Այրոց, ստամոքսի ցավ, փորկապություն. Ե՞րբ է խանգարվում ստամոքսը, որո՞նք են պատճառները
Ստամոքսի խանգարումը, որը նաև կոչվում է մարսողության խանգարում կամ դիսպեպսիա, որովայնի վերին հատվածում անհանգստության կամ դիսկոմֆորտի զգացում է։ Ո՞ր դեպքում է առաջանում ստամոքսի խանգարում, որքանո՞վ կապ ունեն այրոցը, փորկապությունը: Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի գաստրոէնտերոլոգ Աստղիկ Խաչատրյանի հետ:

– Ի՞նչն է հանդիսանում ստամոքսի խանգարման պատճառ, ո՞ր գանգատներն են հուշում դրա մասին:
– Ընդհանրապես ստամոքսի խանգարումն ավելի ժողովրդական հասկացություն է և գաստրոէնտերոլոգիայում նման ախտորոշում գոյություն չունի, բայց այս արտահայտության ներքո հասկանում ենք ստամոքս-աղիքային համակարգի բոլոր գանգատները՝ սկսած բերանի խոռոչի թթվահամից, այրոցից, ստամոքսի ցավից, վքնածությունից մինչև փորկապություն:
– Գազավորված ըմպելիքը, ճարպոտ սնունդը կարո՞ղ է ստամոքսի խանգարման պատճառ հանդիսանալ:
– Այո, մեկանգամյա խանգարումներ կարող են լինել ցանկացած սնունդից, և մարդը կարող է ունենալ ցավ ստամոքսում, վքնածություն, սրտխառնոց, փսխում, բայց դրանք կարճ պետք է տևեն, որպեսզի համարենք ստամոքսի խանգարում, բայց, եթե նման գանգատներն ավելի երկար են տևում, ապա կարող ենք գործ ունենալ քրոնիկ սրացումների հետ, պարզապես նման ուտելիքից կարող է սրվել այդ խնդիրը, և դա համարենք ստամոքսի խանգարում՝ կախված ուտելիքից:
– Այրոցը որքանո՞վ կապ ունի ստամոքսի խանգարման հետ:
– Մեկանգամյա այրոցը և, ընդհանրապես շաբաթվա, ամսվա մեջ մի քանի անգամ այրոց ունենալը նորմալ է՝ կախված նրանից, թե ինչ ես կերել ու ինչպիսին է նյարդահոգեբանական վիճակը: Սակայն,եթե այրոցը երկարատև է, ուտելուց հետո կամ դրանից առաջ, ապա, այո՛, գործ ունենք իրական այրոցի հետ, որի պատճառները բազմազան են՝ սկսած կերակրափողի փականի խանգարումից մինչև նյարդաբանական վիճակ, այսինքն՝ ֆունկցիոնալ այրոցներ:
Այրոց կարող է առաջանալ թե՛ կարմիր մթերքներից, թե՛ ալկոհոլից, թե ՛ հիստամինի մեծ աղբյուր հանդիսացող պանրամթերքից՝ հատկապես հնեցված պանիրներից: Այն բորբոքային միջնորդանյութ է և կարող է այրոցի պատճառ դառնալ:
– Անվտա՞նգ է այրոցի ժամանակ օգտագործվող ցավազրկող դեղորայքը:
– Եթե խոսքը ոչ ստերոիդ ցավազրկողների մասին է, ապա բացարձակ չի կարելի, դրանք խորացնում են խնդիրները և վնասում ստամոքսին: Իսկ, եթե խոսքը «Օմեպրազոլ»-ի և այդ շարքի դեղերի մասին է, ապա եթե մեկ կամ երկուանգամյա այրոց է, կարող են հանգիստ օգտագործել:
– Ոմանք զբաղվում են սոդայաբուժությամբ. օգո՞ւտ է, թե՞ վնաս:
– Սա շատ նուրբ թեմա է: Սոդան օգտագործվում է, օրինակ, երիկամի և միզուղիների որոշ հիվանդությունների ժամանակ՝ բժշկի ցուցմամբ: Բայց եթե ձեռքի տակ դեղեր չկան՝ մեկ անգամ սոդայի օգտագործումը՝ հանգիստ վիճակում, խնդիր չի առաջացնում: Թարմ կարտոֆիլից քամած հյութը ևս կարող է օգնել:
