Ավազակապետությունից` փողապետություն
Անցած շաբաթ վերագործարկված parliamentmonitoring.am կայքում հրապարակված ցուցանիշները` պատգամավորների հայտարարագրած կարողությունների հանրագումարի վերաբերյալ, ի թիվս այլ հետաքրքիր փաստերի, բացահայտեցին մի կարևոր իրողություն: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ իրեն «այլընտրանքային» հռչակած ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների կարողությունն ավելի քան երկուսուկես անգամ ավելի է իշխող ՀՀԿ-ի խմբակցության պատգամավորների կողմից հայտարարագրվածից:
ՀՀԿ-ական պատգամավորների ընդհանուր կարողությունը կազմում է 35.7 մլն դոլար, ԲՀԿ-ինը` 98 մլն դոլար: Սա, բնականաբար, ամենևին չի նշանակում, թե ՀՀԿ-ականներն իրականում պակաս կարողություններ ունեն, կամ հայտարարագրեր լրացնելիս ԲՀԿ-ականներն ավելի ազնիվ են գտնվել: Պարզապես ՀՀԿ-ականները` որպես ավելի իշխող ուժի ներկայացուցիչներ, գրել են այնքան, որքան ցանկացել են, ԲՀԿ-ականները գուցե մի փոքր ավելի զգուշավոր են եղել: Սակայն խնդիրը դա չէ:
Խնդիրն այն է, որ Հայաստանում առաջին անգամ «ընդդիմության» դիրքերից հանդես է գալիս մի կուսակցություն, որը կամ իշխանությունից ավելի հարուստ է, կամ առնվազն այնքան կարողություն ունի, որքան իշխանությունը: Այսինքն` առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի` առանձին հանդես գալու դեպքում իրականում կարող է ընթանալ շատ սուր պայքար, որը, սակայն, լինելու է ոչ թե ծրագրային, գաղափարական, այլ ֆինանսական պայքար` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ֆինանսներ ասելով, բնականաբար, պետք է նկատի ունենալ ոչ միայն և ոչ այնքան շատ փողը, որքան այդ փողի ֆունկցիոնալ նշանակությունը: Միլիոնատերերի կուսակցության անդամներն ունեն հազարավոր, տասնյակ-հազարավոր աշխատակիցներ, նրանք կարող են ունենալ սեփական անվտանգության ծառայություններ, մի խոսքով` համակարգեր, որոնք կարող են հակադրության մեջ մտնել իշխանական համապատասխան համակարգերի դեմ: Այսինքն` հակադրվելու են երկու, մեղմ ասած, ոչ օրինական ծագում ունեցող ֆինանսական խմբեր` իրենց կարողությունները պահպանելու և ավելացնելու համար:
Թե ո՞վ կհաղթի իրականում` հասարակության հետ գրեթե առնչություն չունեցող այդ պայքարում, լայն իմաստով, հասարակության, պետության շահի տեսանկյունից` գրեթե կարևոր չէ: Դրանում, իհարկե, մեղքի իր բաժինն ունի նաև ընդդիմությունը, մասնավորապես` Հայ ազգային կոնգրեսը, որը 2008 թվականին` պայքարելով ավազակապետության դեմ, այսօր պայքարում է փողապետության հաստատման համար: