«Եկող շաբաթ ասուլիս ենք անելու». Վիտալի Բալասանյանը՝ իրեն ուղղված հարցերին ի պատասխան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արցախի հերոս Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Նշանակման կապակցությամբ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր:
Նկատենք՝ ընդամենը երեկ Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր հրապարակել, որտեղ ամփոփել էր նաև իր պատկերացումներն անելիքների մասին:
Ի թիվս այլ կետերի՝ նա հստակ նշել էր. «Արցախում անհրաժեշտ է վերանայել իշխանության բոլոր օղակները։ Սա պարտադիր պայման է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե բանակը, ոչ թե հայը, և պարտությունը պետք է դառնա դաս»:
168.am-ը նորանշանակ ԱԽ քարտուղարից այսօր հետաքրքրվեց.
– Ինչպե՞ս եք պատկերացնում՝ պարտվող իշխանությունների հետ Դուք անելիքներ ունե՞ք:
Մեր հարցին նա չպատասխանեց՝ մեկնաբանելով.
– Եկող շաբաթ ասուլիս ենք անելու:
Այլ հարցեր տալու մեր բոլոր փորձերը պսակվեցին անհաջողությամբ:
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը 2016 թվականի նոյեմբերի 3-ին նշանակվել էր նույն պաշտոնին, սակայն 2019 թվականի հունիսի 11-ին, Բակո Սահակյանի հրամանագրով, ազատվել էր պաշտոնից։