Շնչառությունը. Բրամ Վան Վելդե
Նկարը` կամ ոչինչը: Մշտապես նույնը, միակը… Մյուսը, որը հետևում է նրան և դրանով ամրանում և թևավորվում է: Յուրաքանչյուր հայացքից` ավելի ու ավելի ազատ, յուրաքանչյուր հարցի հետ` ավելի ու ավելի լռակյաց, սակայն լռության մեջ նոր իշխանություն քաղող, որը պահպանում է, առ ոչինչը, որը հրաժարվում է դավաճանելուց, քաղելով անհատակ ամենայնի մոռացությունից գեղանկարչության անխախտելի հաստատումը:
Վատնում, էներգիա, անկանխատեսելիությունգ Մի գունագեղ հոսք շփվում է մեկ ուրիշին, առանց պատճառի, աննպատակ, կողքը տեղավորվելով, ինչպես մարմնի օրգանները, երկեղջյուր արգանդը, առարկաները կամ արտացոլանքները, չտեսնված կամ նախորոշված… Դրանց մտրակումը, դրանց անկառավարելի փոխներթափանցումը, և հատկապես այդ կարծես թե հեղուկ օդի տեղատվությունը դրանց հեղձուցիչ զանգվածների միջև…
Ոչ մի հուզված բան` անկեղծ շվարմունք, տանջալից նեղվածություն, վտանգավոր և անխուսափելի երերունություն: Հետզհետե, երբ ջնջվող, կտավի վրա ցաքուցրիվ եղող ժամանակը հայացքը մոտեցնում է նկարին, այն անխղճալիորեն ազատագրվում է ամենայն գետնանցումներից ու ձևակերպումներից, որոնց մեջ են նրանց քշել նախկին կապվածությունները: Թաքնված ֆորմայի և բացված գույների վրա փչում է կենդանի քամին: Լաբիրինթոսի բեկորների տակից աչք է ածում երկնչողը, շրջված ներքին բաների չտեսնված գիրը:
Ամեն ինչ կենում է, և լուծվում, և շնչում է այդ դանդաղ շրջապտույտում, արյան շարժման մեջ, երբ կանգնեցնում է և քշում է կտավը` նրա անհուսալի, անկանխատեսված, անշրջանցելի առեղծվածը…
Ես չեմ նկարագրում, ես մեջբերում եմ երկնագույնի շղարշը, դեղինի թափը, կարմիրի հետքը` էներգիան, որ պահված ու վերցված է դատարկության այդ ողջ երազատեսայինի կառուցվածքի և խփոցի և ցնցվող պատի սարսուռով, որոնց մեջ այն զմռսված է…
Առանց այնտեղից դուրս գալու հնարավորության, առանց որևէ տեղ դուրս գալու ցանկության, քանզի այն ամենը, ինչը որ ի վերջո մնում է, տեղի է ունենում այստեղ և պիտի տեղի ունենա հենց այդպես` քայքայումը, պարը, ահը դատարկության առջև, լույսի թաքուցյալ ու երերուն քայլքը, ցանկացած այստեղ ջնջվող լույսի, բացի նրանից, որ խփում է մարմնից, որ գալարվում է անհավանական դիմակայության մեջ առ քայքայումն ու ճնշումը:
Մարմնի աշխատանքը, մարմնի վրա կարգուկանոնի անհաստատ և անսխալական հետազոտումը, որից է միայն գալիս շնչառությունըգ Քայլերն առ այն անսահմանն ու անհայտը, ում մարմինը` վերջին հանգրվանն է և ծանրագույն թեթևությունը… Լեզուն, ծավալվող և մերկացող, իր մեջ գույնի խարույկը վառող, կրկին ինչպես սերը, բաց մոլեգնության մեջ առ դատարկությունը, որը բաժանում և փոխարինում է, և, որ անպատկերացնելի թարմություն է ձեռք բերում` կոփվելով անդունդով…
Լոկ անթափանցության, օտարոտիության, սեփական մարմնից ծայրահեղ հեռացվածության միջից եմ ես տեսնում, ոչ, ավելի շուտ կանխազգում եմ այդ կտավի լիությունը, ընկնում եմ դրա անխաթար անկարողության պաշարման մեջ` լարված, հանց կիսափակ աչք:
1975թ.
Ռուսերենից թարգմանեց
ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