«Վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, թե ով իրականում չէր տիրապետում և շարունակում է չտիրապետել իրավիճակին»․ Վահե Հակոբյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անմիջական մասնագիտական աջակցությամբ և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ֆինանսական ներդրումների շնորհիվ «Սյունիք» օդանավակայան» ՍՊ ընկերության կողմից ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի վազքուղու և կառամատույցի արհեստական ծածկույթը, կառուցվել է նոր ուղևորային համալիր, տեղադրվել է նոր պարագծային ցանկապետ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Այս առընչությամբ կապ հաստատեցին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, ում նախաձեռնությամբ ու մարզի ղեկավարման տարիներին էլ հենց սկսվել է օդանավակայանի վերակառուցման աշխատանքները։

– Պարոն Հակոբյան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման ծրագրի շրջանակներում ավարտվել է Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները, որի նախաձեռնողն ինչպես հայտնի է, Դուք եք։ Ստեղծված իրողությունների պարաgայում արդյոք հավանական համարո՞ւմ եք օդանավակայնի շահագործումը մոտ ապագայում։

– Նախ պետք է նշեմ, որ օդանավակայանի վերակառուցումը հնարավոր է դարձել բացառապես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բարեգործական հիմնադրամի միջոցներով ու գիտեք՝ մասնավոր միջոցներով կառուցված օդանավակայանը պետական ծրագրի շրջանականերում ներառելը, մեղմ ասած, կոռեկտ չէ։ Ասեմ ավելին, Կոմիտեի տարածած ռելիզում ի սկզբանե չի եղել որևէ հիշատակում ԶՊՄԿ մասին և միայն օրվա վերջում ինչ-ինչ պատճառներով բարեհաճել են ավելացնել օդանավակայանի վերակառուցման միակ ֆինանսավորողին։

Անկեղծ ասած, այստեղ ես տեսնում եմ միտում, որովհետև այս խայտառակ «վրիպակի» արդյունքում ողջ լրատվական դաշտում մինչ այս պահն էլ բացակայաում է ԶՊՄԿ-ի անունը։ Սա ընդհանրապես զարմանալի չի, հաշվի առնելով ներկա իշխանության՝ ուրիշի արածը իրենով անելու արատավոր սովորությունը։

Ինչ վերաբերում է շահագործմանը, ապա պետք է նշեմ «Նոու էյր» ընկերության սեփականատեր Արամ Մարությանի անգնահատելի ավանդը, ում միջնորդությամբ հնարավոր եղավ գնել օդանավը և կազմակերպել թռիչքների լիցենզավորումը։

Այս պահին օդանավակայանը շահագործելու համար պակասում են որոշ տեխնիկական հնարավորություններ, բայց հիմնական խնդիրը թռիչքների անվտանգության ապահովումն է, որ ստեղծված խայտառակ վիճակում առնվազն անհասկանալի է։

– Պարոն Հակոբյան, վերջերս նշել էիք, որ Սյունիքի մարզը մատնված է անտերության։ Դրան հակադարձեց նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ Դուք իրավիճակին չեք տիրապետում։

– Ճիշտ ասած, չեի ցանկանա մեկնաբանել ներկա իշխանության որևէ ներկայացուցչի խոսքերը, քանի որ դրանք շուտվանից արժեզրկված են, առավել ևս՝ որ վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, թե ով իրականում չէր տիրապետում և շարունակում է չտիրապետել իրավիճակին։

Սյունիքի բոլոր խոշոր համայնքների ղեկավարների օրերս հրապարակած վարչապետի հրաժարականի վերաբերյալ կոչը հանդիսանում է ասածիս վառ ապացույցը։

Տեսանյութեր

Լրահոս