«Վարչապետն իր գործողություններով մեզ բավականին օգնում է՝ մեր վարձատրության մի մասը երևի կիսվենք նրա հետ». Հայկ Ալումյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի և մի խումբ դատավորների հանդիպումը և ԲԴԽ նախագահի գնալ-չգնալու հարցը անհասկանալի գործընթացներ են՝ ստվերում գործընթացներ, հետևաբար՝ որևէ մեկնաբանություն չի կարող տալ։

«Սա բոլորովին օրենքից, իրավունքից դուրս, անգամ նորմալ տրամաբանությունից դուրս գործընթացներ են,  եթե մենք փորձում ենք դրանք մեկնաբանել, պետք է մեզ դնենք այդ մարդկանց վիճակի մեջ, որն օրինակ ինձ համար դժվար է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը։

Նրա բնորոշմամբ, այս ամենն առնվազն Եվրոպական դատարանում ունենալու է իրավական հետևանքներ։

«Մենք Եվրոպական դատարանում բազմաթիվ գանգատներ ունենք պարոն Քոչարյանի և՛ կալանավորումների, և՛ այլ  ասպեկտներով գանգատներ ունենք, և ի թիվս այլնի, մեր գլխավոր շեշտն այն է, որ Հայաստանում անկախ և անկողմնակալ դատարան այս կարգի գործերով չկա։  Մենք բազմաթիվ փաստեր էինք ներկայացնում՝ գաղտնալսումներ, դատարանների արգելափակումներ, հիմա կներկայացնենք նաև այս մի փաստը։ Գիտեք ինչ, վարչապետն իր գործողություններով մեզ բավականին օգնում է Եվրոպական դատարանում այդ գործերով հիմնավորելու այն, ինչ մենք ուզում ենք հիմնավորել։ Անգամ ես կեսկատակ-կեսլուրջ ասում եմ, որ, երբ մենք գործերը շահենք, մեր վարձատրության մի մասը երևի կիսվենք վարչապետի հետ»,- շեշտեց Հայկ Ալումյանը։

Տեսանյութեր

Լրահոս