– Ստամոքսի թթվայնությունը նվազեցնո՞ւմ են կտավատի սերմը, բրնձի ջուրը կամ շիլան:
–Կտավատի սերմը եթե խաշում ենք և լորձանման զանգված է դուրս գալիս, այո, կարող է թեթևացնել այրոցը, իսկ բրնձի ջրի մասին չունեմ հստակ ինֆորմացիա, դրա համար չեմ կարող որևէ խորհուրդ տալ:
– Այրոցը կապ ունի՞ փորկապության հետ:
– Կապ չունի, պարզապես ստամոքսաղիքային խանգարումները կարող են սկսվել այրոցով և շարունակվել փորկապությամբ: Այսինքն, կարող է լինել մի քանի համակցված խնդիր, իսկ փորկապության պատճառներն են՝ բջջանքի քիչ օգտագործումը, կենսակերպը, ճարպակալումը, տարիքը, ֆունկցիոնալ փորկապությունը՝ կապված աղիի կծկման, թուլացման, տարիքի հետ աղիների իջեցման հետ: Փորկապության պատճառ կարող է հանդիսանալ նաև նորմայից երկար աղին:

– Հաստ և ուղիղ աղին շրջապատող նյարդերի հետ կապված խնդիրները կարո՞ղ են առաջացնել փորկապություն:
– Դա լինում է նյարդաբանական մի շարք հիվանդությունների ժամանակ՝ տարիքի հետ կապված: Մեծ տարիքի մարդիկ ունենում են նյարդամկանային թուլություն, աղիների, ստամոքսի հետ կապված խնդիրներ, և դա կարող է հանգեցնել փորկապության:
– Վահանաձև գեղձի խնդիրները, դեպրեսիան հանգեցնո՞ւմ են փորկապության:
– Հիպոթիրեոզը կարող է բերել փորկապության:
– Ո՞ր դեպքում է փորկապությունը քրոնիկ համարվում:
– Քրոնիկ է համարվում այն փորկապությունը, որը 6 շաբաթից ավելի է տևում: Պետք է անպայման դիմել բժշկի, քանի որ կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, օրինակ, պոլիպների առաջացման, հաստ աղու բորբոքման, միկրոֆլորայի խնդիրների:
– Փորկապության ժամանակ խորհուրդ են տալիս 1 կգ-ից ավելի միրգ ու բանջարեղեն ուտել, և հարցը կլուծվի, այդպե՞ս է:
– Նման ինֆորմացիան խիստ սխալ է: Մեր բջջանքը պետք է կարգավորվի ափսեի քանակով: Ամեն ինչից պետք է լինի մեր ափսեում: Եվ, իհարկե, մեծ տեղ ունի ֆիզիկական ակտիվությունը: Եթե ուտենք բավարար բջջանք, բայց չունենանք բավարար ֆիզիկական ակտիվություն, դա ևս կարող է խնդիր առաջացնել:
– Տարիքի հետ մարսողական ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
– Այո, տարիքը մարսողական խանգարումների կամ հիվանդությունների ռիսկ է: Տարիքի հետ մեր իմունիտետն ավելի վատ է դառնում, թուլանում են ստամոքս-աղիքային համակարգի մկանները, դրանց նյարդավորումը, փոխվում է աղիների միկրոֆլորան դեպի վատը, և այս ամենը բերում է տարբեր խնդիրների: Տարիքով մարդկանց խորհուրդ եմ տալիս հետևել սննդին, օգտագործել նորմալ քանակի բանջարեղեն, քայլել, բավարար չափով ջուր օգտագործել:
Նշեմ, որ մեծահասակները հիմնականում գանգատվում են փորկապությունից, այրոցից, հաստ աղու ցավից:
