«Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է՝  փոխել ռազմական իրադրությունը, ինչն իրատեսական խնդիր չէ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր  հրավիրած առցանց մամուլի ասուլիսին անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ երկխոսություն չկա այն քաղաքական ուժերի հետ, որոնք հայտարարում են, որ նոյեմբերի 10-ին ստորագրած կապիտուլյացիայի հայտարարության մեջ կարող են ներառված կետերն ավելի հայանպաստ դարձնել։

«Ճիշտն ասած, ես չեմ ստացել էդպիսի առաջարկ քաղաքական ուժերից որևէ ուժի կողմից, որ իրենք գիտեն՝ ինչպես ավելի լավը դարձնել։ Խնդիրն այն է, որ այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը ցավոք մենք ունեցել ենք տվյալ իրավիճակում։ Ըստ էության, հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է՝  փոխել ռազմական իրադրությունը, ինչը, կարծում եմ՝ այսօր իրատեսական խնդիր չէ նման ձևակերպում անելու համար։ Ինչ վերաբերում է  հետագա բանակցային գործընթացին, ապա այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք դեռ մեկնաբանությունների կարիք և տեղիք ունեն։ Իհարկե, այդ մեկնաբանությունների ընթացքում նաև բոլոր գաղափարները, բոլոր առաջարկներն ի մի կբերվեն, և կփորձենք օգտագործել բոլոր առաջարկները»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

 

Տեսանյութեր

Լրահոս