Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները Ստեփանակերտի սոցիալական օբյեկտներում
Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում սոցիալական օբյեկտներում ականազերծման աշխատանքները: Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, անցած օրերի ընթացքում ավարտվել են տեղանքի հետազոտության, պայթյունավտանգ առարկաների որոնման և մաքրման աշխատանքները Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի տարածքում:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս զինծառայողները ստուգել են դպրոցի և հարակից տարածքներում պայթյունավտանգ առարկաների առկայությունը: Բացի այդ՝ իրականացվել են էլեկտրականության և ջեռուցման վերականգնման, ինչպես նաև անհրաժեշտ դպրոցական գույքի և նյութական միջոցների տեղափոխման աշխատանքներ:
Մոտակա ժամանակահատվածում ռուս խաղաղապահների աջակցությամբ պլանավորվում է այլ ուսումնական հաստատությունների բացումը:
Ընդհանուր առմամբ ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 34 հեկտար տարածք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1077 պայթյունավտանգ առարկա: