակում չի եղել, եւ զենքն էլ պատշաճ չի եղել․ դրա մեղավորն էլ Դավիթ Տոնոյանն ու Օնիկ Գասպարյանն են, ծայրահեղ դեպքում՝ Արտակ Դավթյանը։ Ռազմական գործողությունները ճիշտ չեն պլանավորվել, եւ ստրատեգիան ճիշտ չի ընտրվել՝ մեղավորը Ջալալ Հարությունյանը, Միքայել Արզումանյանն ու Արայիկ Հարությունյանն են, ծայրահեղ դեպքում՝ Աննան, որ չի կարողացել բարոյական ճիշտ աջակցություն ցուցաբերել։

Զինուժը բավարար չէր․ այդտեղ էլ ՀՀ քաղաքական ուժերն ու բիզնեսմեններն են մեղավոր՝ Գագիկ Ծառուկյանից մինչեւ Արթուր Վանեցյան, ծայրահեղ դեպքում՝ Սամվել Ալեքսանյանը կամ Արայիկ Գրիգորյանը։ Զոհերը շա՞տ էին՝ զոհվածներն են մեղավոր, թող լավ պաշտպանվեին։ Սահմանները հստակ չէի՞ն՝ GPS սարքերն են մեղավոր։

Իսկ նոյեմբերի 10-ից հետո երկրում ստեղծված իրավիճակի մեղավորները երկրաչափական պրոգրեսիայով են աճում՝ 17 կուսակցություններ ու Վազգեն Մանուկյան, նախկին նախագահներ ու վարչապետեր, հոգեւորականներ ու մտավորականներ, պաշտոնից զրկվածներ ու պաշտոն ունեցողներ։ Մի խոսքով, բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից»։

Տեսանյութեր

Լրահոս