Մոսկվան ցանկանում է անցնցում զարգացումներ Հայաստանում․ ունի՞ արդյոք ՌԴ-ն քաղաքական նախապատվություններ
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքին կյանքում, կարելի էր կանխատեսել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին, իշխանության հրաժարականի պահանջին և հանրահավաքային պայքարին։
Նա նշեց, որ տեղի ունեցողը և հրաժարականի պահանջները հասկանալի են, քանի որ Հայաստանի համար տեղի ունեցավ ցավալի պարտություն և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, և՛ քաղաքական, հայ ժողովուրդն աննախադեպ ծանր հարված ստացավ։ Տարասովն ասաց, որ իշխանության հնչեցրած Ղարաբաղյան ոչ մի թեզ իրեն չարդարացրեց, քաղաքականությունը, որն անհասկանալի էր բոլոր գործընկերների համար, ի վերջո, տապալվեց բոլոր հարցերում։
Նրա խոսքով, իշխանությունն առկա բոլոր սցենարներից ընտրեց վատագույնը, և դա ակնհայտ է, երբեք նման տարբերակներ չեն եղել կարգավորման բանակցային սեղանին, ՀՀ ներկայիս իշխանությունը սրանով մնաց պատմության մեջ բացասական իմաստով։
«Այնուամենայնիվ Ռուսաստանը կանգնեցրեց իրավիճակը, ինչպես միշտ, հայտնվեց փրկչի դերում, և ներկայումս Ռուսաստանի համար կարևոր է հայտարարության բոլոր կետերի իրագործումը, որից հետ պետք է սկսվի դժվար դիվանագիտական աշխատանք մնացած բոլոր հարցերի շուրջ, պետք է վերաիմաստավորվի արտաքին քաղաքականությունը, նոր ուղղություններ լինեն։ Արդեն նշմարվում է այդ դիվանագիտական աշխատանքի ապագան, այդ մասին հայտարարություն օրերս տարածեցին Լավրովը, Լը Դրիանն ու Բիգանը»,- ասաց Տարասովը։
Նրա խոսքով, Մոսկվան, բնականաբար, հետևում է երկրի ներսում տիրող իրավիճակին, բայց չի միջամտում, և եթե նույնիսկ ժամանակ առ ժամանակ հնչում են իշխանության հասցեին մասնակի աջակցության խոսքեր, դրանք հանուն պետականության են, հանուն նրա, որպեսզի երկրի ներսում մեծ ճգնաժամեր չլինեն՝ հատկապես այս փուլում, և գործընթացները, այդ թվում՝ հնարավոր փոփոխությունները լինեն սահմանադրական ճանապարհով, Մոսկվան պարզապես դեմ է դատաստաններին։
Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Տարասովի, թե՛ երկրի ներսում, թե՛ նաև դրսում հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքական ապագա, և նա հեռանալու է, հարցն այն է այլևս, թե երբ և ինչպես է տեղի ունենալու այդ հեռացումը։
«Ես էլի եմ ասել, որ հայ ժողովուրդն իմաստուն ժողովուրդ է, նոր Հայաստանին հարկավոր են իմաստուն դեմքեր, որոնք հանդես կգան նոր գաղափարներով, կվերաիմաստավորեն շատ հարցեր, կվարեն ճիշտ արտաքին ու ներքին քաղաքականություն, հաշվեհարդար չեն տեսնի և անընդհատ չեն խոսի այդ մասին, այլ գործով կզբաղվեն»,- ասաց Տարասովը՝ շարունակելով, որ Մոսկվան քաղաքական նախապատվություններ չունի, քաղաքականությանը չի միջամտում հատկապես մի իրավիճակում, երբ մշտապես Ռուսաստանին մեղադրում են միջամտելու, խոչընդոտելու մեջ։
Նրա խոսքով, ամեն ինչ պետք է որոշի հայ ժողովուրդը՝ իր իմաստուն ներկայացուցիչների ներգրավվածությամբ։
«Մենք անհանգստությամբ ենք հետևում բոլոր հանգրվաններին, քանի որ մեր երկրներին կապում է պատմությունը, հարաբերությունների երկար ճանապարհը, և մենք ցանկանում ենք, որ Հայաստանը վերականգնվի առանց մեծ ցնցումների»,- ասաց Տարասովը: