«Նիկոլ Վովայի Փաշինյան, քո ղեկավարած Հայաստանում քո ընկեր Դավիթ Մաթևոսյանը մահացավ այն պատճառով, որ զրահաբաճկոն չուներ, դու ո՞նց ես գլուխդ դնում բարձին ու քնում, այ անամոթ»

Ազատության հրապարակում շարունակվում է «Համախմբում հանուն փրկության» հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հանրահավաքին մսսնակցում էր նաև 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին սատարող քաղաքական վերլուծաբան Մանուկ Սուքիասյանը։

Նա դիմելով հավաքվածներին, Հայաստանի ազգային փոքրամասնություններին, սփյուռքին՝ հայտարարեց, որ 1988 թվականին իր հոր հետ մասնակցել է Արցախի ազատագրական պայքարի համար տեղի ունեցող հանրահավաքներին և մտքով անգամ չի անցել, որ 32 տարի անց Ազատության հրապարակը կալեկոծվի Արցախի արյունոտ իրադարձություններով։

«2006-2008 թվականներին, երբ մուտք գործեցինք քաղաքական դաշտ, այս ֆեյսբուքյան լայվերը չկային, իմ և Նիկոլ Փաշինյանի ավագ ընկերը, Մեղրիի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը՝ գնդապետ Դավիթ Մաթևոսյանը, Նռնաձորում անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվեց։ Մինչև նրան կհասցնեին հիվանդանոց, ճանապարհին մահացավ, գիտե՞ք՝ նաև ինչ պատճառով, որովհետև Դավիթը զրահաբաճկոն չուներ։ Քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյան, քո ղեկավարած Հայաստանում քո ընկեր Դավիթ Մաթևոսյանը մահացավ այն պատճառով, որ զրահաբաճկոն չուներ, դու ո՞նց ես գլուխդ դնում բարձին ու քնում, այ անամոթ»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։

Նրա խոսքով, երբ նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթը, առաջիններից մեկն է եղել, որ իջել է Հանրապետության հրապարակ և փորձել է կանխել զայրացած և ցասում ապրող մարդկանց մուտքը Կառավարության շենք։

«Փորձում էի կանխել, քանի որ գիտեի, որ դա դառնալու է «մատի փաթաթան», առավոտյան արթնանալով, իր հատուկ հմտությամբ, Արցախի խայտառակ կապիտուլյացիան թողած, հասարակությանը՝ չկողմնորոշվածներին, տվեց այն, որ մարդիկ եկել են Կառավարության դուռն ու լուսամուտն են ջարդել, օծանելիք են գողացել։ Ժողովուրդ, այդ կապիտուլյացիոն փաստաթղթով հայաթափված է Արցախը և վտանգի տակ է Սյունիքը, ժողովուրդ, այն ի՞նչ եք քննարկում, ի՞նչ օծանելիք»,- շեշտեց Մանուկ Սուքիասյանը։

Նա նաև հարց տվեց հայ հասարակությանը՝ երբ լսեցին խայտառակ կապիտուլյացիայի մասին, ինչո՞ւ տասնյակ-հազարներով  չգնացին Ազատության հրապարակ: «Ինչու չգնացին ու ասեին՝ այ սրիկա, այս ի՞նչ ես ստորագրել։ Գիշերվա իր խայտառակ հայտարարությունից հետո, ազգն իրար դեմ հանող գրառումից հետո, այսօր նորից քնից արթնացավ, չգիտեմ ինչի ազդեցությունից հետո, նորից սկսեց մարդկանց ուղեղները լվանալ»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս