«Մեր խաղաղապահ զորքերը և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են, հասել են Կապան համայնքի տակ՝ արտառոց բան չկա». «Իմքայլական» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի խոսքով՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ չի քննարկել նրա հրաժարականի հարցը՝  այդ թեմայով չեն խոսել։

«Ամեն ինչ նորմալ է, երեկ եմ եկել, Սիսիանում եմ եղել, մեր խաղաղապահ զորքերը և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են, նորմալ է, հասել են Կապան համայնքի տակ, որևէ արտառոց բան չկա, ամեն ինչ նորմալ է։ Եվ Նախիջևանի սահմանի հետ կապված՝ Սիսիանը կրկին սահման ունի, այնտեղ էլ խոսել եմ տղաների հետ, ամեն ինչ նորմալ է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Համբարձումյանը։

Հարցին՝ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին նշանակելուց հետո վարչապետն ասում էր՝ այս քայլին է գնացել քրեաօլիգարիկ ենթամշակույթի մեջքը կոտրելու համար, այդ մշակույթի կրողների մեջքը հաջողվե՞ց ջարդել, Կարեն Համբարձումյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք այս երկու տարիների ընթացքում նման բան տեսե՞լ եք, ես չեմ տեսել, չեմ տեսել այն ամենը, ինչը նախկինում տեղի էր ունենում»։

Նա նաև նշեց, որ արտահերթ ընտրությունների հարց խմբակցության ներսում չի քննարկվել։

«Այսօրվա դրությամբ մենք բոլորս պետք է միասնական, մեկ բռունցք լինենք, որպեսզի հետայսու խուսափենք, ենթադրենք՝ այս ճգնաժամն ավելի խորը կամ անդունդը չգլորենք։ Միասնական նայենք դեպի առաջ, և ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա բաներ կան, որ ենթադրենք՝ ես չկարողանամ ասել, բայց վստահ կասեմ, որ, եթե մենք միասնական լինենք, ամեն ինչ լավ է լինելու։ Պետականության, պետության շուրջ պետք է համախմբվենք, միասնության մեջ է ամեն ինչ, այո, բոլոր ճգնաժամերը պետք է հանգուցալուծվեն»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս