ԿՀՎ-ն վենեսուելացի աղբյուր է ունեցել, որը հայտնել է Մադուրոյի գտնվելու վայրը
Օգոստոսից Վենեսուելայում գաղտնի գործել է սպաների մի խումբ։ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աշխատակիցները տեղեկություններ են հավաքել այժմ ձերբակալված և ԱՄՆ տեղափոխված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կենսակերպի և տեղաշարժերի մասին, գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հայտնի չէ, թե ինչպես է ԿՀՎ-ն հավաքագրել վենեսուելացի այն աղբյուրին, որն ամերիկացիներին հայտնել է Մադուրոյի գտնվելու վայրը։ Սակայն նախկին պաշտոնյաները հայտարարել են, որ գործակալությանն ակնհայտորեն օգնել է ԱՄՆ կառավարության առաջարկած 50 միլիոն դոլար պարգևավճարը այն տեղեկության համար, որը թույլ է տվել բռնել Մադուրոյին։
Անցյալ տարի իր պաշտոնում հաստատվելու լսումների ժամանակ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռետկլիֆը խոստացել էր, որ կղեկավարի ավելի ագրեսիվ գործակալություն, որը պատրաստ կլինի գաղտնի գործողություններ իրականացնել թե՛ տեղեկություններ հավաքելու, թե՛ ամերիկյան քաղաքականությունն առաջ մղելու համար։
Ըստ պարբերականի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ աշնանը ԿՀՎ-ին թույլատրել է ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել, իսկ նոյեմբերին հավանություն է տվել Վենեսուելայում մի շարք գործողությունների պլանավորմանն ու նախապատրաստմանը։
Դեկտեմբերի վերջին ԿՀՎ-ն մարտական ԱԹՍ է կիրառել այն նավամատույցին հարվածելու համար, որն, ըստ ամերիկացի պաշտոնյաների, վենեսուելական հանցախումբն օգտագործում էր նավերի վրա թմրանյութեր բարձելու համար։
Մադուրոյի ձերբակալության մասին տեղեկացված անձանցից մեկն ասել է, որ դա գործակալության և զինվորականների սերտ համագործակցության արդյունքն էր և պահանջել է «ամիսներ տևած մանրակրկիտ պլանավորում»։
Ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ ԿՀՎ-ն և հատուկ գործողությունների վերլուծաբանները գործողության պլանավորման հենց սկզբից «հետևել են» Մադուրոյին, ինչը նշանակում է, որ իմացել են նրա գտնվելու ստույգ վայրը։
Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծում է պարբերականը, թեև ԿՀՎ-ն վճռորոշ դեր է խաղացել գործողության պլանավորման և իրականացման գործում, առաքելությունն ավելի շատ ԱՄՆ զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի իրավապահ գործողություն էր, այլ ոչ թե գործակալության ղեկավարությամբ իրականացված օպերացիա։
