Ինչու է ռուսական իշխանությունը խրախուսում այլատյացությունը

Նոյեմբերի 4-ին Ռուսաստանի մի քանի քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ռուս ազգայնականների կազմակերպած «Ռուսական երթերը»` «Русский марш» խոսուն անվանումով: Այս միջոցառումները տեղի են ունենում արդեն 8-րդ տարին անընդմեջ` սկսած 2005թ.: Ինչո՞վ է այս միջոցառումը հետաքրքիր մեզ`հայերիս համար:

Նոյեմբերի 4-ը Ռուսաստանում նշվում է` որպես «Ազգային միասնության» օր: Դմիտրի Պոժարսկու և Կուզմա Մինինի գլխավորած ժողովրդական ջոկատները չորս հարյուր տարի առաջ Մոսկվայից քշեցին լեհ կառավարիչներին` ռուսական գահը հանձնելով ռուս բոյարներին: Ռուս ազգայնականները համարում են, որ այսօր էլ Ռուսաստանը ղեկավարում են մարդիկ, ովքեր սպասարկում են օտարների շահերը:

Նրանք Ռուսաստանի իշխանությանը մեղադրում են ներգաղթը խրախուսելու մեջ, որի արդյունքում հնարավոր է, որ Ռուսաստանը մոտ ապագայում լինի ոչ թե ռուսների պետություն, որտեղ ռուսները դեռևս մեծամասնություն են կազմում, այլ օտարերկրացիների: Նրանց հիմնական պահանջներն ուղղված են ներգաղթը դադարեցնելուն և արդեն ներգաղթածներին Ռուսաստանից իրենց հայրենիք արտաքսելուն: Ահա «Ռուսական երթի» մի քանի կարգախոսներ, որոնք ավելի պարզ են դարձնում դրա կազմակերպիչների քաղաքական հայացքները: «Մոսկվան`ռուսական քաղաք», «Ռուսաստանը` առանց կովկասցիների և թուրքերի», «Բավական է կերակրել Կովկասը»:

Այլատյացության և օտարերկրացիների դեմ ուղղված այս ցույցերը արտոնված են եղել ռուսական իշխանությունների կողմից, ինչը նշանակում է, որ իշխանություններն այնքան էլ դեմ չեն, որ ռուս ազգայնականները նման կարգախոսներ հնչեցնեն: Ճիշտ է, գրեթե բոլոր քաղաքներում եղել են տասնյակ կամ հարյուրավոր կալանավորվածներ, սակայն ոչ կարգախոսների և հնչեցրած գաղափարների համար: Ձերբակալվել են հիմնականում նացիստական համազգեստ կամ սվաստիկա կրող խմբերը և այն մարդիկ, ովքեր դեմքին դիմակներ են ունեցել: Ռուսական հանրահավաքների անցկացման մասին նոր օրենքն արգելում է մասնակիցներին ծածկել դեմքը: Ռուսական իշխանությունը դեմ չէ այլատյացության քարոզչությանը, բայց դեմ է, որ դա արվի Ֆաշիստական Գերմանիայի համազգեստներով: Ընդամենն այսքանը: Հայաստանի հարյուր-հազարավոր քաղաքացիներ ապրում են Ռուսաստանում: Նրանք այն կովկասցիների թվում են, որոնցից ռուս ազգայնականները ցանկանում են ազատել իրենց երկիրը:

Ռուսաստանը մի կողմից` իրականացնում է «Հայրենակիցների վերաբնակեցում» ծրագիրը և խրախուսում է հայ բնակչության ներգաղթը Ռուսաստան, մյուս կողմից` արտոնում է այդ նույն «հայրենակիցների» դեմ ուղղված ազգայնական ցույցերը: Եթե վաղը Ռուսաստանում տեղի ունենան օտարերկրացիների մասսայական ջարդեր, ապա պետք չէ զարմանալ: Դրա համար այդ երկրում ստեղծվում են բավական նպաստավոր պայմաններ:

