«Անջրպետը Սփյուռքի և ՀՀ իշխանությունների միջև է». Հրաչ Վարժապետյանի պատասխանը՝ Զարեհ Սինանյանին
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե ՀՀ-Սփյուռք հարաբերություններում անջրպետ կա, վստահության սարսափելի ճգնաժամ:
168.am-ի հետ զրույցում Ֆրանսիայում հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանը նշեց, որ Հայաստանի և Սփյուռքի միջև անջրպետ գոյություն չունի և չի էլ ունեցել:
«Համաձայն չեմ, որ անջրպետ գոյություն ունի Սփյուռքի և Հայաստանի միջև, անջրպետը Սփյուռքի և ՀՀ իշխանությունների միջև է: Դրանք տարբեր բաներ են: ՀՀ իշխանություններ ասվածը չի նշանակում ամբողջ Հայաստանը, մանավանդ՝ ներկա իշխանությունները: Կրկնում եմ՝ անջրպետ գոյություն ունի ՀՀ իշխանությունների և Սփյուռքի միջև, ինչպես անջրպետ գոյություն ունի ընդհանրապես հայության և իշխանությունների միջև: Իսկ այդ անջրպետը, որ նրանց ուղեղի մեջ 2.5 տարի է գոյություն ունի, որովհետև դա իրենց քաղաքական վարքագիծն է: Հենց առաջին օրից Սփյուռքի հետ հարաբերությունները խզելու հատուկ ծրագրված քաղաքականություն վարեցին գործող իշխանությունները և փորձեցին հասնել այդ նպատակին՝ փակելով Սփյուռքի նախարարությունը, որի պատճառով անջրպետ գոյացավ իրենց վարչախմբի և Սփյուռքի միջև:
Ամեն ինչ այդտեղից սկսվեց, եթե նախարարության գործունեության մեջ հատուկ արդյունավետություն չէին տեսնում, կարող էին այն բարելավել, բայց ոչ թե փակեին նախարարությունը: Ահա այստեղ ի հայտ եկավ իրենց վարած հատուկ քաղաքականությունը, և, ի վերջո, ՀՀ վարչապետն իր դիկտատորական սիստեմով հանձնակատար նշանակեց, որը միայն իրեն հաշվետու լինի: Իսկ ով է այդ հանձնակատարը, իրենից ինչ է ներկայացնում, ինչ է անում Սփյուռքի համար և Սփյուռքում: Փաստը ցույց տվեց, որ 2.5 տարվա մեջ ինքը որևէ տեղում չընդունվեց: Այսինքն, Զարեհ Սինանյանը որոշ անհատների կողմից միայն ընդունվեց, բայց Սփյուռքի հիմնական կազմակերպությունները, ավանդական կուսակցությունները, ազդեցիկ միությունները ոչ մի հարաբերություն չունեցան այս մարդու հետ, ոչ մի կապ չստեղծվեց:
Եվ նա Սփյուռքում երկրորդական, երրորդական դեմքերի հետ փորձեց հարաբերություններ մշակել: Այնպես որ, Զարեհ Սինանյանն այս իմաստով վերջին խոսողը պիտի լինի: Ինքն իրենից բան չներկայացնող արարած է: Այո, վերը նշված պատճառներով այդ փոքր վարչախմբի և Սփյուռքի միջև անջրպետ առաջացավ: Իսկ Սփյուռքը շարունակեց աջակցել ՀՀ-ին, իր կապերը պահեց և միշտ էլ պիտի պահի՝ ի հեճուկս իրենց բոլոր չարախոսությունների: Հայաստանը մեզ համար իշխանությունները չեն, Հայաստանը մեզ համար հայրենիք է, պետականություն, և մենք Հայաստանն այս ձևով ենք տեսնում»,- նշեց Հրաչ Վարժապետյանը:
Ֆրանսաբնակ հասարակական-քաղաքական գործիչը շարունակեց, որ և՛ այս, և՛ Արցախի կապիտուլյացիայի պատճառով Սփյուռքից ևս պահանջում են Նիկոլ Փաշինյանի և այս իշխանությունների հրաժարականը, խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:
Հարցին՝ ժամանակին իշխանությունները պնդում էին, թե Սփյուռքը, մեծ հաշվով, աջակցել է թավշյա հեղափոխությանը, Հրաչ Վարժապետյանն ասաց, որ ճիշտ չէ տոկոսային լեզվով խոսել՝ Սփյուռքի այսքան տոկոսը հետս է, կամ հետս չէ:
«Սփյուռքում մի քանի արվեստագետներ աջակցեցին, որոնց դուք լավ գիտեք: Բայց այդ անհատները չեն, որ ներկայացնում են Սփյուռքը: Սփյուռքը ներկայացնողը հիմնական ավանդական կուսակցություններն են, նրանց շուրջ համախմբված տասնյակ միությունները, կաթողիկոսությունը և այլն: Նրանք են Սփյուռքը ձևավորողը և ներկայացնողը շուրջ 70 տարի, ոչ թե հատուկենտ անհատները, նորելուկ, նոր բուսնած կազմակերպություններ, որոնք ոչ մի նշանակություն, շրջապատ չունեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը: