«Իմ ցավը մենակ էս վիճակն է՝ պատերազմի հետ կապված». Շիրակի մարզի Ազատան և Բենիամին համայնքները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Շիրակի մարզի Ազատան և Բենիամին համայնքների ղեկավարներ Վարդան Իկիլիկյանը և Արտակ Անտոնյանը հայտարարություններ են տարածել առ այն, որ պահանջում  են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Համայնքների ղեկավարներն իրենց  հայտարարություններով նաև ուղերձ են փոխանցել ՀՀ բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին, հորդորել, որ հանդես գան վարչապետի հրաժարականի պահանջով և ակտիվորեն մասնակցեն Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի գործընթացին:

168.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի Բենիամին համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանը նշեց, որ այդ հայտարարությամբ իր կարծիքն է հայտնել ու պատասխանատու է իր արտահայտած տեսակետի համար:

«Մինչև հիմա ամեն ինչը իմ համար նորմալ է եղել, ուղղակի իմ ցավը մենակ էս վիճակն է՝ պատերազմի հետ կապված: Թե չէ ես ընդհանուր դժգոհություն չեմ ունեցել, միշտ ոնց աշխատել էինք, էդպես աշխատել ենք»,- ասաց Արտակ Անտոնյանը:

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ վարչապետին հրաժարականի պահանջ ներկայացնելուց հետո կարող են իր նկատմամբ, որպես համայնքապետ, որոշակի գործողություններ (պաշտոնից ազատում և այլն) սկսել, արձագանքեց.

«Բացարձակ ոչ մի բանից մտահոգվելիք չունեմ ես: Էս պաշտոնը էնպես չի, որ մեզ հիմնական բան է, կամ էնպես երևելի պաշտոն էլ չէ: Մենք ընդամենը ծառա ենք ուղղակի մեր ժողովրդին»:

Նշենք նաև, որ դեռևս նոյեմբերի 5-ի դրությամբ, tert.am-ի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սյունիք, Արարատ, ավելի քան 21 համայնքներ և 149 բնակավայրեր։

 

Տեսանյութեր

Լրահոս