Իսկ ինչո՞ւ է ՌԴ իշխանությունը շահագրգռված նման ցույցերի անցկացման մեջ, և ինչո՞ւ չի արգելում նման միջոցառումների անցկացումը` դրանք համարելով անօրինական: Ռուսաստանը աշխարհի, թերևս, ամենակոռումպացված երկրներից մեկն է, որտեղ հանցավորության մակարդակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: ՌԴ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում իր երկրում, և քիչ թե շատ հնարավորություն ունեցող մարդիկ գերադասում են լքել Ռուսաստանը:

Միայն Նյու Յորքում այնպիսի ռուսական համայնք է ձևավորվել, որն իր ազդեցությամբ հավասարվում է հարյուրամյակների պատմություն ունեցող համայնքներին: Ռուսական իշխանությանը ձեռնտու է, որ բողոքի ալիքն ուղղվի ոչ թե իր դեմ, այլ օտարերկրացիների: Այսինքն` հայտարարվի, որ երկրում չկա կյանքի և գույքի ապահովության քիչ թե շատ հուսալի երաշխիքներ, որ Ռուսաստանի խնդիրը ոչ թե կոռումպացված ռուս իշխանավորն է, այլ Տաջիկստանից եկած խեղճ ու կրակ տաջիկը, ով առավոտից երեկո ավլում է Մոսկվայի փողոցները, շինարար հայը կամ շուկայում կանաչի ծախող ադրբեջանցին: Իհարկե, ՌԴ-ում կան նաև էթնիկ հանցավոր խմբավորումներ, սակայն դրանք սերտ համագործակցության մեջ են ռուսական իշխանությունների հետ`տարբեր մակարդակներում:

Ցավալին միայն այն է, որ ՀՀ-ում իրավիճակն այնքան վատ է, որ շատ հայեր գերադասում են ՌԴ-ն: Բայց չի բացառվում, որ նրանք ուղղակի պարտադրված լինեն վերադառնալ Հայաստան, և այդ օրը, հնարավոր է, այնքան էլ հեռու չէ:

Հ.Գ. Թերևս որևէ այլ ժողովրդի առասպելաբանության մեջ հնարավոր չէ գտնել կոռումպացված չինովնիկի կերպար, բացի ռուսականից: Կիևի իշխանն իր մոտ է կանչում Իլյա Մուրոմեցին և նրան հանձնարարում բռնել Սոլովեյ ավազակին: Իլյա Մուրոմեցն էլ կատարելով իշխանի հրամանը` գնում և բռնում է Սոլովեյ ավազակին և հանձնում իշխանին. որը նրան զնդան է գցում:

Բայց հաջորդ օրը 100 ռուբլու դիմաց ազատ է արձակում: Իմանալով այդ մասին` Իլյա Մուրոմեցը գալիս է իշխանի մոտ և բողոքում, թե ինչո՞ւ նա այդպես վարվեց, ինչին ի պատասխան` իշխանն ասում է, որ նա չպետք է միջամտի պետական գործերին: Հետո նույն Սոլովեյ ավազակը գողանում է իշխանի ամբողջ գանձարանը և տանում Ցարգորոդ` Կոստանդնուպոլիս:

Մնացածն արդեն էական չէ. էականն այն է, որ նույնիսկ ռուսական առասպելաբանության մեջ պետության առաջին դեմքը կարող է ավազակից կաշառք վերցնել և նրան ազատել: Այնպես որ, ռուս ազգայնականներն իրենց ազգային խնդիրները պետք է իրենց մեջ փնտրեն և ռուսական պետությունը փրկելու ավելի արդյունավետ ուղիներ որոնեն: Ամեն ինչում օտարներին մեղադրելը, իհարկե, հեշտ է, բայց լուծում չէ:

Տեսանյութեր

Լրահոս