«Վարչապետը քննարկման առարկա է դարձնում դատարանների կայացրած որոշումները՝ սա նոնսենս է». Հայկ Ալումյան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ դեռևս 2018 թվականից ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործն իր բնույթով ոչ թե քրեական գործ է, այլ քրեական գործի քողի տակ՝ քաղաքական հետապնդում։
«Ընթացքում մենք բազմաթիվ ապացույցներ կարողացանք վկայակոչել՝ սկսած հայտնի գաղտնալսումից, որը հայտնվեց համացանցում, դատարանների արգելափակումից, և այլն, շատ ու շատ ապացույցներով ցույց տվեցին, որ սա քաղաքական հետապնդում է։ Նիկոլ Փաշինյանի այս հերթական հայտարարությունը մեզ համար նորություն չէր, պարզապես սա ևս մեկ ապացույց էր, որ այստեղ առկա է քաղաքական հետապնդում։ Եվս մեկ ապացույց էր, որ այսօրվա դատախազությունը Նիկոլ Փաշինյանի խամաճիկն է և այս գործում ուղղակի հնազանդ կերպով կատարում է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը չեն մեկնել Մոսկվա։
Հայկ Ալումյանը հավելեց, որ դեռ չեն քննարկել հարցը, թե արդյո՞ք այդ գրառումը կարող են հիմք ընդունել և ինքնաբացարկ հայտնել դատախազներին, չնայած նրանք ակնհայտորեն բացարկման ենթակա են։
«Ուղղակի այսօր հաշվի առնելով, որ այսօր այս ամենը կատարվում է Գլխավոր դատախազի գիտությամբ և ցուցումներով, մի քիչ դժվար է պատկերացնել, ենթադրենք՝ այս երկու դատախազները բացարկի ենթարկվեն ու հեռացվեն վարույթից, և գան նոր դատախազներ, ի՞նչ կարող է դրանից փոխվել։ Մենք դեռ չենք քննարկել դատախազներին այդ հիմքով ինքնաբացարկ հայտնելու հարցը։ Բայց երբ քննարկենք, ես այն կարծիքին եմ լինելու, որ դա պարզապես անօգուտ մի բան է»,- շեշտեց Հ. Ալումյանը։
Անդրադառնալով Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի և որոշ դատավորների հանդիպմանը, Հայկ Ալումյանը նկատեց՝ այդ դատավորները վարչապետի մեկ սուլոցով հայտնվեցին նրա կողքը, ինչը ցավալի է։
«Եթե մեսիջները փորձենք վերլուծել, ապա ստացվում է այնպես, որ վարչապետը քննարկման առարկա է դարձնում դատարանների կայացրած որոշումները, սա նոնսենս է, սա չպետք է լինի։ Առհասարակ որևէ երկիր, որը փորձում են քաղաքակիրթ երկիր ներկայացնել, նման բան չի կարող լինել»,- շեշտեց Հայկ Ալումյանը։