Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հետաքրքիր իրադարձություն է արձանագրվել:
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, երբ մի քանի ժամով գտնվում էին Հայաստանում, հասցրել են հանդիպել ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ու ՀՀ ռազմական ղեկավարությանը: «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ այդ օրը ուշագրավ զանգ է հնչել ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:
Կառավարությունից Դավիթ Տոնոյանին տեղեկացրել են, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ցանկանում է հանդիպել իրեն: Բնականաբար, համաձայնությունը տրվել է, այդ հանդիպումը կայացել է: Իսկ թե ինչ են խոսել նախկին ու ներկա նախարարները, մեզ այդպես էլ պարզել չհաջողվեց:
Թերեւս կարելի է ենթադրել, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտպանության նախարարից հետաքրքրվել է, ի թիվս այլ հարցերի, թե ինչու հրաժարական տվեց»: