Թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու դեպքում գնաճ չի սպասվում. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Թուրքիայից ոչ բոլոր ապրանքների ներմուծումն է հունվարից սահմանափակվելու. սահմանափակվելու են վերջնական սպառման ապրանքները։

«Համապատասխանաբար՝ այն կազմակերպությունները, որոնք իրենց արտադրությունները կազմակերպելու ընթացքում օգտագործում են որոշ չափով նաև թուրքական ծագման ապրանքներ, ապա  հնարավորություն կունենան ավելի երկար ժամանակով դիտարկել և շարունակել ներկրել՝ իրենց արտադրության բնականոն ընթացքը չխաթարելու համար։ Իսկ վերջնական ապրանքների համար մենք առանձին վերցված նշել ենք, որ դեպքեր կան, որ դրանք հարևան Իրանն է, դեպքեր կան, որ եվրոպական երկրներն են, որոշ դեպքերում՝ ԵԱՏՄ երկրները։ Վստահեցնում եմ, որ մեր ձեռնարկատերերը բավականին երկար ժամանակ լինելով այդ բիզնեսում, բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են դրանց այլընտրանքային շուկաները։ Նաև տեղեկացնեմ, որ այդ որոշման վերաբերյալ արդեն հայտարարվել է մի քանի շաբաթ առաջ, և այս ընթացքում չի եղել որևէ դեպք, որ որևէ ձեռնարկատեր դիմի մեզ և ասի, թե այս կամ այն ապրանքը որտեղից պետք է ներկրի։ Նշանակում է՝ իրենք գիտեն։ Մենք նաև ասել ենք, որ, եթե կլինեն փոքր բիզնեսներ, որոնք այդ հարցում խորհրդատվության կարիք կունենան, ապա մենք նշանակել ենք համապատասխան մասնագետների խումբ, ովքեր կլսեն, կօգնեն, որպեսզի գտնվեն համապատասխան տեղեկություններ, և նպաստեն, որ այդ բիզնեսները վերակառուցելու ընթացքում մարդիկ առնչվեն հնարավորինս քիչ խնդիրների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Խաչատրյանը։

Ըստ նախարարի, տնտեսվարողներին արդեն ասել են, որ խնդիրների բնույթը հասկանալուց հետո, կարող են արձագանքել, այսինքն, երբ խնդիրը պարզ դառնա, նկարագրվի և չափման ենթարկվի, որոշում կկայացվի, թե ինչպիսի աջակցություն ցուցաբերեն, որպեսզի մարդկանց հարցերն ավելի ճիշտ ձևով լուծվեն։

«Վստահեցնում եմ՝ ցանկացած ապրանքային սեգմենտում մեկ շուկայից ձեռքբերում կատարելը երբեմն այնքան մոտ է գնային առումով, որ այդպես կտրուկ անցում, որ այստեղից եթե անցնեն մյուս շուկա, էապես է փոխելու իրենց ծառայությունների ծախսերը՝ չի լինելու։ Այսինքն՝ շատ դեպքեր կան, որ մարդիկ ուղղակի սովոր են աշխատել այդ ուղղությամբ, բայց հենց իրավիճակը փոխվում է, նրանք այլ շուկաների ուսումնասիրություն են կատարում, և չեմ բացառում, որ այդ ուսումնասիրությունն իրենց համար հետաքրքիր անակնկալ բացահայտի։ Այսինքն՝ բացահայտեն, որ նույն տիպի բիզնեսով կարող են զբաղվել այլ շուկաներից ներկրելով՝ ունենալով բարձր շահույթներ։ Ես օրեր առաջ էլ եմ ասել, որ գնաճ չի կարող լինել մեկ պարզ պատճառով, մեր գնահատականները վկայում են, որ այդ վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից տարեկան՝ առ այսօր 50 մլն դոլար արժեքով չէին գերազանցում, մենք 5 մլրդ-ը գերազանցող ներմուծումներ ունենք»,- հավելեց Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նաև շեշտեց, որ  ցիտրուսային մրգերը, որոնք մինչև այժմ ներկրվում էին Թուրքիայից, կբերվեն Իրանից, Եգիպտոսից, Թունիսից և այլ երկրներից։

Տեսանյութեր

Լրահոս