Օդում կախված 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արդյունքում՝ դեռևս չկառուցված հանքային ջրերի արտադրության ու շշալցման գործարան

2018թ․ ապրիլին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, թե չինական Yida GROUP միջազգային ներդրումային հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ New Yida ընկերությունը 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կկատարի Հայաստանում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նույն՝ 2018 թվականից էլ Հայաստանում արդեն պետք է  գործեր հանքային ջրերի գործարանը։

2018 թվականի ապրիլի 20-ին  է ստորագրվել հուշագիրը Business Armenia (BA) աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանի և Yida GROUP ներկայացուցչության գործադիր տնօրեն Լուո Գանգի (որոշ աղբյուրներում՝ Լուո Հոնգի) միջև, ինչից հետո Հայկ Միրզոյանը հայտարարել էր, թե արտադրության մեկնարկը նախատեսված է տալ 2018թ․ աշնանը:

Նշենք, որ հանքային ջրերի արտադրության ու շշալցման գործարանի ստեղծմամբ նախատեսվում էր ստեղծել թվով 50 նոր աշխատատեղ, որտեղ  մեծամասնությունը պետք է կազմեին ՀՀ քաղաքացիները: Բացի այդ, Չինաստանից 15 մասնագետներ պետք է ներգրավվեին վերապատրաստման և անձնակազմի զարգացման գործում: Ողջ արտադրանքը նախատեսվում էր արտահանել չինական շուկա, որ «Չինաստանում իմանան, որ Հայաստանում կա բարձրորակ հանքային ջուր»:

2018 թվականի աշնանը փաստացի հանքային ջրի գործարանի արտադրության մեկնարկը չի տրվել:

2018 թվականի նոյեմբերի 26-ին, 2019 թվականի հունվարի 11-ին, 2019 թվականի փետրվարի  22-ին, ապա նաև՝ 2019 թվականի մարտի 25-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում չորս անգամ իրականացվել են հանրային լսումներ Կաթնաղբյուրի վարչական ղեկավար Արթուր Սավթալյանի, «Նյու Իդա» ՍՊԸ տնօրեն Լուո Գանգի, ընկերության իրավաբան Արսեն Թավադյանի, Ստեփանավան համայնքի ավագանու, ինչպես նաև տեղի բնակիչների մասնակցությամբ:

2019 թվականի մայիսի 23-ին՝ կառավարության հերթական նիստում, այդ ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նիստի օրակարգում ընդգրկված 17-րդ հարցով կառավարությանը խնդրել էր հավանություն տալ ներդրումային ծրագրին և համաձայնություն տալ «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն:

Նախագծով կառավարությունը հավանություն էր տվել ուղղակի վաճառքի միջոցով 2,7 հա հողամասը օտարելու մասին որոշմանը։  Կառավարության այդ նիստում Սուրեն Պապիկյանը նաև հայտնել էր, որ ընկերությունն արդեն ձեռք է բերել 1,3 հա տարածքով հողատարածք Ստեփանավան քաղաքում գործարան կառուցելու համար: 2,7 հա հողատարածքի գնմամբ, ինչպես նշել էր Պապիկյանը, կապահովվի նախագծի լիարժեք իրականացումը: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը սահմանվել էր շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ ծրագրի իրականացման ժամկետը՝ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո՝ 18 ամիս:

Կառավարության նիստում ներկայացրած նախագծով սահմանված են աշխատանքների կատարման ստույգ ժամկետները, մասնավորապես նշված էր, որ շինարարությունը պետք է կատարվեր 2019 թվականի 3-րդ եռամսյակում, իսկ արտադրության մեկնարկը պետք է տրվեր 2020 թվականի առաջին եռամսյակում:

Կառավարության նիստից անցել է 18 ամիս, արտադրության մեկնարկի համար նշվող ժամանակահատվածից էլ՝ մոտ 8 ամիս, սակայն Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր վարչական շրջանում անգամ գործարանի շենքի հիմքը չկա:

Կաթնաղբյուր համայնքի վարչական ղեկավար Արթուր Սավթալյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ամիսներ շարունակ այդ ուղղությամբ համայնքում ոչ մի աշխատանք չի կատարվել:

«Քանի ամիս ա՝ էդ ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում: Էս կորոնավիրուսի հետ կապված՝ էդ չինացի ներդրողները չկան էլ, ինչքան ժամանակ է՝ չկան»,- ասաց Արթուր Սավթալյանը:

Իսկ մինչև կորոնավիրուսի համավարակի տարածումն ի՞նչ աշխատանք է կատարվել, հարցրեցինք Կաթնաղբյուրի վարչական ղեկավարին։ Մեր հարցին ի պատասխան՝ Արթուր Սավթալյանը սկսեց հերթով թվարկել՝ հողահատկացում, լսումներ, ուսումնասիրություն և, փաստորեն, միայն այդքանը:

