«Փաշինյանը մեզ տեղեկացրեց, որ այդ հինգ շրջաններն անհասանելի են մեզ, քանի որ Ադրբեջանի տարածքն է». Անհայտ կորած զինվորի մայր
Արցախյան պատերազմի ժամանակ անհայտ կորած զինվորների հարազատներն այսօր հավաքվել էին Էջմիածնի զորամասի մոտ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել և հայտնաբերել իրենց զավակներին։
Հարազատների խոսքով՝ պատերազմից հետո զինկոմիսարիատներից իրենց ասում են, որ իրավասու չեն որևէ քայլ ձեռնարկելու, քանի որ զինվորներից շատերի դիերը մնացել են չեզոք գոտում կամ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքներում։
«42 օր է անցել այն օրվանից, զանգում եմ բոլոր այն տղաներին, որոնց հաջողվել է այստեղից դուրս գալ, որևէ բան չեն ասում, երկար ժամանակ է՝ մենք զորամասի դիմաց ենք, սակայն մեզ որևէ մեկը պատասխան չի տալիս, սկսած Նշանյան Վարդանից, որը քիմիկների վարչության պետն է։ Մենք Պաշտպանության նախարարություն էլ ենք գնացել, «Կարմիր խաչ», այս երկու օրն արդեն հանդիպում ենք վարչապետին՝ ապարդյուն։ Նիկոլ Փաշինյանը մեզ տեղեկացրեց, որ այդ հինգ շրջաններն անհասանելի են մեզ, քանի որ Ադրբեջանի տարածքն է, և «Կարմիր խաչը» չի կարող համագործակցել իրենց հետ, այդ պատճառով էլ պետք է սպասենք։ Մենք անընդհատ գաղտնի ենք պահում, թե որտեղ են եղել մեր երեխաները, նրանք եղել են Կապանում ու չգիտես ոնց, ում «նավոդկով» հայտնվել են Զանգելանում։ Հիմա Զանգելանն ամենավերջին մաքրման տեղը պետք է լինի, թե ինչու են լռում՝ չգիտենք, երևի ինչ-որ առեղծվածային տարածք է այդ Զանգելանը, որ լռում են»,- ասաց անհայտ կորած զինվորներից մեկի մայրը։
Ներկաներից մեկն էլ՝ Կատանյան Դավիթը, ով մասնակցել է ռազմական գործողություններին, նշեց, որ իր երեք ընկերները և եղբայրը նույնպես անհայտ կորել են, Արցախ են մեկնել հենց առաջին հավաքի ժամանակ։
«Մենք պետք է «Ա» կետից գնայինք «Բ» կետ, սակայն չի նշվել, թե որտեղ է «Բ» կետը, գնացել ու ընկել ենք իրենց մեջ՝ շրջափակման մեջ։ Ես եղբորս չեմ տեսել, իրարից հեռու ենք եղել, շրջափակումից մի կերպ է հաջողվել դուրս գալ, մեզ հրամանատար չի եղել։ Մենք օգնություն ենք ուզել, օգնություն չեն ուղարկել, սկզբից դուրս ենք եկել 5 հոգի, հետո 3 հոգի քիմիկ են դուրս եկել, իսկ հաջորդ օրը նոր քիմիկների կամանդիրը դուրս է եկել, մարտի մեջ էր մնացել, չէր կարողանում դուրս գար։ Կոնկրետ այս գործողությանն ուղարկել է գեներալ Անդրանիկ Մակարյանը։ Ես պատրաստ եմ տղերքի համար նորից գնալ, մտել էդ տարածք, բայց թող խոստանան, որ եթե խփեն՝ դիակս այդ տարածքից հետ կբերեն»,- շեշտեց նա։
Նա նաև ընդգծեց, որ որևէ մեկը մարտի դաշտից չի փախել, ով էլ շրջափակումից դուրս է եկել՝ հրաշքով է փրկվել։