«Մինչ այդ հողահատկացում էր եղել: Դե, մինչև հողահատկացում լինելը հանրային լսումներ էր կազմակերպվել, շրջայցեր են եղել, ՇՄԱԳ-ից մասնագետներ էին եկել, ուսումնասիրել էին, այդ  հանրային լսումները արվել էր, հետո հողահատկացում էր եղել, ու պիտի աշխատանքները սկսվեին, ու էս կորոնավիրուսն ամեն ինչ խառնեց իրար:  Կորոնավիրուսն արդեն մարտ ամսից էր, էլ դրանց գալ-գնալ, էդ մասնագետների… աշխատանքները սկսելու վրա էր, ու էդ կորոնավիրուսը խանգարեց»,- ասաց Արթուր Սավթալյանը:

Համայնքի վարչական ղեկավարի խոսքով՝ թե՛ կատարված լսումները, թե՛ առօրեական խոսակցությունները ցույց են տվել, որ համայնքի բնակիչները բավական լավ են տրամադրված եղել նախագծին:

«Հաստատ շատ նորմալ էին տրամադրված, ահագին ներդրումներ էր արվելու, աշխատատեղեր էր ստեղծվելու: Խոսակցություն կար, որ գյուղի ճանապարհների նորոգման համար ինչ-որ սուբվենցիոն ծրագրում իրենք պետք է ներդրում ունենային: Ահագին դրական էմոցիաներ կար, դրական տրամադրվածություն կար, էդ հանրային լսումներից էլ էր պարզ դառնում: Ու խոսակցություններն էլ, նորմալ ընդունվում էր, դրական ընդունվում էր»,- հավելեց Կաթնաղբյուր համայնքի վարչական ղեկավարը:

168.am-ը նաև կապ հաստատեց Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Ռոստոմ Քոչարյանի հետ: Նա էլ պնդեց, թե համավարակով պայմանավորված՝ ներդրողները Հայաստանում չեն:

«Ոնց որ գործընթացը կանգնած է: Պարզապես մեր հանրապետությունից դուրս են, իրանք չեն գալիս, դրա պատճառով դեռ գործընթացը կանգնած ա»,- ասաց Ռոստոմ Քոչարյանը:

Ստեփանավանի համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով՝ ներդրողներն են իրենց ասել, որ այս դադարը պայմանավորված է կորոնավիրուսով: Փորձեցինք պարզել, թե արդյո՞ք համավարակի ընթացքում առցանց քննարկում տեղի ունեցել է, հստակեցվե՞լ են ժամկետներ, թե երբ են սկսելու աշխատանքները:

«Կոնկրետ ինձ հետ չի եղել, քաղաքապետի հետ գուցե եղել ա, ես տեղյակ չեմ: Հայտնի չէ, թե երբվանից կվերսկսվի: Դա երևի թե վիրուսի հետ ա կապված»,- ասաց Ռոստոմ Քոչարյանը:

Այն, որ կորոնավիրուսը կարող էր խաթարել նախատեսված քայլերը, հասկանալի է բոլորի համար: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ անգամ մինչև կորոնավիրուսի Հայաստան «մուտք գործելն ու տարածվելն» այս գործարանի կառուցման ու շահագործման առումով ոչինչ չի արվել: Մինչդեռ հենց 2020 թվականի առաջին եռամսյակում պետք է տրվեր արտադրության մեկնարկը: Ինչո՞ւ հարցի պատասխանը ստանալ մեզ դեռևս չի հաջողվել:

168.am-ը փորձեց նաև կապ հաստատել Business Armenia ընկերության և ընկերության աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանի հետ: Հենց Հայկ Միրզոյանի հետ էր Yida GROUP ներկայացուցչության գործադիր տնօրեն Լուո Հոնգը 2018 թվականի ապրիլի 20-ին հուշագիր ստորագրել: Business Armenia ընկերության պաշտոնական կայքում նշված ոչ մի հեռախոսահամարով  զանգել կամ դրանց արձագանք ստանալ չհաջողվեց:

Փորձեցինք նաև կապ հաստատել «New Yida» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ: Որևէ տվյալ չգտնելուց հետո կապ հաստատեցինք ընկերության իրավաբան Արսեն Թավադյանի հետ, որը նշեց, թե լիազորված չէ լրագրողների հարցերին պատասխանել: Թավադյանն ընկերության ներկայացուցիչների այլ կոնտակտային տվյալ չտվեց, փոխարենը՝ խոստացավ մեր տվյալները փոխանցել ներկայացուցիչներին, որոնք էլ, եթե անհրաժեշտ համարեն, կապ կհաստատեն մեզ հետ:

Հանքային ջրերի արտադրության ու շշալցման գործարանի, դրա չգործարկման պատճառների ու հետագա քայլերի մասին պարզաբանումներ ենք խնդրել նաև Կառավարությունից: Պարզաբանումներ ստանալուն պես կտեղեկացնենք հանրությանը:

168.am-ը կփորձի նաև կապ հաստատել Yida GROUP միջազգային ներդրումային հոլդինգի հետ՝ պարզաբանումներ ստանալու համար: Դրանք ստանալուն պես նույնպես  կներկայացնենք հանրությանը:

Տեսանյութեր

Լրահոս